Խորհրդարանական մեծամասնության պատգամավոր Նուկրի Քանթարիան կոչ է անում ընդդիմության ներկայացուցիչներին և նրանց կողմնակիցներին հետևել վրացական օրենսդրությանը: «Եթե ընդդիմության ներկայացուցիչները հետագայում էլ շարունակեն բացասականորեն ազդել իրենց կողմնակիցների վրա, ապա դա ոչ մի լավ բանով չի ավարտվի ո´չ ընդդիմադիրների կողմնակիցների, ո´չ ընդդիմության, ո´չ էլ խորհրդարանական փոքրամասնության համար: Կոչ եմ անում բոլորին հետևել վրացական օրենսդրությունը: Խոստանում եմ, որ հենց դուք շեղվեք օրինական ուղուց, դրանով իսկ ձեզ համար մոտալուտ հանդիպում կապահովեք ձեր համակուսակցականների հետ, որոնք նստած են բանտում», -ելույթ ունենալով Վրաստանի Խորհրդարանի Բյուրոյի նիստի ընթացքում` հայտարարել է Նուկրի Քանթարիան:
«Երկրում գործող Ընտրական Համակարգն անարդար է», -խորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչների և դիվանագիտական առաքելության հետ Ընտրական Համակարգի բարեփոխումների քննարկման ընթացքում հայտարարել է «TI-Georgia» կազմակերպության ղեկավարը (այսպես կոչված` «Սորոսի ֆոնդ» -խմբ.): «Գոյություն ունեցող Ընտրական Համակարգի շրջանակներում երկրի քաղաքացիների շահերը ոչ մի կերպ պաշտպանված չեն: Մեր ընտրական համակարգը անարդար է և ոչ համամասնական: Գոյություն ունեցող օրենսդրության համաձայն` առավելությունը միշտ իշխող կուսակցության կողմից է: Օրենքը պաշտպանում է ոչ թե թույլին, այլ ուժեղին: Ե´վ մենք, և´ մեր միջազգային գործենկերները, արդեն վաղուց խոսում ենք, որ Վրաստանը պետք է ընտրական համակարգի բարեփոխումներ անցկացնի: Փառք Աստծո, իշխող կուսակցությունը ևս այսօր խոսում է ընտրական համակարգում բարեփոխումների անցկացման մասին: Մինչդեռ, նրանք առաջարկում են սկսել բարեփոխումները 2020թ.-ին: Դա սխալ է: Ինչո՞ւ այդքան տարի սպասել, եթե այսօր ևեթ երկրին անհրաժեշտ են ժողովրդավարական բարեփոխումներ», -հոկտեմբերի 5-ին հայտարարել է Էկա Գիգաուրին:
Հոկտեմբերի 5-ին առողջապահության և սոցիալական հարցերով խորհրդարանական հանձնաժողովի նիստի ընթացքում մերժվեց պարտադիր զինակոչումը չեղյալ հայտարարելու մասին օրինագիծը: «Եթե մենք չեղյալ հայտարարենք պարտադիր զինծառայությունը անհրաժեշտ կլինի լրացնել Պաշտպանության նախարարությանը այն վնասը (մարդկային ռեսուրսը), որը նա կստանա: Հարկավոր կլինի Զինված Ուժերին ներկայացնել նույնպիսի քանակությամբ զինվորներ, բայց արդեն մասնագիտացված: Իսկ դա անհնար է մոտակա ժամանակներում: Համապատասխանաբար, եթե այսօր չեղյալ հայտարարվի պարտադիր զինծառայությունը, երկրի անվտանգությունը լուրջ սպառնալիքի տակ կդրվի», -ասված է խորհրդարանական հանձնաժողովի որոշման մեջ: Պարտադիր զինծառայության չեղյալ հայտարարելու օրինագծի մասին նույն կարծիքի է նաև Պաշտպանության նախարարությունը` «զորակոչերի կասեցումը 2016թ. հունվարի 1-ից անթուլատրելի է: Մենք չունենք համապատասխան քանակության զինորներ, որպեսզի լրացնենք երկրի Զինված Ուժերի շարքերը»: «Հազարավոր երիտասարդներ, որոնց ամեն տարի զորակոչում են դեպի վրացական բանակ, զինվոր դառնալու փոխարեն, հաշվեգրվում են ՆԳ նախարարության պաշտպանության ծառայությունում, կամ էլ հսկում են երկրի բանտերը: Մենք անընդունելի ենք համարում, որպեսզի պետությունը ամեն տարի տանի երիտասարդներին և ստիպի նրանց իրականացնել ինչ-որ աշխատանք: Այո´, զորակոչիկներին վճարում են ամսական 50-70 լարի, բայց ի՞նչն է տարբերությունը, նրանք կհսկեն Ներքին Գործերի նախարարության հաստատությունները, թե՞ ասֆալտ կգցեն: Նրանք բանակում չեն ծառայում, նրանք աշխատում են: Եթե այդ մարդիկ չեն դառնում զինվորներ, ապա ինչո՞ւ այդ գործընթացը բանակ անվանել», -հայտարարել է պարտադիր զինծառայությունը չեղյալ հայտարարելու մասին օրինագծի հեղինակ Զուրաբ Ջափարիձեն:
Վիճակագրական տվյալների համաձայն` «Վրաստանում ճանապարհային երթևեկության պատահարների արդյունքում մահացածների թիվն ավելի շատ է, քան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի շատ երկրներում: Վրաստանի տվյալները երկու անգամ գերազանցում է Եվրամիության երկրների միջին ցուցանշին: 2014թ. Վրաստանում ճանապարհային երթևեկության պատահարների արդյունքում մահացել է 180 մարդ: 2015թ. առաջին 7 ամսիների ընթացքում մահացածների թիվը կազմել է 284 մարդ: 2011թ.-ից Վրաստանում ճանապարհային երթևեկության պատահարները տարեցտարի աճում են և կազմում միջինը տարեկան 2 000 պատահար: Տարեկան ավտոճանապարհային պատահարների արդյունքում տուժում է 3 000 մարդ: Ճանապարհային երթևեկության պատահարների մեծամասնությունը տեղի է ունենում Թբիլիսիում», -ասված է Վրաստանի ՆԳՆ հայտարարությունում: