Ֆինանսական աղբյուրների բազմազանեցումն առաջնային նշանակության խնդիր է. Ա. Աշոտյան


Ֆինանսական աղբյուրների բազմազանեցումն առաջնային նշանակության խնդիր է. Ա. Աշոտյան

  • 11-09-2015 17:11:30   | Հայաստան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ
 

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր  Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում ներկա է գտնվել շրջակա միջավայրի, ջրային պաշարների պահպանության և արդյունավետ օգտագործման հիմնհարցերի ուսումնագիտական լաբորատորիայի բացմանը: Միջոցառմանը մասնակցել են նաև Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ԱԺ կրթության, գիտության, մշակույթի և երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը, տարբեր բուհերի ռեկտորներ, համալսարանի ուսանողներ և դասխոսական  կազմի ներկայացուցիչներ: 

Հյուրերին համալսարանի բակում  նախ ներկայացվել է Trimble UX5  օդաչու սարքը, որը նախատեսված է  օդային տվյալների և նկարների արագ և անվտանգ հավաքագրման համար:
Այնուհետեև ՀՀ ԿԳ նախարարն ու մյուս հյուրերը շրջել են  ՃՇՀԱՀ նորաստեղծ լաբորատորիաներում և դիզայնի ստուդիայում, ծանոթացել կատարված աշխատանքներին և  նորոգված ու ժամանակակից տեխնիկական սարքավորումներով հագեցված ուսումնական լսարանների պայմաններին: Ռեկտոր Գագիկ Գալստյանը  ներկայացրել է նոր սարքավորումների հնարավորությունները, ինչպես նաև  համալսարանում կատարված հիմնանորոգման կապիտալ աշխատանքները, որոնք իրականցվել են ՀԲ Կրթության որակ և համապատասխանություն վարկային  երկրորդ ծրագրի շրջանակներում, ինչպես նաև ՀՀ կառավարության աջակցությամբ ու բուհի միջոցներով: Կարևորելով կատարված  աշխատանքը՝ ՀՀ ԿԳ նախարար Արմեն  Աշոտյանն իր խոսքում հատուկ ընդգծել է որ,  ՃՇՀԱՀ-ում կատարված աշխատանքը լավ նախադեպ է կառավարության,  վարկային ծրագրի և բուհի միջոցների համադրմամբ՝  կրթության և արտադրության համար առաջնային նշանակության տեխնոլոգիաներ ապահովելու տեսանկյունից : «Արդյունքում բուհն ապահովվել է ժամանակակից ենթակառուցվածքներով՝ համալսարանում  փաստացի բացվել է երեք ժամանակակից լաբորատորիա և  մեկ  դիզայն ստուդիա: Ընդհանրապես մեր բուհերի համար ենթակառուցվածքների զարգացումն առաջնային կարիք է  համարվում: Այդ է պատճառը, որ դեռևս երկու տարի առաջ մենք ծրագիր ենք մշակել՝ զարկ տալու այնպիսի ենթակառուցվածքների ներդրմանը, որոնք ամուր կապեր կստեղծեն կրթության և արտադրության միջև: Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում ներդրված  սարքավորումները, ինչպես տեսաք, կարող են շատ հանգիստ կիրառվել նաև արտադրության մեջ: Նպատակն այն է, որ ուսանողները ստանան ոչ միայն տեսական գիտելիքներ, այլ նաև ձեռք  բերեն գործնական հմտություններ՝ աշխատելու ժամանակակից սարքավորումներով և ունենան պրակտիկ հմտություններ՝ հետագայում առևտրայնացնելու իրենց գիտելիքները: Շատ կարևոր է, որ բուհերն իրենք էլ կարողանան բիզնես բաղադրիչի զարգացմանը տեմպ տալ: Մեր բուհերի մեծ մասն այսօր ֆինանսավորվում են կամ  պետական բյուջեից, կամ էլ ուսանողների վճարած վարձավճարներից: Ֆինանսական աղբյուրների բազմազանեցումը մեզ համար շատ կարևոր ու առաջնային նշանակության խնդիր է»,- լրագրողների հետ զրույցում նշել է Ա. Աշոտյանը և հավելել, որ ՃՇՀԱՀ-ում բացված լաբորատոր կենտրոնները հերթականն էին: Ընդհանուր առմամբ  նման կենտրոններ բացվել են նաև Հայաստանի  մոտ տասը բուհերում: Նախարարի խոսքով Հայաստանի բուհերի  զարգացման համար  գերակա խնդիր է միջազգային ծրագրերից արդյունավետ օգտվելը, որը կարող է լուրջ խթան հանդիսանալ վերջինների ֆինանսական վիճակի բարելավման համար: «Աշխարհում շատ մեծ տարածում ունեցող տարբերակներից մեկն էլ  հաջողակ շրջանավարտների ֆինանսական աջակցությունն է իրենց  մայր բուհերին, որը Հայաստանում  դեռևս   ընդունված ավանդույթ չէ: Արևմտյան Եվրոպայում բուհերի ֆինանսավորման բեռի մեկ երրորդն իրենց վրա են վերցնում հաջողությունների  հասած շրջանավարտները: Մեզ մոտ այդ ցուցանիշը 1-2 տոկոսից ավելի չի կազմում»,- հավելել է Ա. Աշոտյանը: Նախարարը նաև տեղեկացրել է, որ բուհերում նոր լաբորատոր կենտրոնների ստեղծումը մեծ պահանջարկ ունի: Հաշվի առնելով այս հանգամանքը, ՀՀ ԿԳՆ-ն հայտարարել է  մոտ 3 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ նոր մրցույթ ևս 5 նման ծրագրի համար:



 

 

Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ