Սերժ Սարգսյանը դժգոհ է Արա Աբրահամյանից.Մեկնաբան


Սերժ Սարգսյանը դժգոհ է Արա Աբրահամյանից.Մեկնաբան

  • 13-10-2015 17:54:10   | Հայաստան  |  Վերլուծություն
 
Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի հայերի միության 15-ամյակի կապակցությամբ, որը կարծես բավական նրբորեն քողարկված դժգոհություն է Արա Աբրահամյանից, իսկ ավելի կոնկրետ՝ Հայաստանում քաղաքական գործունեություն ծավալելու նրա մտադրությունից: Արա Աբրահամյանն օրերս հայտարարել էր, թե մտադիր է Հայաստանում կուսակցություն ստեղծել ու մասնակցել խորհրդարանի ընտրությանը: «Հայաստանը մեր հայրենիքն էլ է», հայտարարել էր նա:

 

Սերժ Սարգսյանը ՌՀՄ 15-ամյակի կապակցությամբ շնորհավորական ուղերձում որեւէ բան չի ասում նրա այդ մտադրության մասին, բայց ուղերձը բավական ընդգծված շեշտում է Ռուսաստանի հայկական համայնքի շրջանակը, որպես ՌՀՄ գործունեության դաշտ:

 

«ՌՀՄ-ի կայացման գործում որոշիչ դեր խաղաց կազմակերպության հիմնադրի և անփոփոխ ղեկավարի՝ Արա Աբրահամյանի նպատակաուղղված աշխատանքը, ով երկար տարիներ մշտապես բնակվելով Ռուսաստանում, շատ բան է անում մեր եղբայրական պետությունների միջև բազմակողմ կապերի հետագա ամրապնդման համար», ասված է Սարգսյանի ուղերձում:

 

Հատկանշական է Արա Աբրահամյանի «երկար տարիներ մշտապես Ռուսաստանում բնակվելու» հանգամանքի շեշտադրումը, որով Սերժ Սարգսյանը թերեւս ակնարկում է այն, որ Աբրահամյանը Հայաստանի քաղաքացի չէ եւ չունի Հայաստանում քաղաքական գործունեություն ծավալելու իրավունք:

 

Դժվար է ասել իհարկե, թե ինչ կանի Հայաստանի իշխանությունը, եթե Աբրահամյանն իր կրեմլյան կապով կամ հովանիով դնի այդ հանգամանքի վրա աչք փակելու պահանջ, առավել եւս, որ Աբրահամյանը գուցե Հայաստանում քաղաքականությամբ կզբաղվի միջնորդավորված՝ միջնորդական հայտ ներկայացնողի պակաս նա չի ունենա: Բայց, շնորհավորական ուղերձում Սերժ Սարգսյանի շեշտադրումը հուշում է, որ նա այնքան էլ ոգեւորված չէ Հայաստանում կուսակցություն ստեղծելու եւ խորհրդարանի ընտրությանը մասնակցելու աբրահամյանական մտադրությամբ:

 

Մյուս կողմից, իսկապես էական է հարցը, թե Աբրահամյանի մտադրությունում ինչ դեր ունի Կրեմլը: Կրե՞մլն է գաղափարի հեղինակը, թե՞ հավանություն է տվել դրան, կամ գուցե պարզապես դեմ չի եղել: Սերժ Սարգսյանին հավանաբար հայտնի կլինի Կրեմլի առնչության աստիճանը: Չի բացառվում, որ նա փորձում է հստակ պարզել դա եւ այդ իսկ պատճառով առայժմ բավական նրբորեն է իր դժգոհությունը հայտնում Արա Աբրահամյանից, սպասելով գուցե արձագանքի, հասկանալու համար, թե ինչ մակարդակի հետ գործ ունի:

 

Ի վերջո բացառված չէ, որ Աբրահամյանն ընդամենը փորձել է հետ չմնալ մեկ այլ ռուսաստանցի մեծահարուստ Սամվել Կարապետյանից, ով գնելով Հայաստանի էլցանցերը, էական տնտեսա-քաղաքական կշիռ է ձեռք բերել Հայաստանում, որը ամենայն հավանականությամբ որոշակի տեսքով կարտահայտվի իշխանության առաջիկա բաժանման ընթացքում:

 

Դրան զուգահեռ, եթե Կարապետյանից բացի Հայաստանում տնտեսա-քաղաքական հավակնությամբ աշխույժ խաղի մեջ է մտնում նաեւ Արա Աբրահամյանը, ապա փաստացի տեղի է ունենում ներիշխանական ստատուս-քվոյի էական խախտում, ինչը կարող է ավելորդ լարվածություն առաջ բերել ՀՀԿ-ում եւ դժգոհություն առաջացնել Սերժ Սարգսյանի հանդեպ: Ավելի շուտ, Սերժ Սարգսյանն այդ դեպքում կարող է պարզապես կորցնել Հայաստանի ներքաղաքական եւ ներհամակարգային գործընթացներում թելադրող դիրքերը եւ ազդեցություն ունենալ ՀՀԿ ճակատագրի վրա:

 

Դա Սարգսյանի համար առաջ կբերի ներկուսակցական եւ ներհամակարգային խնդիրներ, ինչն էլ իր հերթին կարող է ռիսի տակ դնել նույնիսկ Սահմանադրության փոփոխության նախաձեռնությունը:

 

Այդ տեսանկյունից, Սերժ Սարգսյանի համար էական է գոնե մինչեւ դեկտեմբերի 6-ն ընդդիմանալ Արա Աբրահամյանին, մինչ 6-ից հետո արդեն ներհամակարգային ու ներքաղաքական կյանքը Սարգսյանը կկարողանա բերել նոր տրամաբանության եւ հոգեբանության դաշտ, երբ արդեն բավական քիչ կլինի կախվածությունը ՀՀԿ-ից, եւ անձնական ազդեցությունը պահելու համար ավելի մեծ կլինի արդեն ռուսաստանցի մեծահարուստներին հակակշռելու համար անհրաժեշտ ներհամակարգային ռեսուրսների ճկունությունը:

lragir.am

 

 

 

 

Նոյյան տապան  -   Վերլուծություն