Մուսուլմանների միգրացիան Եվրոպա և Մոսկվայի նոր մզկիթը


Մուսուլմանների միգրացիան Եվրոպա և Մոսկվայի նոր մզկիթը

  • 25-09-2015 11:10:25   | Հայաստան  |  Վերլուծություն

Եվրոպայի վերջին միգրացիոն ճգնաժամը ևս մեկ անգամ առիթ դարձավ, որ ռուսական ԶԼՄ-ները «ավետեն» Եվրոպայի վերջնական կործանման մասին։ «Եվրոպայի միգրացիոն մայրամուտը», ««Մեծ միգրացիան» մոտեցնում է Եվրոպայի մայրամուտը» «Միգրացիոն ճգնաժամը միավորված Եվրոպայի վրա խաչ է քաշում» և նմանատիպ վերնագրերով, ինչպես նաև «21-րդ դարի կեսին այսօրվա Եվրոպայի տեղում կլինի Մյունխենյան խալիֆաթ» տիպի պնդումներով հեղեղված է ռուսական լրատվական դաշտը։ Եվրոպայի վախճանը ռուսական ԶԼՄ-ները նախ և առաջ կապում են իսլամադավան միգրանտների մեծ թվի հետ՝ այդ ամենը համեմելով «Եվրոպային տեղն է» բնույթի դատողություններով: Իսկ թե ինչո՞ւ է Եվրոպան արժանի վատ ճակատագրի` ռուսական ԶԼՄ-ները դա գերազանցապես բացատրում են այնտեղի դեմոկրատական ազատություններով` մոռանալով, որ մուսուլման միգրանտները այդ ազատությունների պատճառով են քրիստոնեական Եվրոպան գերադասում նավթարդյունաբերող հարուստ արաբական երկրներից ու նույն Ռուսաստանից:
 
Ռուսաստանն առաջինն է
 
Մուսուլման միգրանտների թվի վերաբերյալ վախերը կամ հրճվանքը, սակայն, իրականում հիմք չունի: Այսօրվա դրությամբ` Ֆրանսիայում մուսուլմանները կազմում են բնակչության 7.5%-ը, Նիդեռլանդներում` 6%-ը, Բելգիայում` 5.9%, իսկ Գերմանիայում` 5.8%-ը: ԵՄ մյուս երկրներում (չհաշված Բուլղարիան ու Կիպրոսը) մուսուլմանների տեսակարար կշիռն ավելի փոքր է: Ռուսաստանում մուսուլմանների տեսակարար կշիռը 10% է, այսինքն` ավելի շատ, քան ԵՄ վերը նշված երկրներում: Ուստի, եթե մուսուլմանների թվի պատճառով ինչ-որ քրիստոնեական երկիր կործանվի էլ, ապա դա նախ և առաջ կլինի Ռուսաստանը, ոչ թե Ֆրանսիան կամ Գերմանիան:
 
Մուսուլման բնակչությունը ըստ երկրների*
 
Պետությունը Մուսուլմանների թիվը Մուսուլմանների տեսակարար կշիռն ընդհանուր բնակչության մեջ (%)
 
Ռուսաստան 14 000 000 9.5%
 
Գերմանիա 4 760 000 5.9%
 
Ֆրանսիա 4 710 000 7.1%
 
Մեծ Բրիտանիա 2 960 000 4.7%
 
Իտալիա 2 220 000 3.6%
 
Բուլղարիա 1 020 000 14.1%
 
Նիդեռլանդներ 1 000 000 5.9%
 
Իսպանիա 980 000 2.0%
 
Բելգիա 630 000 5.6%
 
Հունաստան 610 000 5.7%
 
Ավստրիա 450 000 5.3%
 
Շվեդիա 430 000 4.4%
 
Կիպրոս 280 000 24.5%
 
Դանիա 230 000 4.0%
 
Ռումինիա 70 000 0.3%
 
Սլովենիա 70 000 3.4%
 
Խորվաթիա 60 000 1.4%
 
Իռլանդիա 50 000 1.1%
 
Ֆինլանդիա 40 000 0.7%
 
Պորտուգալիա 30 000 0.3%
 
*ԵՄ 9 պետություններում (Լյուքսեմբուրգ, Սլովակիա, Հունգարիա, Լատվիա, Լիտվա, Լեհաստան, Էստոնիա, Չեխիա, Մալթա) մուսուլմանների թիվը պակաս է 10 հազարից:
 
2050 թվականին՝ ընդամենը 10 %
 
Հետաքրքիր է, որ ԵՄ-ում մուսուլմանների թվի ավելացման տեմպը ևս այնքան էլ մեծ չէ, ինչքան կարող է տպավորություն ստեղծվել ԶԼՄ-ների հրապարակումներից: Այս տարվա սկզբին հրապարկված հետազոտությունների համաձայն, հաշվի առնելով նաև միգրացիոն միտումները, ԵՄ տարածքում մուսուլմանների թիվը մինչև 2050 թվականը չի գերազանցի 10%-ը:
 
Այսպիսով` 3 կարևոր հանգամանք կա, որ պետք է հաշվի առնել Եվրոպայի միգրացիոն ճգնաժամի մասին խոսելիս: Առաջինը` թեև նավթարդյունաբերող հարուստ արաբական երկրները (ինչպես, օրինակ, Սաուդյան Արաբիան կամ Արաբական Միացյալ Էմիրությունները) ևս ունեն սոցիալական փաթեթներ` Ֆրանսիայի կամ Գերմանիայի նման, սակայն Մերձավոր Արևելքից ու Աֆրիկային միգրանտները փախչում են Եվրոպա, այլ ոչ թե արաբական երկրներ`
 
գերազանցապես դեմոկրատական ազատությունների պատճառով: Երկրորդ` ինչքան էլ որ սուր լինի միգրացիոն ճգնաժամն ու անօրինական միգրանտների թիվը Եվրոպայում, միևնույնն է, մուսուլման բնակչության թիվը այնքան էլ մեծ չէ ու դժվար թե գերազանցի 10%-ը անգամ միգրացիայի բարձր տեմպերի պահպանման պարագայում: Եվ երրորդ` եթե անգամ կա աշխարհում քրիստոնեական մի երկիր, որը կարող է կործանվել մուսուլմանների մեծ թվի պատճառով, ապա դա հաստատ Ռուսաստանն է, որի մայրաքաղաք Մոսկվայում երեկ մեծ շուքով Վլադիմիր Պուտինի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից բացվեց Եվրոպայի ամենամեծ մզկիթը:
 
 
Հրայր Մանուկյան
«Իրազեկ քաղաքացիների միավորում»
 
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Վերլուծություն