Ֆիրդուսի բնակիչները նստացույց են անելու (Տեսանյութ)
10-09-2015 18:07:13 | Հայաստան | Հասարակություն
33-րդ թաղամասի՝ Ֆիրդուսի, Բուզանդի, Արամի փողոցի բնակիչները պատրաստվում են այսօրվանից նստացույց անել կառավարության շենքի մոտ: Բնակիչներն Aravot.am-ի հետ զրույցում ասացին, որ այլ ելք չունեն՝ բոլոր պաշտոնյաներն իրենց խոստումները դրժում են: Նշված տարածքները որպես հանրային գերակա շահ է ճանաչվել, բնակիչներին իրենց բնակարաններից հանել են, տները քանդել, այն ժամանակվա կառուցապատող «Գլենդել Հիլզ» ընկերությունը խոստացել էր այդ հատվածում կառուցվող շենքում բնակարաններ հատկացնել իրացման գոտու բնակիչներին: Սակայն վերջերս կառուցապատողը ֆինանսական խնդրի առաջ կանգնեց, սնանկացման հարց է դրված, ուստի բնակիչների տների ճակատագիրը «օդում կախված է»: Այսօր կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա անող բնակիչները զրույցում վստահեցրին, որ 2 օր առաջ հանդիպել են «Գլենդել Հիլզի» ղեկավարներից Էդիկ Միքայելյանի հետ, որն, ըստ էության, որևէ հույս չի տվել. «Էդիկի մոտ էինք գնացել, մարդը մեզ կուլտուրական, գյուղական ձեւով հանեց շպրտեց: Ասեց՝ գնացեք, ոչ տուն ենք տալու, ոչ փող ա լինելու, ոչ էլ բնակարանի վարձերը»: