Քննարկում` «Գրողը և 21-րդ դարի մարդկային աղետների մարտահրավերները»


Քննարկում` «Գրողը և 21-րդ դարի մարդկային աղետների մարտահրավերները»

  • 28-09-2015 15:02:47   | Կոտայքի մարզ  |  Մշակույթ

«Գրական Տապան 2015» միջազգային ամենամյա փառատոնի շրջանակում, Ծաղկաձորում տեղի ունեցավ կլոր սեղան քննարկում` «Գրողը և 21-րդ դարի մարդկային աղետների մարտահրավերները»: 
 
Քննարկման ընթացքում մասնակից գրողները մասնավորապես  շեշտեցին աղետալի իրավիճակներում գրականության կարևորությունը` ընդգծելով, որ գրականությունը կարող է դառնալ հզոր գործիք` միտված ծանր իրադրությունների մասին բարձրաձայնելուն եւ դրանց համար լուծումներ գտնելուն:
Անդրադարձ եղավ նաև Հայոց ցեղասպանության զոհ դարձած գրողների թողած գրական ժառանգությանը: Այս համատեքստում փառատոնի մասնակից գերմանացի գրող Մարագրեթ Վեինը ընթերցեց Գրիգոր Զոհրապի ստեղծագործություններից հատված` իր թարգմանությամբ (գերմաներեն):
 
ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ իրականացվող «Գրական Տապան»-ի այս տարվա կարգախոսն է «Խոսքը` հանուն կյանքի». որևէ հասարակության, հանրության մեջ ապրող գրողը մերօրյա իրականության մարտահրավերներին ամեն օր պատասխանելու, իր ձայնը լսելի ու հասանելի դարձնելու խնդիր ունի: «Գրական Տապան»-ը մասնակից գրողների համար այդ հարթակի պատվախնդիր դերն է ստանձնում և ավելի քան 40 գրողի համար դառնում հարթակ` բարձրաձայնելու հանուն կյանքի, հանուն ճշմարտության, հանուն բարձրորակ գրականության: 
 Փառատոնի մասնակիցներից են ամերիկահայ գրող, վիպասան Քրիս Բոհջալյանը, ռումինահայ գրող և քաղաքական գործիչ Վարուժան Ոսկանյանը, հոլանդացի գրող Յոկե վան Լեուվենը, չինացի պոետ, թարգմանչուհի Մինգ Դին, իսրայելցի պոետ Ամիր Օրը, իտալացի Կլաուդիո Պոցցանին և այլք: 
«Գրական Տապան 2015» փառատոնը ներառում է գրքերի շնորհանդեսներ (Յոկե վան Լեուվեն` «Ծի՜վ», Վահե Գոդել` «Ինչ ասել այս մարմնի մասին...»), քննարկումներ (Քրիս Բոհջալյան` «Ավազե ամրոցի աղջիկները», Վարուժան Ոսկանյան` «Շշուկների մատյան»), ընթերցումներ, կլոր սեղաններ, վարպետության դասեր։ Քառասուն գրողներ Հայաստանից եւ աշխարհի 18 երկրներից` Իտալիա, Ավստրիա, Ալբանիա, Ֆինլանդիա, Նորվեգիա, Իսրայել, Իրան, Կանադա, ԱՄՆ, Չինաստան, Էստոնիա, Գերմանիա, Բելգիա, Հորդանան, Հոլանդիա, Շվեյցարիա, Չեխիա, Ռումինիա, փառատոնի օրերին հնարավորություն կունենան այցելելու Հայաստանի մշակութային-պատմական հուշարձաններ:  
Փառատոնն իրականացնում է Արտասահմանյան երկրների հետ մշակութային համագործակցության հայկական հասարակական կազմակերպությունը (ԱՕԿՍ)` ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ:
 
 
Նոյյան տապան  -   Մշակույթ