Գերմանաբնակ թուրք երգչուհին համերգ կունենա Երևանում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ (տեսանյութ)


Գերմանաբնակ թուրք երգչուհին համերգ կունենա Երևանում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ (տեսանյութ)

  • 02-10-2015 16:25:58   | Հայաստան  |  Մշակույթ



Կոմիտասյան փառատոնի շրջանակներում Հայաստանում գտնվող ազգությամբ թուրք երգչուհի Լեման Շտեհնը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ հոկտեմբերի 4-ին և 6-ին Երևանում կունենա համերգներ:
 
Ինչպես հոկտեմբերի 2-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց գերմանաբնակ թուրք երգչուհու պրոդյուսեր Նվարդ Հովակիմյանը, վերոնշյալ համերգների ընթացքում Լ. Շտեհնի երգացանկի բաղկացուցիչ մաս են կազմելու հայ կոմպոզիտորների և հատկապես Կոմիտասի ստեղծագործությունները:
Համերգների ընթացքում թուրք երգչուհու հետ հանդես է գալու նաև գերմանաբնակ հայ դաշնակահարուհի Սիլվա Ֆարմազյանը:
Լ. Շտեհնի փոխանցմամբ` վաղ տարիքից տեղափոխվելով Գերմանիա` հնարավորություն է ունեցել դպրոցական դասագրքերի միջոցով ծանոթանալ պատմությանը, այդ թվում նաև Հայոց Ցեղասպանության թեմային, ինչը մեծ ցավ է պատճառել իրեն:
«Հայ ժողովուրդը իմ սրտում մեծ տեղ զբաղեցրեց դեռ պատանեկան տարիքից Գերմանիայի կոնսերվատորիայում սովորելու ժամանակ, իսկ այդ բարեկամությունը  հայերի հետ ավելի խորացավ, երբ ձեռք բերեցի  հայ ընկերներ»,- ասաց Լ. Շտեհնը և հավելեց, որ հենց հայ ընկերների շնորհիվ սկսել է հետաքրքրվել հայկական  մշակույթով, երգ ու երաժշտությամբ:
Նրա տեղեկացմամբ` Հրանտ Դինքի սպանությունը (երգչուհին Հ. Դինքին համարում է իր եղբայրը) ցնցել է իրեն  և պատճառ դարձել, որպեսզի նորից  անդրադառնա հայկական երգ-երաժշտությանը: Լ. Շտեհնն ի հիշատակ Հրանտ Դինքի` իր համերգների ընթացքում մշտապես կատարում է վերջինիս ամենասիրելի երգերից մեկը` «Սարի աղջիկը»:
Ըստ Լ. Շտեհնի` մարդը Մարդ կհամարվի այն ժամանակ, երբ կկարողանա առերեսվել սեփական կեղտոտ պատմության հետ, ինչպիսին Թուրքիային է:
«Ես չեմ խուսափում Ցեղասպանություն եզրույթն օգտագործելուց, ավելին`  քաջ գիտակցում եմ այդ բառի իմաստը և  գտնում եմ, որ իրերը պետք է կոչել իրենց անուններով»,- ընդգծեց թուրք երգչուհին և ավելացրեց, որ իր պարտքն է համարում մասնակցել ցեղասպանությունների կանխարգելմանն ուղղված բոլոր միջոցառումներին:
Լ. Շտեհնը տեղեկացրեց, որ Թուրքիայի մի խումբ արվեստագետներ եւ մտավորականներ ստորագրահավաք են սկսել` պահանջելով  թուրքական կառավարությունից  դադարեցնելու այն դպրոցական դասագրքերի կիրառումը, որոնցում ատելություն է սերմանվում հայերի եւ Հայաստանի հանդեպ: 
Երգչուհու փոխանցմամբ` ստորագրահավաքի հայ եւ թուրք նախաձեռնողները պահանջում են թուրքական դասագրքերում ներառել Հայոց ցեղասպանության պատմությունը. «Այժմյան դասագրքերը պետք է ոչնչացվեն, քանի որ դրանցում հայը ներկայացվում է որպես դավաճան եւ թուրք ազգի թշնամի,ինչն  ատելություն  սերմանում երեխաներին»,-ասաց Լ. Շտեհնը: 
Նշենք, որ Գերամանիայում բնակվող երգչուհին նաև մարդու իրավունքների պաշտպան և ակտիվիստուհի է ու Հայոց ցեղասպանության ընդունման, դատապարտման և փոխհատուցման հարցերի բարձրացման հավատացյալ ջատագով: Նա տարիներ առաջ գալով Հայաստան` այցելել է Ծիծեռնակաբերդ, և ծնկի գալով 1915 թվականի ապրիլի 24-ի անմեղ զոհերի հուշարձանի անմար կրակի մոտ,  ներողություն խնդրել իր ազգակիցների անունից կատարված ոճրագործության համար:
 
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան» 
 
 
Նոյյան տապան  -   Մշակույթ