Իշխանություններն անփոփոխ կթողնեն հոսանքի բարձրացված՝ 49 դրամ կազմող սակագինը. Տնտեսական մեկնաբան


Իշխանություններն անփոփոխ կթողնեն հոսանքի բարձրացված՝ 49 դրամ կազմող սակագինը. Տնտեսական մեկնաբան

  • 02-10-2015 17:49:55   | Հայաստան  |  Տնտեսություն

Պատկան կառուցներն առայժմ հստակ պատասխան չեն տալիս հարցին՝ կէժանանա՞ արդյոք էլեկտրաէներգիան հաջորդ տարի, երբ արդեն փոխհատուցված կլինի սակավաջրության, ատոմակայանի աշխատանքի չնախատեսված 88-օրյա դադարի և այլ օբյեկտիվ գործոնների հետևանքով ՀԷՑ-ի կրած 24 մլրդ դրամի վնասը։
 
Ամիսներ առաջ ՀԾԿՀ-ի նախագահ Ռոբերտ Նազարյանը պնդում էր, թե հենց նշված գործոններով պայմանավորված այդ վնասն է հոսանքի թանկացման պատճառը, և եթե այլ աղբյուրներից համապատասխան չափով գումար գտնվի, ապա սակագինը չեն բարձրացնի։
 
Ինչպես նախօրեին հայտարարվել է, ՀԷՑ-ի նոր սեփականատեր՝ ռուսաստանաբնակ մեծահարուստ Սամվել Կարապետյանը համաձայնել է սեփական միջոցների հաշվին կառավարության հետ համատեղ մեկ տարվա ընթացքում մարել ՀԷՑ-ի կուտակած պարտքը։ ՀԾԿՀ-ից, սակայն, չեն շտապում պարզաբանել՝ արդյոք՞ պարտքի մարումից հետո հնարավոր չի լինի վերադառնալ նախկին՝ ցածր սակագնին: Որոշ Տնտեսագետներ, օրինակ, պնդում են, որ այդ դեպքում հոսանքը պետք է էժանացնել։
 
Տնտեսական մեկնաբան Հայկ Գևորգյան․ «Հաջորդ տարվա օգոստոսի 1-ից, եթե պայմաններ չփոխվեն, պիտի նորից սակագինը վերադառնա 42 դրամին, որովհետև մենք մինչև հաջորդ տարվա օգոստոսի 1-ը կփակենք պարտքը, դա էր իրենց ուզածը»:
 
Գևորգյանը հոսանքի էժանացման համար նաև այլ նախադրյալներ է մատնանշում։ «Եթե նայենք գոնե այս տարվա առաջին 8 ամիսների պաշտոնական վիճակագրությունը, սակագինը բարձրացնելու հիմնավորումների մեծ մասը արդեն չեղյալ են, որովհետև թանկ էներգիա արտադրող ՋԷԿ-երը շատ ավելի քիչ են արտադրել այս 8 ամիսներին, քան անցած տարի, և դրա փոխարեն ավելի շատ են արտադրել շատ ավելի էժան էլեկտրաէներգիա արտադրող հիդրոէլեկտրակայանները և ատոմակայանը: Դրանց արտադրության ծավալներն անցած տարվա համեմատ շեշտակի աճել են»,-պարզաբանում է փորձագետը:
 
Այդուհանդերձ, նա համոզված է, որ իշխանություններն անփոփոխ կթողնեն բարձրացված՝ 49 դրամ կազմող սակագինը, քանի որ թանկացման որոշումն, ըստ նրա, կայացվել է սնանկացման եզրին գտնվող ընկերութունը գնորդի համար գայթակղիչ դարձնելու համար։
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Տնտեսություն