Շահագործված բջջային հեռախոսները «երկրորդ կյանք» կստանան


Շահագործված բջջային հեռախոսները «երկրորդ կյանք» կստանան

  • 24-09-2015 15:56:52   | Հայաստան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ

Հայաստանում առաջին անգամ իրագործվելու է ևս մեկ կարևոր նախաձեռնություն: Այսուհետ ՎիվաՍել-ՄՏՍ-ի կողմից «ԱրմՌոբոտիքս»-ի ռոբոտաշինական խմբակներին տրամադրվելու են շահագործված բջջային հեռախոսներ, որոնց դպրոցականները «երկրորդ կյանք» են տալու` օգտագործելով դրանց դետալները ռոբոտներ պատրաստելու համար: Այդ մասին համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարել են ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը և Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) փոխտնօրեն Հայկ Չոբանյանը:
 
«ԱրմՌոբոտիքս»-ը նպատակ ունի զարգացնել ինժեներական մտածողությունը դպրոցականների շրջանում: Այն մեկնարկել է դեռևս 2008 թ. և իրականացվում է ԻՏՁՄ-ի կողմից: Ծրագրի շրջանակներում Հայաստանի և ԼՂՀ-ի 80 դպրոցում գործում են ռոբոտաշինության խմբակներ, որտեղ ներգրավված է շուրջ 800 աշակերտ:  
 
«Համաձայն վիճակագրության՝ աշխարհում օգտագործվում է 3,5 միլիարդ բջջային հեռախոս, ինչը կազմում է մոլորակի բնակչության կեսից ավելին: Սակայն քչերը գիտեն, որ թափոնի վերածված հեռախոսները տևական վնասարար ազդեցություն են թողնում շրջակա միջավայրի վրա: Ինչպես ցույց են տալիս հետազոտությունները, բջջային հեռախոսի՝ թունանյութեր պարունակող մասերը, հատկապես սնուցման մարտկոցները, ոչ պատշաճ կերպով թափոնի վերածվելու դեպքում, ի վերջո հայտնվում են գետերում կամ հողում, ինչը լուրջ վնաս կարող է հասցնել մարդու առողջությանը: Մշտապես ուշադրության կենտրոնում պահելով բնապահպանական խնդիրները՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ը քայլեր է ձեռնարկում՝ երիտասարդների շրջանում հեռախոսների առավել պատասխանատու գործածման և դրանցից անվտանգ կերպով ձերբազատվելու վերաբերյալ իրազեկվածությունը բարձրացնելու, ինչպես նաև թափոնի վերածված բջջային հեռախոսների վերամշակումն իրականացնելու նպատակով»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
 
ԻՏՁՄ փոխնտօրեն Հայկ Չոբանյանը նշել է. «Յուրաքանչյուր երեխա, ով փոքր տարիքից հետաքրքրված է տեխնիկայով ու նորարարությամբ, սիրում է մինչև վերջին մասնիկն առանձնացնել ձեռքի տակ ընկած իրերը: Մեր այս համատեղ նախաձեռնության շնորհիվ՝ այսուհետ ռոբոտաշինության խմբակներում ընդգրկված աշակերտները կունենան բավարար քանակով դետալներ իրենց ուսումնասիրությունների և նոր գաղափարների իրագործման համար»:
 
Նախաձեռնության մեկ այլ բաղադրիչը ՎիվաՍել-ՄՏՍ-ի սպասարկման կենտրոններում հատուկ արկղերի տեղադրումն է, որտեղ հաճախորդները կկարողանան թողնել ոչ պիտանի բջջային հեռախոսներ, որոնք ևս կհանձնվեն «ԱրմՌոբոտիքս»-ի խմբակներին: Ընկերության ֆեյսբուքյան էջում անցկացված հարցման արդյունքները ցույց են տվել, որ մասնակիցների 61 տոկոսն ունի ավելի քան 6 հին բջջային հեռախոս: Նրանց մեծ մասն այժմ սմարթֆոն է օգտագործում և յուրաքանչյուր 18-24 ամիսը մեկ այն փոխարինում է նոր մոդելով: Հարցումը ցույց է տվել նաև, որ մասնակիցների 55 տոկոսը դեն է նետում հին հեռախոսները կամ պահում է դրանք դարակում:
 
Ի դեպ, ռոբոտասերների համար կազմակերպվում է «RoboFest» փառատոն: «EcoRobot» մրցույթը փառատոնի մի մասն է կազմում, որի պահանջն է ստեղծել ռոբոտ` օգտագործելով տեխնիկական և կենցաղային թափոններ: Մրցույթի նպատակն է հասարակության ուշադրությունը հրավիրել էկոլոգիական խնդիրների վրա, ցույց տալ, որ տեխնոլոգիաների զարգացումը կարող է ծառայել նաև բնապահպանությանը՝ վերամշակման միջոցով թափոնը վերածելով գեղեցիկ ու օգտակար իրերի:
 
«RoboFest»-ն այս տարի անցկացվելու է հոկտեմբերի 2-ից 4-ը՝ «DigiTec Expo» միջազգային տեխնոլոգիական ցուցահանդեսի շրջանակում: 
 
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ