Առաջնային խնդիրները` նոր վարկային ծրագրի առանցքում


Առաջնային խնդիրները` նոր վարկային ծրագրի առանցքում

  • 19-09-2015 11:26:40   | Հայաստան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ
 

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն  ընդունել է Համաշխարհային բանկի կրթության թիմի ներկայացուցիչներ Դանդան Չենին, Նինո Կուտատելաձեին, Ջուլիա Լիբերմանին, Սորեն Նելլմանին և Անուշ Շահվերդյանին:  Հանդիպման ընթացքում քննարկվել են «Կրթության որակ և համապատասխանություն» երկրորդ վարկային ծրագրի արդյունքները, ինչպես նաև ընթացքի մեջ գտնվող «Կրթության բարելավում» նոր վարկային ծրագրի ընթացքին առնչվող մի շարք հարցեր:

Շեշտելով  ՀԲ աջակցությունը կրթական բարեփոխումների  իրագործման ու ոլորտի զարգացման գործում՝ ՀՀ ԿԳ նախարարը   կարևորել է հատկապես հաջողությամբ իրագործված նախակրթարանների հիմնադրման ծրագիրը,  ինչպես նաև Հայաստանի 10 բարձարագույն ուսումնական հաստատություններում «Նորարարական մրցակցային հիմնադրամների» փորձարկումը,  որի  շնորհիվ բուհերում բացվել են ժամանակակից լաբորատորիաներ, կատարվել է ենթակառուցվածքների զարգացում  և  տեխնիկական վերազինում: ՀԲ նոր վարկային ծրագրով նախատեսված աշխատանքներից ԿԳ նախարար Ա. Աշոտյանը կարևորել է հատկապես ավագ դպրոցների հիմնանորոգման ու կրթակարգի  վերանայման խնդիրները: 
Բանկի ներկայացուցիչները նշել են, որ այցի ընթացքում նպատակ ունեն ամփոփել  «Կրթության որակ և համապատասխանություն» երկրորդ վարկային ծրագրի փակման հաշվետվությունը: Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև աշխատանքային մի շարք այլ հարցեր:  
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ