Հայ կրթական հիմնարկությունը դիմավորել է իր նոր ուսանողներին և ճանապարհել շրջանավարտներին


Հայ կրթական հիմնարկությունը դիմավորել է իր նոր ուսանողներին և ճանապարհել շրջանավարտներին

  • 10-10-2015 12:56:37   | Հայաստան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ

ՀԿՀ-ի կողմից արդեն բարի ավանդույթ է դարձել նոր ուսումնական տարվա սկզբին հանդիպում կազմակերպել նոր և կրթաթոշակը շարունակող ուսանողների հետ։ Այս անգամ էլ հանդիպման առիթը ուսանողների հետ միմյանց ծանոթացումն էր, շրջանավարտներին բարի ճանապարհ մաղթելու ու հավաստագրերի հանձնման արարողությունը: Հանդիսավոր միջոցառմանը ներկա էին գտնվում ՀԿՀ Ամերիկյան խորհրդի անդամներ, բարերարներ և ՀԿՀ հայաստանյան խորհրդի անդամներ:
 
Այս տարի 500 ուսանողի դիմումներից ընտրվել են 67 նոր ուսանող և շարունակական բարձր առաջադիմության արդյունքում իրենց ուսումը շարունակեցին արդեն իսկ համակարգում գտնվող 64 ուսանող։
Կրթաթոշակները տրամադրվում են տվյալ ուսումնական տարվա վարձավճարի չափով՝ խրախուսելու և նպաստելու բարձր առաջադիմությամբ և միևնույն ժամանակ սոցիալապես անապահով ընտանիքի ուսանողներին:
 
Բարի գալուստի և ողջույնի խոսքով հանդես եկան ՀԿՀ Ամերիկայի խորհրդի անդամներ Վահիկ Պետրոսյանը և Հերմինե Փախանյանը: 
 
Երեկոյի առաջին մասը նվիրված էր ուսանողներին ողջունելու և հավաստագրեր հանձնելու արարողությանը: Հավաստագրերը ուսանողներին հանձնեց ՀԿՀ Հայաստանյան խորհրդի նախագահ Սեդա Դավիդյանը: Ավարտող 21 ուսանողից 11-ն արդեն իսկ աշխատանք ուներ, իսկ 10 հոգին կամ գերազանց առաջադիմության արդյունքում ուսումը շարունակում էր մագիստրատուրայում կամ պատրաստվում էր մայրանալ:
 
Երեկոյի երկրորդ հատվածում, որը հենց միտված էր, որպեսզի ուսանողները շփվեն միմյանց և հովանավորների հետ, ընթանում էր այսպես, յուրաքանչյուր կլոր շրջան, որտեղ նստած էին ուսանողները, նստած էր նաև մեկ բարերար կամ հանձնախմբի անդամ: Քննարկում անցկացնողը՝ Մադլեն Մինասյանը, հայտարարում էր նախապես ընտրված թեման, որից հետո սկսվում էր քննարկումը տվյալ թեմայի շուրջ: 10 րոպեն լրանալուն պես, ուսանողները պետք է կլոր շրջանը լքեին և նոր շրջանում սկսեին նոր թեմայով քննարկումը: Ուսանողները հյուրընկալ բարերարի կամ հանձնախմբի հետ քննարկում էին այնպիսի հարցեր ինչպիսիք են, բնակավայր, որը կարելի է առաջարկել զբոսաշրջիկին, մի վայր, որը դուրս է զբոսաշրջային քարտեզից՝ արդյուքնում ոչ միայն մեր հյուրն էր տեղեկանում, այլ նաև շրջանի մասնակից ուսանողները: Հաջորդիվ ընտրված էին թեմաներ, որոնք շատ արդիական էին, ինչպես օրինակ, ինչն է պատճառը, որ տղաները քիչ են դիմում նման մրցութային ծրագրերի, ինչ լավ իրադարձություն է վերջերս տեղի ունեցել Հայստան աշխարհում կամ ուսանողի շրջապատում և կամ ինչ ներդրում կարելի է կատարել Հայաստանում: Քննարկման արդյունքն այն եղավ, երբ նախատեսված հարցերից ու րոպեներից հետո, բոլորը դահլիճում ինքնակազմակերպված քննարկում էին նոր հարցեր, իսկ ավելի գործուներն առաջարկեցին ամենը քննարկել նաև օն-լայն հարթությունում, չէ որ նրանցից մեծ մասն արդեն ֆեյսբուքյան ընկերներ կդառնան:
 
Ներկաները բաժանվեցին փոխադարձ սպասումով, որ այս կապը դեռ երկար տարիներ կուղեկցի թե ուսանողներին, թե խորհրդի անդամներին: 
 
Հ.Գ Հայ կրթական հիմնարկությունը հիմնադրվել է 1950 թ-ին, ԱՄՆ Գլենդել քաղաքում: 1988 թ-ի աղետալի երկրաշարժից հետո Հայ Կրթական հիմնարկությունն իր ծավալուն գործունեությունն է սկսել Հայաստանում, Արցախում և Ջավախում: ՀԿՀ-ի կողմից մինչ օրս կառուցվել և վերանորոգվել են 185-ից ավելի կրթական հաստատություններ (դպրոցներն ապահովվել են անհրաժեշտ գույքով և տեխնիկայով): Դպրոցաշինությանը զուգահեռ 500-ից ավելի ուսանողների շարունակակն բարձր առաջադիմության հիման վրա փոխահատուցվել է ուսման վճարը` մինչ տվյալ կրթական մակարդակի ավարտը:
 
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ