Հայաստանը մտադիր է միանալ ԵՄ Հորիզոն 2020 ծրագրին


Հայաստանը մտադիր է միանալ ԵՄ Հորիզոն 2020 ծրագրին

  • 08-09-2015 13:16:00   | Հայաստան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ

 

ՀՀ  կրթության և գիտության նախարարությունում հրավիրվել է  միջգերատեսչական աշխատանքային խորհրդակցություն, որտեղ քննարկվել է 2016 թվականի պետական բյուջեի գիտական և գիտատեխնիկական գործունեության ծրագրով բյուջետային հայտի առաջարկը: Խորհրդակցությունը  վարել է ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը, քննարկմանը մասնակցել են ՀՀ ԳԱԱ նախագահ Ռ. Մարտիրոսյանը, ՀՀ  ԿԳՆ գիտության պետական կոմիտեի նախագահ Ս. Հարությունյանը, շահագրգիռ պետական գերատեսչությունների ներկայացուցիչներ: 

 

Ներկայացնելով առաջարկը, գիտության պետական կոմիտեի նախագահ Ս. Հարությունյանը տեղեկացրել է, որ հիմնականում պահպանվել են նախորդ տարվա գիտական ծրագրերի գերակայությունները: Ընդհանուր առմամբ, գալիք տարվա բյուջեի նախագծով առաջարկվում է ոլորտին հատկացնել 14 մլրդ 400 մլն դրամ գումար: Քննարկման ընթացքում ներկայացվել են մտահոգություններ ու առաջարկություններ՝ ֆինանսավորման ծավալների առնչությամբ:   
2016 թվականի Գիտության ոլորտի հատկացումների աճը հիմնականում ուղղվելու է Եվրոպական Միության  Հորիզոն 2020  գիտական ծրագրի անդամակցության վճարի կատարմանը՝ ակնկալիքով, որ հետագայում Հորիզոն 2020-ի շրջանակում  ՀՀ գիտական համակարգը կընդգրկվի   դրամաշնորհային տարբեր  ծրագրերում՝ ապահովելով ֆինանսական հոսքեր գիտության ոլորտում   : 
Միջգերատեսչական հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել բյուջետային հայտին, որը  սահմանված կարգով կներկայացվի կառավարություն, որտեղ կընթանան հիմնական քննարկումները և հայտը, ստանալով  վերջնական տեսք կներկայցվի ԱԺ  քննարկմանը:
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ