«Վրաստանի նպատակն է ՆԱՏՕ մտնելը».Վրաստանի Պաշտպանության նախարար


«Վրաստանի նպատակն է ՆԱՏՕ մտնելը».Վրաստանի Պաշտպանության նախարար

  • 08-10-2015 10:37:44   | Վրաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը
 
 
 
«Պետությունը պատրաստ է Ռաճա-Լեչխումի շրջանի (երկրի բարձրալեռ շրջաններից -խմբ.) գյուղացիներից գնել խաղողի ողջ բերքը: Մենք պատրաստ ենք դա անել, որովհետև դա մեզ համար շատ կարևոր շրջան է: Մեզ համար բոլոր շրջաններն են կարևոր, բայց մենք երբեք չենք թաքցրել, որ պետությունը հատուկ օգնություն կցուցաբերի բարձրալեռ շրջաններին: Վրաստանը նույնիսկ համապատասխան օրենք է ընդունել բարձրալեռ շրջաններին աջակցություն ցուցաբերելու մասին: Այդ իսկ պատճառով էլ մենք որոշել ենք գնել Ռաճա-Լեչխումի գյուղացիների խաղողը և կվճարենք 5 լարի 1 կիլոգրամ խաղողի համար», -հոկտեմբերի 7-ին հայտարարել է Վրաստանի Գյուղատնտեսության նախարարը: Հարկ է նշել, որ Սամցխե-Ջավախքի շրջանը ևս բարձրալեռ է, մինչդեռ, պետությունը ոչ միայն չի գնում գյուղացիների արտադրած ապրանքը (կարտոֆիլ, մսամթերք և այլն), նաև չի ներառել Սամցխե-Ջավախքի շրջանը բարձրալեռ շրջանների բնակչությանն աջակցություն ցուցաբերելու ծրագրերում:
IDFI կազմակերպությունը հոկտեմբերի 7-ին վերլուծություն-հաշվետվություն է հրապարակել այն գումարների մասին, որոնք 2008-2015թթ.-ին Վրաստանից փոխանցվել են ԱՄՆ-ի լոբբիստական ընկերություններին: «ԱՄՆ-ի Կոնգրեսի ներկայացրած տվյալների համաձայն` 2008-2015թ. Վրաստանի պետբյուջեից ԱՄՆ-ի լոբբիստական ընկերություններին է փոխարցվել 9 585 115 դոլար: Նշված ժամանակահատվածում ԱՄՆ-ի լոբբիստական ընկերություններին գումար է փոխանցվել նաև Վրաստանի առանձին անհատների, ինչպես նաև կուսակցությունների կողմից: Այդ փոխանցումների գումարը կազմում է 5 270 490 դոլար: Վրաստանից ծախսվել է ընդամենը 14 855 605 դոլար: Ամենամեծ գումարը` 7 200 000 դոլար, ծախսվել է 2012թ. խորհրդարանական ընտրությունների նախաշեմին: Տվյալ գումարը լոբբիստական ընկերություններին փոխանցել է Բիձինա Իվանիշվիլին և իր քաղաքական թիմը: Վրաստանի «ամենաակտիվ» վճարողներն են Վրաստանի կառավարությունը, Վրաստանի Ազգային Անվտանգության Խորհուրդը և Բիձինա Իվանիշվիլին: 2008-2015թթ. ընթացքում այս երեք վճարողները ընդհանուր առմամբ լոբբիստական ընկերություններին են փոխանցել 14 600 000 դոլար, այսինքն ընդհանուր գումարի 98%: Ինչպես երևում է, Վրաստանի Կառավարությունը տարեկան վճարում է լոբբիստական ընկերություններին հարյուր հազարավոր դոլարներ, մինչդեռ, այդ գումարները ոչ մի կերպ չեն արտացոլվում վրացական Բյուջեի ծախսերի հաշվետվություններում», -ասված է հրապարակված հաշվետվությունում:
«Վրաստանը ՄԱՊ ստանալու նպատակ չունի: Մեր նպատակն է ՆԱՏՕ մտնելը: Եթե խոսենք ռազմավարորեն և տակտիկորեն, ապա տեղի ունեցած ՆԱՏՕ-ի գագաթաժողովից հետո մեր ձգտումն է ՆԱՏՕ-ի հետ այնպիսի հարաբերությունների հաստատումը, որոնք կմոտեցնեն մեզ մեր նպատակին: Իսկ թե ինչպես կկոչվեն ՆԱՏՕ մտնելու նպատակին մերձենալու մեր քայլերը, մեզ չի հուզում: Մենք ուզում ենք, որ ՆԱՏՕ-ի երկրների Վարշավայի Գագաթաժողովից հետո Վրաստանի և նրա` ՆԱՏՕ մտնելու միջև այլև միջանկյալ փուլեր չմնան: Մեզ հարկավոր է այնպիսի հռչակագիր, որը կհաստատի, որ մեր` ՆԱՏՕ մտնելուն ոչինչ չի խոչընդոտում», -Բրյուսելում կատարած աշխատանքային այցի ընթացքում հայտարարել է Վրաստանի Պաշտպանության նախարարը:
Թբիլիսիի քաղաքապետի հայտարարության համաձայն` «քաղաքապետարանը հոկտեմբեր ամսից կսկսի կարիքավոր քաղաքացիների էլէկտրականության սուբսիդավորումը: Այն քաղաքացիները, որոնք հավաքել են 70 000 սանդղակային միավորներ, կստանան կրկնակի վաուչեր էլեկտրականության համար, մնացած խմբերը կստանան 20 լարիի չափով վաուչեր», -հայտարարել է Վրաստանի քաղաքապետը:
Վրաստանի Ազգային Բանկի որոշման համաձայն` հոկտեմբերի 8-ին 1 դոլարը կարժենա 2.3999 լարի, իսկ 1 եվրոն` 2.6999 լարի: Վրաստանի Ազգային Արժույթը շարունակում է արժեզրկվել:
2016թ. պետբյուջեի նախագծի համաձայն` Վրաստանի Կրթության նախարարությանը կհատկացվի 905 000 000 լարի: 2015թ. նախարարությունը Բյուջեից ստացել էր 841 000 000 լարի: «Նախարարության բյուջեի աճը կապված է ուսուցիչների աշխատավարձերի ավելացման հետ: Միջնակարգ կրթության ֆինանսավորման համար կհատկացվի 572 900 000 լարի: Բարձրագույն կրթությունը կֆինանսավորվի 174 000 000 լարիով, իսկ մասնագիտականը` 36 000 000 լարիով: Ենթակառույցային նախագծերի իրականացման համար նախատեսված է ծախսել 94 400 000 լարի, որոնցից 48 900 000-ը կծախսվի դպրոցական հաստատությունների շինարարության կամ վերանորոգման, 11 000 000 ԲՈՒՀ-երի ենթակառույցները վերանորոգելու, իսկ 3 500 000-ը գիտական հաստատությունների և կենտրոնների վրա», -ասված է Վրաստանի 2016թ. պետական Բյուջեի նախագծում:
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը