Հայաստանը պետք է պատրաստ լինի չեզոքացնել ցանկացած ագրեսիա իր սահմաններին


Հայաստանը պետք է պատրաստ լինի չեզոքացնել ցանկացած ագրեսիա իր սահմաններին

  • 30-09-2015 17:31:42   | Հայաստան  |  Վերլուծություն
 
Սերժ Սարգսյանը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում իր ելույթում հայտարարել է, որ Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականությունը չզսպվելու դեպքում Հայաստանը կիրականացնի անհրաժեշտ իրավական և ռազմա-քաղաքական քայլերը Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի հանրապետությունների անվտանգությունն ու խաղաղ զարգացումը ապահովելու համար:

 

Սերժ Սարգսյանն այս կապակցությամբ բավական կոշտ ելույթ է ունեցել նաեւ Նյու Յորք մեկնելու նախօրեին, ինչն անշուշտ ՄԱԿ-ում նրա ելույթի «հրետանային նախապատրաստումն» էր: Երեւանում ունեցած իր ելույթում նա Ադրբեջանից եկող սպառնալիքները բարձրացրել էր մարդկության սպառնալիքների մակարդակ եւ ասել, որ դրանց չեզոքացումը լինելու է քաղաքակրթական խնդիր, եւ հայկական կողմը կոշտ գործողություններով լուծելու է այդ խնդիրը:

 

Ավելի վաղ, Սերժ Սարգսյանը Դուշանբեում ունեցել էր մի ելույթ, որը տրամաբանական ու բովանդակային որեւէ առնչություն չուներ վերջին երկու ելույթների հետ: Ավելին, այն հակասում էր այս ելույթներին, քանի որ դրանով նա փաստացի արձանագրում էր Հայաստանի «անզորությունը» խնդիրներ լուծելու հարցում, հրավիրելով ՀԱՊԿ-ի խաղաղապահներին:

 

Հայ հանրությունը, բանակի ղեկավարությունը հայտարարեցին, որ խաղաղապահների կարիքը չկա, ընդ որում՝ ցանկացած երկրի ու կառույցի: Հայ հանրությունն այս տեսակետից իրեն դրսեւորեց համարժեք եւ արժանապատիվ: Բոլորը, եւ հատկապես բանակի ղեկավարությունը հասկանում են, որ որեւէ օտար խաղաղապահների մուտքը Ղարաբաղ նշանակելու է մասնավորապես բանակի կապիտուլյացիան:

 

Այս տեսակետից, Սերժ Սարգսյանի երեւանյան ու նյույորքյան ելույթները համարժեք են ստեղծված իրավիճակին: Սակայն այս դեպքում առաջանում են մի շարք հարցեր, որոնք պարզաբանման կարիք ունեն: Որքանո՞վ են Սերժ Սարգսյանի ելույթները որեւէ մշակված քաղաքականության նշան, այսինքն՝ արդյոք դա քաղաքականություն է, թե ամեն անգամ արվում են իրավիճակային հայտարարություններ, կախված ներքին ու արտաքին քաղաքական կոնյունկտուրայից:

 

Խնդիրն այն է, որ Հայաստանն ըստ էության չունի արտաքին քաղաքականություն եւ հստակ դիրքորոշումներ այս կամ այն հարցերի վերաբերյալ: Այստեղից էլ՝ միմյանց փաստացի հակասող դիրքորոշումներն ու հայտարարությունները: Սակայն սա չի կարող երկար շարունակվել, որովհետեւ արդեն անմիջական զգացնել է տալիս թե սահմաններին, թե պետական կյանքի այլ ոլորտներում:

 

Ադրբեջանն, օրինակ, ունի հստակ քաղաքականություն ու դիրքորոշում մասնավորապես Ղարաբաղի խնդրում, ինչն էլ կողմերին ստիպում է հաշվի նստել նրա հետ: Հայ հանրությունն ամեն անգամ դժգոհում է, թե ինչու են ասենք միջազգային կառույցները հավասարության նշան դնում ադրբեջանական ու հայկական կողմերի գործողությունների միջեւ, երբ ագրեսորն ակնհայտ է: Դրա հիմնական պատճառը հենց Հայաստանի հստակ քաղաքականության ու դիրքորոշման բացակայությունն է: Դա էլ հանգեցրել է տարածաշրջանում ուժերի հավասարակշռության խախտման սպառնալիքին, քանի որ Հայաստանը, լինելով հաղթող երկիր եւ ունենալով միջազգային բարենպաստ ֆոն, չի կարողանում օգտվել այդ հանգամանքից:

 

Արդյոք Սերժ Սարգսյանի վերջին երկու ելույթներն արդեն որոշակի քաղաքականություն են ենթադրում: Հայտարարությունները որեւէ արժեք չունեն, եթե դրանց չեն հետեւում որոշումներն ու դրանց իրականացմանն ուղղված գործողությունները: Դա արդեն քաղաքականությունն է, որը կստիպի հաշվի նստել Հայաստանի դիրքորոշման հետ: 2014 թ. օգոստոսին հայ հանրությունը հնարավորություն ունեցավ դառնալ այդ երեւույթի վկան ու ականատեսը: Սակայն դա ի վերջո չդարձավ քաղաքականություն:

 

Սերժ Սարգսյանն ասում է, որ Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականությունը չզսպվելու դեպքում Հայաստանը կիրականացնի անհրաժեշտ իրավական և ռազմաքաղաքական քայլերը Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի հանրապետությունների անվտանգությունն ու խաղաղ զարգացումը ապահովելու համար: Իսկ ո՞վ պետք է զսպի, կամ ինչո՞ւ պետք է զսպի, եթե Հայաստանը չի վարում նման քաղաքականություն: Դա արդեն հասկացրել են Հայաստանին, թե միջնորդները, թե միջազգային հանրությունը: Այստեղ եթե-ներ չեն կարող լինել, ինչպես նաեւ հղումներ ինչ-ինչ հանգամանքներին:

 

Սահմանային վերջին իրադարձությունները, ինչպես նաեւ Մեծ Մերձավոր Արեւելքում նոր քաղաքականությունը Հայաստանից պահանջում են որոշումների կայացում եւ դրանց իրականացում: Այդ դեպքում ոչ ոք չի կարող խանգարել Հայաստանին, ավելին, 2014-ի օգոստոսյան իրադարձությունների նմանությամբ միջազգային հանրությունը կաջակցի Հայաստանին:

 

Մեծ տարածաշրջանում պատերազմի մեկնարկը տրված է: Պարզ է դարձել նաեւ, որ հայ-ադրբեջանական սահմանին վերջին լարվածությունն արդեն «լոկալ» բնույթ չունի եւ շարունակվելու է բավական երկար: Իրադարձությունների տրամաբանությունը հուշում է, որ Հայաստանը պետք է պատրաստ լինի չեզոքացնել ցանկացած ագրեսիա իր սահմաններին եւ մնա այն քաղաքականության շրջանակում, որը հռչակվել է ՄԱԿ-ի ամբիոնից: Հայաստանն ունի այդ իրավունքն ու հնարավորությունը, դա մեծ տարածաշրջանում կայունություն ու խաղաղություն հաստատելու գլոբալ խնդրի Հայաստանի բաժինն է, նրա ինքնիշխանության գրավականը: 

 

Եթե Հայաստանը չկատարի իր այս դերը, կվերածվի նոր աշխարհակարգի ձեւավորման օբյեկտի՝ դրանից բխող հետեւանքներով:

lragir.am

 

 

 

 

Նոյյան տապան  -   Վերլուծություն