Արևային մշակմամբ հայկական սուջուխը կարող է դառնալ Հայոց բանակի սնման լավագույն տարբերակ. Վահան Համազասպյան


Արևային մշակմամբ հայկական սուջուխը կարող է դառնալ Հայոց բանակի սնման լավագույն տարբերակ. Վահան Համազասպյան

  • 10-10-2015 18:11:41   | Հայաստան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ

Խաղողի հյութից պատրաստված և արևային էներգիայով (DVH տեխնոլոգիայով) վերամշակված հայկական սուջուխը կարող է դառնալ լավագայուն  քաղցրավենիքը Հայոց բանակում ծառայող զինվորների համար:
Այն ունի բարձր կալորիականություն, ծարավ և երկրորդային էֆֆեկտեր չի առաջացնում, հարմար է ուսապարկերում և գրպաններում պահելու համար: 
 
Գիտությանը, նորարարական տեխնոլոգիաների զարգացմանը և հեռանկարային լուծումերին աջակցող «Նոյյան Տապան» Հիմնադրամի նախաձեռնած   «Գյուտարարների ակումբի» հերթական  քննարկման ժամանակ «Արևային քաղցրավենիք» անվանմամբ հայկական սուջուխի մասին մասնակից գյուտարարներին տեղեկացրեց Հելիոֆիկացիայի ծրագրի ղեկավար, տեխնիկական գիտությունների դոկտոր Վահան Համազասպայանը: 
Ըստ նրա` 310 հազար տոննա խաղողից կարելի է ստանալ 60 հազար տոննա արևային վերամշակման ենթարկված սուջուխ, որի օգտագործումն  օգտակար կլինի բանակի սնման տեսանկյունից:
Վ. Համազասպյանի պնդմամբ` իր առաջարկած արևային քաղցրավենիքի պատրաստմամբ կարող են զբաղվել բոլոր խաղողագործները և գյուղացիները տնային պայմաններում, նման արտադրություն կազմակերպելու համար բավարար է արևային սարքերի ձեռք բերումը:
«Այս արտադրանքն անցել է եվրոպական 30 ցուցահանդեսներ, իսկ 2002 թվականին Ֆրանսիայում անցկացված ամենամյա գյուղատնտեսական ցուցահանդեսի ժամանակ արժանացել է «Տարվա լավագույն նորույթ» անվանակարգին»,- նշեց Վ. Համազասպյանը` առաջարկելով բոլոր գյուտարարներին միասնական ուժերով զբաղվել արևային քաղցրավենիքի արտադրությամբ:   
Վ. Համազասպյանի  խոսքերով` քաղցրահամ սուջուխը կարող են օգտագործել  սահմանապահները,  դիպուկահարները, նաեւ օդաչուները:
«Դարեր առաջ Ալեքսանդր Մակեդոնացին  իր զինվորներին  կռվից առաջ կերակրում էր հայկական քաղցր սուջուխով, ինչն ավելի մատչելի էր ու օգտակար»,- հիշեցրեց Վ. Համազասպյանը:
Գիտնականը պատրաստվում է իր այս առաջարկը ներկայացնել ՀՀ Պաշտպանության նախարարությանը:
«Նոյյան Տապան» «Գյուտարարներ ակումբի» անդամ այլ գյուտարարներ ևս հանդես եկան առաջարկություններով` ուղղված ՀՀ  Պաշտպանության նախարարությանը:
Այդ առաջարկները հնարավոր է  ՀՀ ՊՆ ներկայացուցչին  ներկայացվեն «Գյուտարարների ակումբի» հաջորդ քննարկման ընթացքում: 
 
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան» 
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ