Երեկ՝ հոկտեմբերի 14-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում:
Ժամը 21:40-ի սահմաններում ՀՀ Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ճամբարակ քաղաքի Սարալանջի թիվ 47 տան տանիքի վրա է հայտնվել Գազ 66 մակնիշի ավտոմեքենա և այն տանիքից հեռացնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Ինչպես դեպքի վարից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել է ՀՀ ՏԿԱԻՆ Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ Էդիկ Գալստյանի գլխավորությամբ: Ժամանել է նաև ոստիկանության Ճամբարակի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Պարգև Խաչիկյանի գլխավորությամբ: Տեղում են նաև Ճամբարակի քաղաքապետարանի աշխատակիցները՝ քաղաքապետ Յուրա Ավալյանի գլխավորությամբ: Այս պահին փրկարարները, ոստիկանության ծառայողներն ու քաղաքացիները փորձում են մեծ դժվարությամբ հատուկ տեխնիկայի գործադրմամբ բեռնատարը հեռացնել տանիքի վրայից: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան, իսկ տանտերը հարևան սենյակում քնած է եղել և արթնացել է ուժեղ դմփոցից: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ բեռնատարը պատկանում է Սարալանջի փողոցի 50 տան բնակիչ Մհեր Գաբրիելյանին, ով մեքենան կայանել էր բակում, սակայն դեռևս անհայտ պայմաններում մեքենան ինքնաբերաբար առաջ է ընթացել և մոտ 250 մետր առաջ գալով՝ հայտնվել է տան տանիքում:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: