Հայաստանը մասնակցել է «World Routes 2015» համաժողովին. Շարունակվում Է միջազգային ավիափոխադրողներին հայաստանյան շուկա ներգրավելու աշխատանքը


Հայաստանը մասնակցել է «World Routes 2015» համաժողովին. Շարունակվում Է միջազգային ավիափոխադրողներին հայաստանյան շուկա ներգրավելու աշխատանքը

  • 22-09-2015 12:01:05   | ՀԱՀ  |  Տնտեսություն

Հայաստանի Հանրապետության պատվիրակությունը, որի կազմում են ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Սերգեյ Ավետիսյանը և Հայաստանի զարգացման  հիմնադրամի գործադիր տնօրեն Արման Խաչատրյանը, մասնակցել է սեպտեմբերի 19-22-ը Հարավաֆրիկյան Դուրբան քաղաքում տեղի ունեցող «World Routes 2015» համաժողովին:
 
«World Routes» համաժողովը, որն անցկացվել է 21-րդ անգամ, համախմբում է համաշխարհային ավիացիոն և զբոսաշրջային ներուժը` միևնույն ժամանակ հանդիսանալով նոր ավիափոխադրումների խթանման և ավիացիոն ծառայությունների զարգացման արդյունավետ հարթակ:
 
Այս տարի միջոցառմանը մասնակցել են շուրջ 250 ավիաընկերություններ, 650 օդանավակայանների ներկայացուցիչներ, ավիացիայի ոլորտի 2500 մասնագետներ և 170 զբոսաշրջային իշխանությունների ներկայացուցիչներ աշխարհի ավելի քան 100 երկրներից:
 
Համաժողովի ընթացքում Հայաստանի պատվիրակությունը ներկայացրել են  Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից որդեգրած «Բաց երկնքի» քաղաքականության և Հայաստանի զբոսաշրջության խթանման ուղղությամբ իրականացվող քայլերը և արդյունքները, ինչպես նաև միջազգային զբոսաշրջային շուկաներին  Հայաստանի ինտեգրման ընթացքը և հեռանկարները:
 
««World Routes 2015» համաժողովը լավ առիթ է ծանոթացնելու աշխարհի առաջատար և հաջողակ ավիաընկերությունների ու զբոսաշրջային ընկերությունների ներկայացուցիչներին մեր երկրում իրականացվող «Բաց երկնքի» քաղաքականության հնարավորություններին և նրանց հետ քննարկելու դեպի Հայաստան ավելի շատ ավիափոխադրողներ ներգրավելու ուղիները:
 
Համաժողովին հայկական պատվիրակության մասնակցության նպատակներից էր նաև աշխատանքներ իրականացնել դեպի Հայաստան ներդրումներ և նոր ավիափոխադրողներ ներգրավելու ուղղությամբ: Բանակցություններ են տարվել շուրջ երկու տասնյակ ավիաընկերությունների հետ, որոնց ընթացքում քննարկվել են հայաստանյան շուկա վերջիններիս մուտք գործելու ձևաչափերը և գործիքակազմը:
 
 
 
ՀՀ էկոնոմիկայի նախարարության
 
տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին
Նոյյան տապան  -   Տնտեսություն