ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ. ԻՍՐԱՅԵԼԻ ՄՈԴԵԼԸ.Հայկ Քոթանջյան


ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ. ԻՍՐԱՅԵԼԻ ՄՈԴԵԼԸ.Հայկ Քոթանջյան

  • 07-09-2015 14:31:48   | Հայաստան  |  Հարցազրույցներ

Հետևելով Հայաստանում Սահմանադրական վերափոխումների շուրջ ծավալված բանավեճին՝ մենք օգտակար համարեցինք երեք գիտական գործուղումների արդյունքներով հարցազրույց վերցնել Հայաստանի Պաշտպանության նախարարության Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի ղեկավար, քաղաքական գիտությունների դոկտոր, քաղաքագիտության պրոֆեսոր, գեներալ-մայոր Հայկ Սարգսի Քոթանջյանից՝ նրան խնդրելով ներկայացնել խորհրդարանական հանրապետության իսրայելական մոդելը՝ անվտանգության քաղաքականության արդյունավետության տեսանկյունից:
 
Պարո´ն Գեներալ, Ձեր կարծիքով ո՞րն է այն դասերի նմանությունը, որոնք հայ և հրեա ժողովուրդները քաղեցին քսաներորդ դարում իրենց վերապրած ազգային աղետներից:
 
Իմ կարծիքով, Առաջավոր Ասիայում և Մերձավոր Արևելքում քաղաքակրթական համակարգերի ձևավորման այս երկու հնագույն մասնակիցների ակնբախ ինքնօրինակությամբ հանդերձ նրանք նման են այն քաղաքական դասերի առումով, որոնք քաղել են իրենց ազգային աղետներից՝ քսաներորդ դարի երկու համաշխարհային պատերազմներում վերապրած Հայոց ցեղասպանությունից, որը տեղի ունեցավ Օսմանյան կայսրությունում, և Եվրոպայի հրեաների Ցեղասպանություն-Ողջակիզումից: Այդ երկու ժողովրդին լրիվ բնաջնջման եզրին հասցրած համաշխարհային պատերազմների ավարտից հետո նրանք ազգային աղետներին պատասխանեցին իրենց հինավուրց բազմահազարամյա պետականության մշակույթի վերածնունդով և անկախ ազգային պետությունների՝ Հայաստանի Հանրապետության և Իսրայելի Պետության ստեղծմամբ: Այս երկու վերստեղծված ազգային պետությունների նմանության մեկ այլ կարևոր հատկանիշը այն է, որ և´ Հայաստանի Հանրապետությունը 1918 թ., և´ Իսրայելի Պետությունը 1948թ. հռչակվեցին որպես խորհրդարանական հանրապետություններ:
Հարգելի´ Պրոֆեսոր, ինչպե՞ս կգնահատեիք Իսրայելի ազգային անվտանգության համար գոյություն ունեցող սպառնալիքները և պետական իշխանության խորհրդարանական մոդելի արդյունավետությունը Իսրայելի Պետության անվտանգության և կայուն զարգացման երաշխավորված քաղաքական ապահովման տեսակետից:
Իսրայելի Պետության անվտանգության դեմ ուղղված սպառնալիքները իրենց մակարդակով չեն զիջում Հայաստանի Հանրապետության անվտանգության համար առկա սպառնալիքներին. Իսլամական պետությունների մեծ մասը Իսրայելի գոյությունը համարում է անօրինական (Իսրայելը ճանաչել են միայն Եգիպտոսն ու Հորդանանը) և անթաքույց կերպով հայտարարում է, որ անհրաժեշտ է այն վերացնել: Նրանց քաղաքականությունը, ինչպես նաև արմատական Իսլամի՝ իրենց կողմից ձեռնածությունների ենթարկվող ոչ պետական դերակատարների գործունեությունը Իսրայելի Պետության գոյության համար արտաքին և ներքին սպառնալիքներ են: Իսրայելի Պետության գոյության օրինականությունը կասկածի տակ են դնում նաև ՈՒղղափառ Հուդայականության ծայրահեղականները (նրանց համար ղեկավարը Արարիչն է, և ուրիշ ոչ ոք չի կարող իշխել հրեա ժողովրդի վրա):
Իսրայելի քաղաքական-անվտանգային ոլորտի վերլուծաբանները առանձնացնում են ռազմավարական խոցելիության երեք բաղադրատարր, որոնք պայմանավորում են Իսրայելի գոյության համար սպառնալիքը, և որոնք պետության Ազգային անվտանգության ռազմավարության մեջ դիտվում են որպես տրվածություն. 1. Արաբական (իսլամական) պետությունների հսկայական ժողովրդագրական գերազանցությունը, 2. Ռազմավարական խորություն չլինելու պատճառով սահմանների խոցելիությունը (Իսրայելի տարածքի լայնությունը որոշ հատվածներում չի հասնում անգամ 15 կիլոմետրի), 3. Տևական կոշտ հակամարտությունում հակառակորդին զսպելու անհրաժեշտությունը, որի համար պահանջվում են պաշտպանական կարիքներով կատարվող հսկայական ռեսուրսների ներդրումներ. 1947 – 1949 թթ.՝ Անկախության պատերազմ, 1956 թ.՝ Սուեցի պատերազմ, 1967 թ.՝ Վեցօրյա պատերազմ, 1967 – 1970 թթ.՝ Հյուծման պատերազմ, 1973 թ.՝ Դատաստանի օրվա պատերազմ, 1982 – 2000 թթ.՝ Առաջին Լիբանանյան պատերազմ, 1991 թ.՝ Իսրայելի մասնակցությունը Պարսից ծոցի պատերազմին, 2006 թ.՝ Երկրորդ Լիբանանյան պատերազմ, 2008 – 2009 թթ.՝ «Ձուլածո արճիճ» (Պատերազմ Գազայում): Ներքաղաքական հակամարտությունների լուծման, ինչպես նաև արտաքին սպառնալիքների հաջող հետմղման գործիքակազմը խորհրդարանականության իսրայելական մոդելում իր արդյունավետությունն ապացուցել է 67 տարի շարունակ. յուրաքանչյուր գումարման Կնեսետի գործունեության չորսամյա տևողության պայմաններում Իսրայելի գոյության ընթացքում կենսագործունեության միջին տևողությունը բավականաչափ մեծ է՝ կազմելով 3,5 տարի: Տվյալ դեպքում քաղաքական ճգնաժամների կառավարման արդյունավետության պատճառը իսրայելական խորհրդարանական մոդելի համակարգայնությունն է. մոդելը արտացոլում է ինչպես Իսրայելում, այնպես էլ ընդհանուր առմամբ Համաշխարհային հրեության համակարգում հրեական ժողովրդի ազգային անվտանգության և կայուն զարգացման ռազմավարական շահերը: 
Պարո´ն Պրոֆեսոր, Դուք՝ որպես քաղաքական հաստատությունների և ազգային անվտանգության ոլորտում տեղի ունեցող գործընթացների քաղաքագետ-հետազոտող, կարո՞ղ եք հակիրճ կերպով ներկայացնել իշխանության խորհրդարանական մոդելի էությունը՝ գլխավոր դերակատարների և համապետական մասշտաբի որոշումների ընդունման ու իրագործման արդյունավետության տեսակետից:
Առաջին հերթին հարկ է նշել, որ Իսրայելի Պետության հիմնադիր հայրերը, արձագանքելով Ցեղասպանություն-Ողջակիզմանը, հենվելով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի որոշման վրա, եկան այն համոզմանը, որ Իսրայելի Պետությունը ինչպես Սիոնի հողում բնակվող հրեաների, այնպես էլ ընդհանրապես Համաշխարհային հրեության համար անվտանգ ապաստան ու առաջադիմական կայուն զարգացման փարոս դառնալու համար պետք է ստեղծվի որպես արդյունավետ կերպով գործող ժողովրդավարություն: Եվ այսօր Իսրայելի Պետությունը իրավամբ Մեծ Մերձավոր արևելքում միակ արդյունավետ կերպով գործող ժողովրդավարությունն է, ինչպես նաև ամբողջ Համաշխարհային հրեության համար կայուն ժողովրդավարական զարգացման փարոս:
Տվյալ խորհրդարանական մոդելում բացառիկ կարևորություն ունի անկուսակցական Նախագահի քաղաքական դերը: Նա, ընտրված լինելով Խորհրդարանի՝ Կնեսետի կողմից և կատարելով պետության Գլխի ծիսաարարողական դեր, օժտված է ռազմավարորեն կարևոր քաղաքական լիազորություններով: Նախագահը Խորհրդարան ընտրված պատգամավորներից առաջարկում է Վարչապետի թեկնածությունը՝ հանձնարարելով Կառավարության ձևավորման հարցով բանակցություններ վարել խորհրդարանական կուսակցությունների հետ:
Իսրայելի Վարչապետը Խորհրդարանի կողմից իր գլխավորած Կառավարության հաստատումից հետո դառնում է Իսրայելի Պետության ազգային անվտանգության ու կայուն զարգացման երաշխավորման պետական կենտրոն: Ստանալով Նախագահի առաջարկությունը՝ նա նախքան Կառավարության հաստատումը խորհրդակցում է այն կուսակցությունների հետ, որոնք կարող են աջակցել իր Կառավարությանը, և պարզում է նրանց ինչպես քաղաքական, այնպես էլ նախարարական և այլ գերատեսչական նշանակումների հարցերում առաջ քաշած պահանջները: Կուսակցությունների հետ ունեցած խորհրդարկումների արդյունքներով կազմվում է Կոալիցիան և մշակվում է նրա Ծրագիրը՝ որպես Կոալիցիայի քաղաքական ռազմավարությունը կազմող փոխհամաձայնեցված կողմնորոշիչների համախումբ: 
Կոալիցիայի կուսակցությունների հետ Վարչապետի բանակցությունների հիման վրա որոշում է կայացվում Կառավարությունում նախարարական պաշտոնների բաշխման մասին: Նախարարական աթոռների բաշխման գործիքն է «նախարարական բանալին»՝ Կառավարությունում Վարչապետին աջակցող խորհրդարանական խմբակցությունների անդամների ընդհանուր թվի հարաբերությունը նախարարների թվին: Այն նախարարական պաշտոնների թիվը, որոնք պետք է ստանա յուրաքանչյուր խմբակցություն, որոշվում է որպես Կնեսետում այդ խմբակցության անդամների թվի և «բանալու» հարաբերություն: Ընդսմին առաջացող «մնացորդների» պրոբլեմը լուծվում է նախարարների տեղակալների և այլ պաշտոնատար անձանց նշանակման միջոցով: Կարևոր է նշել, որ այն հանգամանքը, որ նախարարների մեծ մասը և բոլոր փոխնախարարները Խորհրդարանի կազմից են, Վարչապետին տրամադրվում է խորհրդարանի քաղաքականության աջակցման և նրա որոշումների վրա Կառավարության ազդեցության համար լրացուցիչ ռեսուրս, հատկապես՝ Կառավարության օրենսդրական նախաձեռնությունների առաջմղման ժամանակ: Իսրայելի Կառավարությունում հնարավոր են նաև փոխվարչապետի պաշտոնի գոյությունը և պաշտոնների համատեղումը:
Հարգելի´ Պրոֆեսոր, ո՞րն է իշխանության խորհրդարանական մոդելի կիրառման դեպքում Իսրայելի յուրահատկությունը Կառավարության լեգիտիմության ապահովման և Կնեսետի կազմում Կառավարության անդամների գործունեության տեսակետից:
Այն, որ Վարչապետը և նախարարները ընտրվում են Խորհրդարանի անդամների թվից, հաստատում է ոչ միայն Վարչապետի, այլև ընդհանրապես Կառավարության լեգիտիմությունը: Կնեսետի հաստատումից հետո նախարարներն ստանում են վստահության քվե ոչ միայն «ներքևից»՝ ժողովրդից (mass support), այնպես էլ «վերևից»՝ Խորհրդարանից (elite support): Խորհրդարկումների արդյունքներով, համապատասխան հիմնավորման դեպքում, որպես նախարարի թեկնածու կարող է անհրաժեշտության դեպքում առաջ քաշվել նաև ոչ Խորհրդարանի անդամ (սովորաբար ազդեցություն ունեցող մասնագետ): Կնեսետի անդամներից ընտրված նախարարի խորհրդարանական գործունեությունը ունի որոշակի սահմանափակումներ. նա չի կարող հանդես գալ խորհրդարանական հարցապնդումներով, որպես պատգամավոր առաջ քաշել իր օրինագծերը, քվեարկել հօգուտ Կառավարության, անվստահության քվե արտահայտել, լինել Կնեսետի հանձնաժողովների անդամ: Երբեմն նախարարը, ստանձնելով իր պաշտոնը, հրաժարվում է պատգամավորական մանդատից, սակայն նրա կուսակցությունը (կոալիցիան) չի կորցնում այդ տեղը, քանի որ այն զբաղեցնում է կուսակցական ցուցակներում գրանցված առաջին հաջորդը:
Ի տարբերություն այլ պետությունների պրակտիկայից, Իսրայելում փոխնախարարը քաղաքական դեմք է: Մասնավորապես, ըստ օրենքի նա պարտավոր է լինել Կնեսետի անդամ (հիշեցնենք, որ նախարարի վրա նման անվերապահ պահանջը չի տարածվում), և նրա գործառույթներից է նաև Կնեսետի հետ նախարարության կապի ապահովումը: Փոխնախարարի նշանակումը և պաշտոնանկությունը ոչ թե նախարարի, այլ Վարչապետի առանձնաշնորհն են (թեև չեն կարող կատարվել առանց նախարարի համաձայնության): Այդ մասին Կառավարությունը, թեև Խորհրդարանի թույլտվությունը չի պահանջվում, հայտնում է Կնեսետին: Հարկ է նշել, որ փոխնախարարի վրա տարածվում են այն խորհրդարանական սահմանափակումները, որոնք վերաբերում են նախարարներին:
Հարգելի՛ Գեներալ, բարի եղեք համառոտակի ներկայացնել Իսրայելի Պետության խորհրդարանական իշխանության համակարգում Ազգային անվտանգության խորհրդի տեղն ու դերը:
Իսրայելի Պետության ԱԱԽ-ը Կառավարության իշխանության այն հատուկ գործիքն է, որը կատարում է Իսրայելի ազգային անվտանգության ու կայուն զարգացման ապահովման գծով միջգերատեսչական քաղաքականության մշակումն ու համադասումը: Վարչապետի նախագահությամբ գործող այդ հատուկ մարմնի գործունեությունը համադասում է ԱԱԽ-ի Քարտուղարը, որը նշանակվում է բարձրագույն որակավորում ունեցող անկուսակցական մասնագետների թվից, և որի գործունեությունը հրապարակման ենթակա չէ: 
Ազգային անվտանգության միջգերատեսչական քաղաքականությունը, որը արտաքին քաղաքականության ու անվտանգության ռազմավարական հարցերով մշակում է Իսրայելի Վարչապետի նախագահած ԱԱԽ-ը, անհապաղ կերպով իրականացնում է Վարչապետը՝ գործելով իր ղեկավարած Անվտանգության կաբինետի (Նեղ կաբինետ) միջոցով, որն օժտված է անհրաժեշտ լիազորություններով ու ռեսուրսներով:
Պարո՛ն Քոթանջյան, ինչպե՞ս եք վերաբերվում Հայաստանի Հանրապետության Սահմանադրության նախագծի՝ որպես պետական իշխանության խորհրդարանական մոդելին անցմամբ սահմանադրական վերափոխման հիմքի նախապատրաստման ու քննարկման ժամանակ իսրայելական մոդելի ու փորձի կիրառմանը:
Անշուշտ, սխալ կլիներ ոչ քննադատաբար պատճենել Իսրայելի փորձը, և Սահմանադրության նախագծի մշակման գծով պետական հանձնաժողովը իրեն դա թույլ չի տվել: Որպես իսրայելական փորձի ինքնատիպության օրինակ կարող ենք նշել, որ Իսրայելում իշխանության խորհրդարանական մոդելը հաջողությամբ գործում է այն պայմաններում, երբ Իսրայելի Պետությունը չունի Սահմանադրություն: Իշխանության համակարգի և պետական հաստատությունների քաղաքական գործունեության իրավական կարգավորումը իրագործվում է հիմնական օրենքների համակարգի միջոցով:
Իսրայելի խորհրդարանական մոդելում, երբ իշխանությունը (ղեկավարման-կառավարման լիազորությունների և ռեսուրսների) կենտրոնացված է Վարչապետի՝ իշխող միջկուսակցական կոալիցիայի ղեկավարի ձեռքում (անկուսակցական Նախագահի դերի սահմանափակմամբ ծիսաարարողական գործառույթներով), ազգային անվտանգության երաշխավորված ապահովման դասերի օգտագործումը պահանջում է պրագմատիկ հաշվարկներ՝ ՀՀ քաղաքական մշակույթի յուրահատկության սթափ հաշվառմամբ:
Հարգելի պրոֆեսոր Քոթանջյան, ի՞նչ կցանկանայիք նշել որպես ամփոփում:
Որպես ամփոփում ես կնշեի Իսրայելում խորհրդարանական մոդելի իրական ժողովրդավարականությունը, որը Իսրայելի Պետության ստեղծման ակունքներում արդեն իսկ նպատակաուղղված էր իշխանության բարձրագույն ներկայացուցչական մարմին կուսակցությունների անցման ցածր շեմով խորհրդարանի համամասնական ընտրությունների պայմաններում կուսակցական-քաղաքական համակարգի զարգացմանը: Միևնույն ժամանակ, Իսրայելի քաղաքական գործիչներն ու մասնագետները իրենց փորձը ամենևին էլ չեն համարում իդեալական: Հմուտ կերպով օգտագործելով հրապարակային և ծածուկ քննադատության գործիքները՝ նրանք աշխատում են թերությունների բացահայտման և դրանց հաղթահարման ուղղությամբ: Իսրայելում իշխանության խորհրդարանական մոդելի ժողովրդավարականությանը հատուկ է ժողովրդավարական հրեական պետության կատարելագործմանը նպատակաուղղված անընդհատ քննադատություններով, սխալների բացահայտմամբ և դրանցից դասերի քաղմամբ ուղեկցվող բազմակարծության և կուսակցական մրցակցայնության զարգացած քաղաքական մշակույթը:
Եվ իհարկե, անհրաժեշտ է շեշտել, որ Իսրայելի ժողովուրդը, գիտակցելով իր՝ որպես իշխանության գլխավոր աղբյուրի պատասխանատվությունը և օգտագործելով արդյունավետ ժողովրդավարության գործիքները, հնարավորություն ունի երաշխավորված իրավունքների և ազատությունների, ինչպես նաև Իսրայելի Պետության առջև քաղաքացիական պարտավորությունների սահմաններում անելու այն ամենը, ինչ անհրաժեշտ է, որպեսզի իր Խորհրդարան-Կնեսետի, ապա և Կառավարության կազմի մեջ ընտրվեն առավել արժանի ներկայացուցիչներ:
 
Նոյյան տապան  -   Հարցազրույցներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play