Հայկական հարցը փակված է. Քաղաքագետ


Հայկական հարցը փակված է. Քաղաքագետ

  • 14-09-2015 16:50:41   | Հայաստան  |  Վերլուծություն
Ռուսաստանն ինչպես որ կա։
 
Սովորաբար «մեղրամսի» տակ ենթադրվում է ինչ որ իրավիճակ, եւ արդյոք Ռուսաստանն ու Ադրբեջանը հասել են երկարաժամկետ համագործակցության:
Միջազգային ներկայիս իրավիճակում դժվար թե կարելի է մտածել տասնամյակների կամ նույնիսկ մի քանի տարիների հեռանկարով, բայց կարեւորն այն չէ, թե ինչ է սպասվում, այլ այն, թե ինչ են մտածել: Իսկ մտածել են երկարատեւ բարեկամություն ու գործընկերություն:
Ռուսները թույլ տեղեր են որոնում Եվրատլանտյան ռազմավարության մեջ, ենթադրելով Ադրբեջանը, Թուրքիան ու Իրանը: Արդեն հասկանալի է դառնում, որ Թուրքիան ու Ադրբեջանը չեն կարող լինել Արեւմտյան հանրության գործընկերներ, չնայած երկար տարիների համագործակցությանը:
Ադրբեջանը հնարավություն ունեցավ համոզվելու, որ Արեւմուտքը գործընկեր չէ ղարաբաղյան խնդիրը լուծելու հարցում, եւ Հայաստանի ինքնիշխանության ու պաշտպանունակության ապահովումը բխում է ԱՄՆ-ի ու ՆԱՏՕ-ի շահերից:
Փաստարկներ շատ կան, նախեւառաջ խոսքը Թուրքիայի շրջափակման մասին է, երբ գործընկեր պետք է լինեն միջին եւ փոքր պետությունները: Բաքվում հասկացել են, որ միակ պետությունը, որն ընդունակ է իրեն վերադարձնել Ղարաբաղը, Ռուսաստանն է:
Աշխարհում ստեղծվել է քաղաքական ու աշխարհքաղաքական նոր իրավիճակ, եւ Արեւմուտքում ոչ ոք մեծ նշանակություն չի տալիս Ադրբեջանի խնդիրներին, որտեղ համակրում են Ռուսաստանին, եւ նա դարձավ կարեւոր գործընկեր Ադրբեջանի համար, քանի որ նրա ու Թուրքիայի հետ հայտնվել է մեկուսացման մեջ եւ շրջափակված պետությունների շարքում:
Արեւմուտքը հաճույքով զիջեց Ադրբեջանը Ռուսաստանի տնօրինությանը, եւ կասկած չկա, որ դա բավական օգտակար է Արեւմտյան հանրության համար: Նշաններ կան, որ ադրբեջանա-ռուսական այս մերձեցումը պայմանավորված ու նախաձեռնված է Թուրքիայի կողմից, որը շահագրգռված է բոլոր ուղղություններով Արեւմուտքի քաղաքական նպատակների տապալմամբ:
Ավելի վաղ Ռուսաստանի հետ Ադրբեջանի հարաբերությունները նույնպես ծավալվում էին Թուրքիայի ազդեցության տակ, եւ դա բավական հստակ կորելացվում էր թուրքական ԶԼՄ-ներում, որոնք աշխատում են կառավարության վրա:
Տեղին կլիներ հիշեցնել ՆԱՏՕ-ի ու Եվրոպական միության պաշտոնյաների ու փորձագետների հետ շփումների տպավորությունները. «Մեր հարաբերություններն ունեն ոչ թե նրբանկատ, այլ ավանդական նշանակություն»: Դա Հայաստանի դեպքում նշանակում է, որ եթե նա նույնիսկ խրվի կեղտի մեջ (ինչն արդեն տեղի է ունենում), Արեւմտյան հանրությունը շարունակելու է հայտարարել, որ իրենց դռները Հայաստանի համար բաց են, ինչն էլ կոչվում է «ավանդական» հարաբերություն:
Վերջին երկու տարիներին Եվրոպայում իսկապես հույսեր կային, որ հայտնվելով ողբալի վիճակում, Հայաստանը կվերադառնա եվրոպական կուրսին: Սակայն սպասումների պաշարը սպառվել է, եւ ժամանակներն արմատապես փոխվել են: Եվրոպան հիմա զբաղված է միգրանտների ահռելի հոսքով եւ Հայաստանի ժամանակը չունի:
Ընդ որում, չարժե սպասել լուրջ ֆինանսների, ոչ այն պատճառով, որ դրանք չկան, այլ որ Հայաստանին ֆինանսական օգնությունը դարձել է անօգուտ: Դա նույնն է, որ ֆինանսապես աջակցեն Ռուսաստանի մարզերից մեկին, որը գտնվում է պատժամիջոցների տակ:
ԱՄՆ-ի ու Մեծ Բրիտանիայի դեսպանատներն ստեղծված իրավիճակում արդեն եզրահանգումներ են արել եւ այդ մասին հայտնել իրենց կառավարություններին, ինչպես նաեւ եվրոպական հանձնաժողովին ու ՆԱՏՕ-ին:
90-ական թվականներին, մինչեւ 2003 թ., ԱՄՆ-ն Թուրքիայի, նշանակում է նաեւ Ադրբեջանի շահերի կողմն էր, ինչը ենթադրում էր Ղարաբաղի վերադարձը Ադրբեջանի վերահսկողությանը: Այդ ժամանակաշրջանում Հայաստանն ուներ որոշակի հնարավորություններ եւ կարող էր օգտվել զուգահեռ շահերից, սակայն երկրի քաղաքական էլիտան անփորձ էր եւ շփոթության մեջ էր ԱՄՆ-ի ու Արեւմուտքի նման համառ ճնշման պայմաններում:
Հետո եկավ «հայկական ժամանակաշրջանը», երբ Թուրքիան հայտնվեց շրջափակման վիճակում, ինչը Հայաստանին հնարավորություն էր տալիս ձեռնամուխ լինել Արեւմուտքի հետ մերձեցման քաղաքականությանը: Ցավոք, Հայաստանը չարեց եւ չէր կարող համապատասխան եզրահանգումներ անել: Հայաստանի էլիտան չափից ավելի վախկոտ էր՝ ինտելեկտուալ էական խնդիրներով:
2000-ականները Հայաստանի համար մեծ հնարավորություններ բերեցին, սակայն նա չօգտվեց դրանից: Բացի նրանից, որ հասարակությունն ընդհանուր առմամբ անտարբերության ու համընդհանուր հիմարացած վիճակում է, իշխող էլիտան լիովին զրկված է պատասխանատվության զգացումից, ոչ մի ցանկություն չունի մասնակցել բանավեճին, թե ինչպես երկիրը դուրս բերել փակուղային վիճակից:
Այսպես կոչված ընդդիմությունն ամենից լավ է ցույց տալիս, թե ինչ խղճուկ վիճակում է հասարակությունը, համարվելով նախկին ռեժիմների պարզունակության ավանդույթների շարունակողը, որոնք Հայաստանը հասցրել են այս վիճակին:
Չկա քիչ թե շատ մտածող քաղաքական խումբ, որը ներկայացնի իրավիճակից դուրս գալու ելքեր: «Քաղաքական» բացարձակապես բոլոր խմբերը ձգտում են պայմանավորվածությունների հասնել իշխանության հետ եւ զբաղեցնել եկամտաբեր կամ հեղինակավոր (իրենց պատկերացմամբ) պոստեր:
Մարդիկ, ովքեր ձեւ են անում, թե Եվրատլանտիզմի կողմնակիցներ են, չունեն ոչ անհրաժեշտ տեղեկատվություն, ոչ էլ այդ քաղաքականության ընկալումը: Նրանք անշուշտ հայկական հասարակության մի մասն են եւ հարում են իշխանության շահերին: Այդպիսին են հայերը:
Ներկայում Արեւմտյան հանրությունը (եւ ոչ թե միայն Եվրոպական միությունը) կորցրել է հետաքրքրությունն Ադրբեջանի հանդեպ, ինչը պայմանավորված է մի շարք հանգամանքներով: Նախեւառաջ, պետք է հասկանալ, որ իրանա-ամերիկյան հարաբերությունների կարգավորումը արմատապես փոխել է աշխարհքաղաքական իրավիճակը տարածաշրջանում: Ադրբեջանը կորցրել է իր լոգիստական ու տրանզիտային նշանակությունը, առավել եւս, որ ռազմական փոխադրումներն Աֆղանստան կորցնում են իրենց նշանակությունը:
Էներգետիկ նոր իրավիճակն աշխարհում ազդել է Ադրբեջանի՝ որպես նավթի մատակարարի դերի վրա, առավել եւս որ նրա նավթն ավելի թանկ է, քան Մերձավոր Արեւելքի եւ այլ աղբյուրների նավթը: Ադրբեջանական գազը դեռ որոշ նշանակություն ունի, բայց ոչ վճռական:
Սակայն առկա են այլ պատճառներ: Արեւմուտքը հասկացել է, որ Ադրբեջանը գտնվում է Ռուսաստանի հետ մերձեցման ճանապարհին եւ դառնում է նրա ռազմա-քաղաքական գործընկերը: Դրանից բացի, ադրբեջանական հասարակությունը «ջախջախվել» է եւ ընդունակ չէ ժողովրդավարական կեցության:
Արեւմուտքի համար Ադրբեջանի աշխարհքաղաքական գործառույթների կորստի պայմաններում, այլ պատճառներով նա հետաքրքրություն չի կարող ներկայացնել: Սկզբունքորեն, ԱՄՆ-ում գտնում են, որ ՆԱՏՕ-ին ու Եվրոպական միությանն ինտեգրվելուց Հայաստանի ու Ադրբեջանի հրաժարվելու պատճառները նույնն են: Այսինքն, խոսքը Արեւմուտքի իրավական ու տնտեսական համակարգերին երկիրն աբսորբացնելու հարցում իշխանությունների ցանկության բացակայության մասին է:
Այնուամենայնիվ, վճռորոշ հանգամանքը Հայաստանի հանդեպ Ռուսաստանի թելադրանքն ու հարկադրանքն էր: Ի տարբերություն Ադրբեջանի, Հայաստանը նախկինում դիտարկվում էր որպես երկիր, որը կարող էր դառնալ ՆԱՏՕ-ին անդամակցելու թեկնածու: Հայկական զինված ուժերը, նրանց բնույթն ու հատկանիշները առիթ էին տալիս Հայաստանը դիտարկել ոչ միայն որպես անվտանգության սպառող, այլեւ երկիր, որն ընդունակ է ապահովել անվտանգություն: Այս ամենն անցյալում է:
Այս պայմաններում Ռուսաստանը հնարավորություն է ստանում Ադրբեջանի հանդեպ վարել քաղաքականություն, որի արդյունքում տեղի է ունենում Թուրքիայի հետ փոխըմբռնման ուժեղացում: Սակայն Ռուսաստանի համար առաջանում է Ղարաբաղի խնդիրը, եւ դրա լուծումն, այսպես թե այնպես, վճռական կդառնա Ադրբեջանի աբսորբացիայի համար:
Ղարաբաղյան հակամարտության ողջ ընթացքում Ռուսաստանը Ղարաբաղը դիտարկել է որպես մանրադրամ եւ միշտ վստահ է եղել, որ կգա ժամանակը, երբ կկարողանա Ղարաբաղը վերադարձնել Ադրբեջանին: Ներկայում միայն դեգեներատիվ միտքը կարող է հերքել Ռուսաստանի այդ մտադրությունը, եւ Մոսկվայում համարում են, որ եկել է «հանգուցալուծման» ժամանակը:
Ռուսաստանը հույս ունի, որ Ղարաբաղում, որը լինելու է Ադրբեջանի վերահսկողության տակ, կմնա հայ բնակչություն, որի շնորհիվ ռուսական զորքերը խաղաղարարների դիմակի տակ կհայտնվեն տարածաշրջանում: Սակայն դա չի լինելու՝ Ադրբեջանն այն բանի համար չէ գնացել Արեւմուտքից մեկուսացման եւ Ռուսաստանի գործընկեր դարձել, որպեսզի Ղարաբաղում հայեր մնան, ովքեր տեղահանվելու են, առավել եւս, որ Ռուսաստանն ու Ադրբեջանը համատեղ նման փորձ արդեն ունեն:
Հայերը արագ մոռացել են 90-ականների սկզբի իրադարձությունները, երբ ամբողջ շրջաններ ոչնչացվեցին ու տեղահանվեցին ռուսների կողմից, ադրբեջանցիների հետ միասին: Ի՞նչ ազգ առանց հիշողության: Հիշողությունը մարդկանց տրվում է ոչ թե վրեժի, այլ քաղաքական հաշվարկի եւ քաղաքական կուրսի իմաստավորման համար:
Հայերը քաղաքական խնդիրների փոխարեն շարունակում են զբաղվել էլեկտրաէներգիայի սակագներով: Ի՞նչ կարողացան անել հայերը եվրասիական գոյության անցած երկու տարիներին, կարողացա՞ն օգտվել 170 միլիոնանոց շուկայից, որն ընկղմվել է կեղտի մեջ: Հայերը ստացել են միայն Պուտինի պաշտոնական ու ոչ պաշտոնական խորհրդականների սպառնալիքները արտաքին քաղաքական կուրսի փոփոխության «փորձի» կապակցությամբ:
Հայաստանում բացի մի քանի ԶԼՄ-ներից, այդպես էլ ոչ ոք չքննադատեց Ռուսաստանին ու իշխանությանն այդ քաղաքականության համար, այդպես էլ ոչ ոք չհամարձակվեց առաջարկել դուրս գալ ԵՏՄ-ից ու ՀԱՊԿ-ից:
Այնուամենայնիվ, ռուսներին թվում է, թե Հայաստանում կան բողոքի տրամադրություններ: Ռուսները միշտ ավելի շատ գիտեն, քան հայերը, եւ նրանք շատ լավ հասկանում են, որ հայերն ունեն ռուսներին ատելու բոլոր հիմքերը: Ռուսները Հայաստանից քամում են այն ամենը, ինչ հնարավոր է, իսկ հայ միգրանտների մեծ մասը Ռուսաստանում ենթարկվում են շահագործման:
Իսկ Հայաստանի կառավարությունը շարունակում է Հայաստանը Ռուսաստանին ավելի ենթարկելու գործունեությունը: Այս ամենը չի կարող Արեւեմուտքում չգնահատվել: Այն էլ ինչպես են գնահատել:
Ռուսաստանը մինչեւ ատամները զինել է Ադրբեջանին եւ դժվար թե ընդունակ է նրան հետ պահել ագրեսիայից: Դրա հետ մեկտեղ, Հայաստանի հանդեպ Ռուսաստանի քաղաքականությունը նրան հասցրել է փակուղի եւ ժամանակի կորստի, այն ժամանակի, որը պետք էր օգտագործել ՆԱՏՕ-ին եւ Եվրամիությանն ինտեգրվելու եւ այդպիսով Արեւմուտքից զենք ու անհրաժեշտ ֆինանսական աջակցություն ստանալու համար:
Պուտինը Հայաստանին ստիպեց անդամակցել ոչ միայն այն հնոտիքին, որը կոչվում է եվրասիական միություն, այլեւ հայ ժողովրդին հարկադրեց հնազանդության եւ իր գաղութային ապագային հարմարվելուն:
Ադրբեջանին ռուսական ժամանակակից զենքի մատակարարումները բավական նյարդայնացնում են Իրանին, ինչպես նաեւ այլ երկրների, ներկայում էլ՝ Արեւմուտքին, բոլորին, բացի Հայաստանից: Ռուսաստանի նպատակն է Հայաստանը հասցնել այն վիճակին, երբ նա այլեւս կարիք չի ունենա որեւէ բան հարցնել:
Հայտնի է դարձել, որ Ադրբեջանն արդեն համաձայնվել է Ղարաբաղում խաղաղարարների անվան տակ ռուսական զորքի տեղակայմանը, հնարավոր է՝ ՀԱՊԿ այլ երկրների զորքի, սակայն՝ անպայման ադրբեջանական զորքերի հետ միասին:
Ներկայում Ադրբեջանի գլխավոր խնդիրը կդառնա ադրբեջանցի բնակչության վերադարձը այդ տարածքներ: Սակայն Ռուսաստանի համար գլխավորն իր զորքերի տեղակայումն է:
ԱՄՆ-ն ու Արեւմուտքն այս իրավիճակում ակտիվություն չեն ցուցաբերելու, քանի որ ակտիվացնելով քաղաքականությունը Հարավային Կովկասում, այդպիսով խթանում են Ռուսաստանի ներկայությունը տարածաշրջանում:
Կարո՞ղ է արդյոք Հայաստանը թույլ չտալ Ռուսաստանի այդ մտադրությունները, այսինքն՝ Ղարաբաղում ռուսական զորքի տեղակայումն ու ադրբեջանցի բնակչության վերադարձը: Հայաստանը կատարելու է Ռուսաստանի պահանջները: Ահա եւ կկատարվի Ռուսաստանի գործառույթը՝ դառնալ Հայաստանի «անվտանգության երաշխավորը»:
Ռուսաստանը Հարավային Կովկասում ողջ խաղն ուղղել է Ադրբեջանի ուղղությամբ, եւ Հայաստանն ինքնին դարձել է ընդամենը գործիք այդ խաղում: Ղարաբաղի ղեկավարությունը Ռուսաստանից կառավարական պարգեւներ է ստացել եւ հիմա պարզապես պարտավոր է կատարել այն ամենը, ինչ հրահանգի Ռուսաստանը:
Բայց արդյոք միայն պաշտոնական դեմքերը պետք է աջակցեն ու ամեն կերպ արդարացնեն Ռուսաստանի քաղաքականությունն՝ ուղղված Հայաստանի ինքնիշխանության վերացմանը եւ Ղարաբաղն Ադրբեջանին վերադարձնելուն: Վաղուց արդեն պատրաստվել են այսպես կոչված «ստեղծագործական մտավորականության» հարյուրավոր գործիչներ, հատկապես գրողներ, որոնք իրենց ողջ կյանքը նվիրել են ռուսական շահերի պաշտպանությանը եւ պատրաստ են արդարացնել ինչ ասես:
«Փաստաբանների» մեջ կան իհարկե առաջնորդներ, որոնք պատրաստ են արդարացնել Ադրբեջանին ռուսական զենքի մատակարարումները: Նրանք կառավարական պարգեւներ են ստացել Ղարաբաղյան վարչակազմից:
Ցանկացած պետությունում, նույնիսկ ոչ այնքան ժողովրդավարական, նման պահվածքի համար դատում են եւ դատապարտում Հայրենիքի դավաճանության համար: Հայաստանում այդ մարդիկ գրեթե հերոսներ են եւ դեռեւս «քայլում են ասֆալտի վրա»:
Իհարկե, ռուսներին չի հուզում այս աջակցությունը, այնուամենայնիվ հաճելի է, երբ ոչնչացնում ես ազգին, իսկ նրա ներկայացուցիչները շարունակում են լիզել նրանց սապոգները, ովքեր անում են դա: Ո՞վ կարող է պնդել, որ նման բան չկա: Նախեւառաջ, այս ռուսական «փաստաբանները» կպնդեն այս հեռանկարն ու իրենց պահվածքը:
Հայերին չի հետաքրքրում ոչ իրենց երկրի ինքնիշխանությունը, ոչ տնտեսական բարեկեցությունը, ոչ էլ անվտանգության պայմանները: Հատկանշական է, որ որքան հասարակության մեջ քիչ է քաղաքականությունը, այնքան մեծ է ներքին շպիոնաժն ու մատնությունը: Դա լիովին դեգեներատիվ հասարակությունն է:
Կարող է հարց առաջանալ՝ իսկ ինչպիսի՞ն պետք է լինի Հայաստանի արտաքին քաղաքականությունը: Հարցը հետաքրքիր է, եւ այդ մասին բազմիցս գրվել է, այդ թվում Lragir.am-ում: Սակայն դա անցյալում է, հայերին պետք չէ իմանալ ու հասկանալ, թե ինչպիսի հեռանկարներ կլինեին: Դա արդեն անիմաստ է դարձել: Հայկական հարցը փակված է:
 
Նոյյան տապան  -   Վերլուծություն