«Զօրավար Անդրանիկ» գրքի ներկայացումը Թեհրանում


«Զօրավար Անդրանիկ» գրքի ներկայացումը Թեհրանում

  • 24-09-2015 17:16:31   | Իրան  |  Նոր գրքեր

Երեկ՝ սեպտեմբերի 23-ի երեկոյան, Հայկական բարեգործական ընդհանուր միության Թեհրանի մասնաճյուղի սրահում կազմակերպվել էր հանդիպում «ՍիվիլՆեթ»-ի լրագրող և Հայկական ուսումնասիրությունների «ԱՆԻ» կենտրոնի համակարգող Թաթուլ Հակոբյանի հետ:
 
Երեկոյի ընթացքում, որ համատեղ նախաձեռնությամբ կազմակերպել էին Հ.Մ.Մ. «Րաֆֆի» համալիրը, Իրանահայ ազգային եւ մշակութային միությունը, Աշխարհատեսների հայկական կենտրոնը եւ «Արաքս» շաբաթաթերթը, Թաթուլ Հակոբյանը ներկայացրեց «ԱՆԻ» կենտրոնի վերջերս հրատարակած «Զօրավար Անդրանիկ» գիրքը, իր հեղինակած երկու հատորները` «Արցախյան օրագիր. Կանաչ ու սև», «Հայացք Արարատից. Հայերը և թուրքերը», ինչպես նաև Հայաստանի նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի «Անկախության ճանապարհով» հուշագրությունը:
 
Հակոբյանը նախ հակիրճ ներկայացրեց Եղիշե Քաջունուն և նրա «Զօրավար Անդրանիկ» գիրքը: 180 էջանոց հատորը, որն առաջին անգամ հրատարակվել է 1921 թվին, պատմում է Զորավարի Հայաստանում եղած վերջին մեկ տարին` 1918-ի ապրիլից մինչև 1919-ի ապրիլը: Քաջունին, ով եղել է Զօրավար Անդրանիկի գրագիրը և քարտուղարը, օրը-օրին պատմում է այն ճանապարհը, որ անցել է Զորավարը իր արևմտահայ 2000 զինվորների և 20 հազար գաղթականության հետ` Ալեքսանդրապոլ, ապա Ջալալօղլի-Դսեղ-Դիլիջան-Սևանի ափերով դեպի Վայոց Ձոր ու Նախիջևան, Արաքսի անցում և Խոյի դաշտում մարտ թուրքերի դեմ, ապա նահանջ դեպի Նախիջևան, այնտեղից Գորիս, արշավանք դեպի Շուշի, ապա վերադարձ դեպի Արարատյան դաշտ, Էջմիածին, որտեղ, զենքը հանձնելով Ամենայն Հայոց Կաթողիկոսին, Զորավարը հեռանում է Հայաստանից:
 
Գրքերը ներկայացնելուց հետո Հակոբյանը պատասխանեց ներկաների բազմազան հարցերին, որոնց մի մասը վերաբերում էր Հայաստանի ներքին և արտաքին քաղաքականությանը, Արցախի հիմնախնդրին, արտագաղթին, Հայաստան-Սփյուռք հարաբերություններին:
 
Միջոցառմանը ներկա էին Թեհրանահայ համայնքի մի քանի տասնյակ քաղաքական, ազգային, կրոնական ու միութեանական տարբեր ներկայացուցիչներ՝ Իրանի իսլամական խորհրդարանում Թեհրանի և հյուսիսային իրանահայության պատգամավոր դոկտ. Կարեն Խանլարյանը, ԹՀԹ Թեմական խորհդի ներկայացուցիչը և կազմակերպող կառույցների պատասխանատուները: Երեկոյի ավարտին տեղի համեստ ունեցավ հյուրասիրություն:
 
 
«Արաքս» շաբաթաթերթ, Թեհրան, 24 սեպտեմբերի 2015:
Նոյյան տապան  -   Նոր գրքեր