Իսլամական պետության գոյությունը լիովին համապատասխանում է Ռուսաստանի շահերին.Քաղաքագետ


Իսլամական պետության գոյությունը լիովին համապատասխանում է Ռուսաստանի շահերին.Քաղաքագետ

  • 11-09-2015 17:20:55   | Հայաստան  |  Վերլուծություն
Ռուս զինվորականները Սիրիայում
Ռուս զինվորականները Սիրիայում
Ռուսաստանն ինչպես որ կա

 

Պուտինը որոշել է ուժեղացնել ռուսների ներկայությունը Սիրիայում եւ այդպիսով ստեղծել Արեւմուտքի հետ առեւտրի գործոն: Մի քանի հարյուր զինվորականները օպերատիվ պլանում որեւէ էական բան չեն որոշի, բայց տպավորություն կստեղծեն, թե Ռուսաստանը Սիրիայում ռազմա-քաղաքական ներկայություն ունի:

 

ԱՄՆ-ն ու եվրոպական առաջատար պետությունները մեծ նշանակություն են տալիս նունիսկ Ռուսաստանի սահմանափակ ներկայությանը Մերձավոր Արեւելքում, քանի որ որքան փոքր է նրա կոնտինգենտը, այնքան շուտ եւ վճռական այն կգնա սադրանքների:

 

ՆԱՏՕ-ում Ռուսաստանի մերձավոր ընկերները՝ Հունաստանն ու Բուլղարիան արգելել են իրենց օդային տարածքի օգտագործումը ռուսական ավիացիայի ռազմական նպատակներով թռիչքների համար: Թուրքիայի հարցում նման բան չկա, բայց եթե ռուսական ինքնաթիռները հասել են Սիրիա, ապա Թուրքիան ամենայն հավանականությամբ դաշինքի մեջ է մտել ռուսների հետ, համենայնդեպս Մերձավոր Արեւելքի հարցերով:

 

Սերժ Սարգսյանին հրավիրել են Մոսկվա, եւ ի թիվս այլ հարցերի լուծվել է Հայաստանի տարածքն օգտագործելու հարցը, այդ թվում՝ օդանավակայանների, Սիրիայի հետ հաղորդակցության համար:

 

Այսպիսով, Հայաստանը, որի առջեւ կանգնած էր Իսլամական պետության դեմ կոալիցիային մասնակցելու հեռանկարը, ինչը կուժեղացներ նրա ինքնիշխանությունը, դառնում է ԱՄՆ-ի ու ՆԱՏՕ-ի հակառակորդ: Հրաշալի հեռանկար է, ո՞վ նման երկրի հետ գործ կբռնի:

 

Միեւնույն ժամանակ, ռուսական այդ կոնտինգենտը կարող է դիտարկվել որպես ահաբեկչական-դիվերսիոն խմբավորում, եւ նրան կարող է հասցվել հրթիռային ու օդային հարված: Այդ կոնտինգենտը կարող է ներքաշվել մսաղացի մեջ՝ Իսլամական պետության կամ սիրիական ընդդիմությունից հատուկ պատրաստված զինված խմբի կողմից:

 

Սիրիայում ռուս զինվորականների հայտնվելը կարող է ռուսական դիվանագիտական առաքելությունների ու ռուս զբոսաշրջիկների դեմ թշնամական գործողությունների հանգեցնել: Պատերազմին Ռուսաստանի ներքաշումը դառնում է իրականություն:

 

Հնարավոր է Պուտինը մտածում է լիովին բրուտալ ձեւով. Ռուսաստանն առանց այդ էլ հայտնվել է կեղտի մեջ, ուրեմն թող թավալվի դրա մեջ՝ գուցե հաջողվի փրկվել իր թիմի հետ: Պղտոր ջրում հեշտ է պատասխանատվությունն Արեւմուտքի վրա դնելը եւ գլոբալ արկածախնդրությունը շարունակելը, որում չկան ոչ գործողությունների պլան, ոչ հիմնավոր սպասումներ, այլ միայն՝ պատրանքներ:

 

Ամենափոքր ցանկության իսկ դեպքում Ռուսաստանը կարելի է ներգրավել ցանկացած ձեւաչափի պատերազմում, այդ թվում՝ տարածաշրջանային մեծ պատերազմում: Ներկայում Արեւմուտքի համար կարեւոր է Ռուսաստանի առավելագույն թուլացումը, այսինքն՝ նրանից ահռելի ֆինանսական ռեսուրսների դուրս բերումը:

 

Կարեւոր է նաեւ «Աֆղանստանի» կրկնությունը, սակայն ներկայում եթե Ռուսաստան տարվեն ցինկե դագաղներ, տպավորությունն այլ կլինի:

 

Ըստ ամենայնի, Ռուսաստանի արտաքին քաղաքականության մեջ ռացիոնալ ինչ որ բան այնուամենայնիվ կա: Օրինակ, Ֆրանսիայի հայտարարությունը, թե ամեն դեպքում հարկ է գործ ունենալ Բաշար Ասադի հետ: Ֆրանսիայի դիրքորոշումը միշտ էլ հակա-Ասադ չի եղել, սակայն գլխավորն այլ է: Եթե Արեւմուտքը Ասադի համար ինչ որ փրկչական բան առաջարկի, նա անմիջապես կմոռանա Ռուսաստանի ծառայությունների մասին եւ կընտրի պրո-արեւմտյան կողմնորոշում: Ընդ որում, իրանցիները լիովին կաջակցեն Սիրիայի այդ կուրսին:

 

Այսպիսով, գլխավոր երթուղին Ասադի համար ամենեւին էլ Ռուսաստանը չէ, այլ Արեւմտյան հանրությունը: Ժամանակին նրա հայրը՝ Հաֆեզ Ասադը վարում էր ճկուն ու բազմավեկտոր քաղաքականություն, ընդունելով տարբեր կողմերի առաջարկներն ու նախաձեռնությունները: Հաֆեզ Ասադը  հասկանում էր, որ միշտ ունի պահեստային տարբերակ ներքին ու արտաքին քաղաքականության մեջ՝ դա եգիպտական ճանապարհն է:

 

Եգիպտոսը հեշտությամբ ավարտեց իր ռուսական երթուղին եւ անցավ ամերիկյանի 70-ականների վերջին, ինչը դարձավ խորհրդային քաղաքականության տապալումը: Այս կապակցությամբ Բաշար Ասադն արդեն ունի նման փորձ, մնում է այն իրացնել:

 

Միեւնույն ժամանակ, ռուսների համար ամեն ինչ չէ, որ տրամաբանական է սեփական երկրում:

 

Այս որոշումները պոպուլյար չեն ռուս սպաների եւ ռազմական իստեբլիշմենտի շրջանակներում: Ներկայում Ռուսաստանի պաշտպանության նախարարը նախագահի ու նրա շրջապատի կամքի անվերապահ կատարողն է: Ուկրաինայի պատերազմը ցույց տվեց, որ ռուս զինվորականները կտրականապես դեմ են երկիրը ցանկացած ուղղությամբ պատերազմի մեջ ներքաշելուն, եւ նրանց հասկանալի չեն «երկրորդ քայլի» նպատակները, այսինքն՝ ինչպես է Ռուսաստանը պատրաստվում շարունակել այդ արկածախնդրությունը:

 

Ռուսաստանը մեծ պատերազմից խուսափելու հույս ունի, փորձելով մանր արկածախնդրություններն օգտագործել քաղաքական նպատակներով: Սակայն Ուկրաինայում նման արկածախնդրությունը Ռուսաստանին մտցրեց ռազմավարական փակուղի եւ դրեց սոցիալ-տնտեսական աղետի եզրին: Ի՞նչ է սպասվում Ռուսաստանին Մերձավոր Արեւելքում, եւ ինչի՞ վրա է հույս դրել Ռուսաստանը:

 

Գլխավոր խաղադրույքներից մեկը Թուրքիան է, որի հետ Ռուսաստանին կապում են ավելի ու ավելի շատ ընդհանուր շահերը: Ռուսաստանն այս խաղում դառնում է Թուրքիայի հաճախորդը, թեեւ ցույց է տալիս, թե Սիրիայում իբր պաշտպանում է ալավի ռեժիմը:

 

Հենց Թուրքիայի հետ հարաբերություններն ու փոխադարձ շահերն են առարկայական ցույց տալիս, թե ինչ չափով են ռուսներն ու թուրքերը համատեղում իրենց դիրքորոշումները: Թուրքիայի համար ներկայում շատ կարեւոր է սիրիական ու իրաքյան ասպարեզում ինչ որ «երրորդ ուժ», որը երկար ժամանակ անպատկերացնելի էր:

 

Հիմա կարելի է ձեւ անել, որ այդ ուժը հայտնվել է, ինչը իբրեւ թե հնարավորություն է տալիս շարունակել խաղերը, որոնք կապված են ԱՄՆ եւ եվրոպական պետությունների շահերին վնասելուն: Թուրքիայի համար այս իրավիճակում կարեւորը ՆԱՏՕ-ի իր գործընկերներին հարվածներ հասցնելն է, այդպիսով վրեժ լուծելով նրանցից՝ իր շահերն ու անվտանգությունն անտեսելու համար:

 

Շատ շուտով կպարզվի, թե Թուրքիան Մերձավոր Արեւելքում Ռուսաստանի ինչպիսի դաշնակից է, նախեւառաջ՝ Սիրիայում: Պետք է հասկանալ, որ ի տարբերություն Արեւմուտքի, Թուրքիան ու Ռուսաստանն ունեն վաղեմի համաձայնություններ քրդական ազգային շարժման հարցում, ինչում քրդերը հասցրել են լիովին  համոզվել: Հիմա նոր թեմա է պետք, ընդ որում՝ առաջին հայացքից ամենահակասականը՝ պայքար ալավի ռեժիմի դեմ:

 

Ի դեպ, Մերձավոր Արեւելքում Թուրքիայի ու Ռուսաստանի գործընկերությունը եւս մեկ անգամ ընդգծում է, որ Իսլամական պետությունն իր գազանություններով ամենեւին էլ խորթ չէ Ռուսաստանին: Ռուսաստանի ու Սաուդյան Արաբիայի հարաբերությունները հաստատում են, որ Իսլամական պետության գոյությունը լիովին համապատասխանում է Ռուսաստանի շահերին:

 

Մենք սպասում ենք ավելի ապացուցողական նյութի:

lragir.am

 

 

 

 

 

 

Նոյյան տապան  -   Վերլուծություն