Մանկավարժական և Վանաձորի պետական համալսարանները 4 տարով ինստիտուցիոնալ հավատարմագրում ստացան


Մանկավարժական և Վանաձորի պետական համալսարանները 4 տարով ինստիտուցիոնալ հավատարմագրում ստացան

  • 10-10-2015 14:11:42   | Հայաստան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ

Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանին  և Վանաձորի Հովհ. Թումանյանի անվան պետական համալսարանին 4 տարի ժամկետով ինստիտուցիոնալ հավատարմագրում շնորհվեց: Այսօր կայացած նիստում նման որոշում կայացրեց «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի հավատարմագրման հանձնաժողովը:
 
Յուրաքանչյուր բուհի համար տեղի ունեցավ առանձին քննարկում, որտեղ հավատարմագրման գործընթացն իրականացրած փորձագիտական խմբի ղեկավարը ներկայացրեց բուհի ուժեղ և թույլ կողմերը, փորձագիտական խմբի տված  խորհրդատվությունները և  գնահատականը բուհի`փորձագիտական զեկույցում նշված թերությունների վերացման  գործողությունների ծրագրին:
 
Հավատարմագրման կարգի համաձայն`4 տարով հավատարմագրում ստացած բուհերը երկու տարին մեկ պարբերականությամբ   պետք է   ինստիտուցիոնալ ներքին գնահատում իրականացնեն և արդյունքները ներկայացնեն ՈԱԱԿ:
 
Ինստիտուցիոնալ  հավատարմագրումը պետության կողմից ուսումնական հաստատության կրթական և  որակի ապահովման գործընթացների, մասնագիտությունների կրթական ծրագրերի պետական կրթական չափորոշիչներին և ինստիտուցիոնալ հավատարմագրման չափանիշներին համապատասխանության ճանաչումն է: Այն  պարբերաբար իրականացվող պարտադիր գործընթաց է մասնագիտական ուսումնական բոլոր հաստատությունների համար:
 
Ավելի վաղ ՈԱԱԿ հավատարմագրման հանձնաժողովը ինստիտուցիոնալ հավատարմագրման մասին որոշում էր կայացրել ևս 13 բուհերի վերաբերյալ`մեկին շնորհելով հավատարմագրում 6 տարի ժամկետով, ութին`4 տարի ժամկետով, երկուսին`պայմանական ինստիտուցիոնալ հավատարմագրում 2 տարի ժամկետով, երկուսի հավատարմագրումն էլ մերժել էր: 
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ