«Ատոմակայանի ժամկետների երկարաձգումը վտանգավոր խաղ է».Բնապահպան (Տեսանյութ)


«Ատոմակայանի ժամկետների երկարաձգումը վտանգավոր խաղ է».Բնապահպան (Տեսանյութ)

  • 15-10-2015 12:39:13   | Արմավիրի մարզ  |  Տնտեսություն



«Ռոսատոմ» պետական կորպորացիայի ղեկավար Սերգեյ Կիրիենկոյի՝ Հայաստան այցից հետո ակտիվորեն սկսեց քննարկվել Հայաստանում գործող ատոմակայանի շահագործման ժամկետների երկարաձգման և նոր ատոմակայան կառուցելու հարցը։
 
Կիրիենկոն Հայաստանի էներգետիկայի նախարարի հետ հանդիպման ժամանակ վստահեցրեց, որ ռուսական միջոցներով ատոմակայանի վերազինումից հետո մի քանի անգամ կմեծանան անվտանգության երաշխիքները։
 
Սակայն մի շարք մասնագետների խոսքով՝ Հայաստանի ատոմակայանը արդեն վաղուց պետք է փակված լիներ, քանի որ Հայաստանի նման երկրի համար մեծ ճոխություն է ատոմակայան ունենալը։ Բնապահպան Հակոբ Սանասարյանի խոսքով՝ ատոմակայանի ժամկետների երկարաձգումը վտանգավոր խաղ է։
 
Մինչդեռ ատոմակայանների շահագործման գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն, տեխնիկական գիտությունների դոկտոր, ՀՀ նախագահին կից ատոմային էներգիայի անվտանգության խորհրդի անդամ և գործադիր քարտուղար Վահրամ Պետրոսյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում չհամաձայնեց հնչեցված դիտարկումների հետ՝ պնդելով, որ ատոմակայանը մեր էներգետիկ անվտանգության երաշխիքն է և դեռ կարելի է ժամկետներ երկարաձգել։
 
Պետրոսյանի խոսքով՝ ռուսական վարկով ատոմակայանի նորոգման որոշակի աշխատանքներ արդեն իսկ կատարվում են։ Աշխատանքների առաջին փուլը շուտով կմոտենա ավարտին։
 
Ատոմակայանի ժամկետների երկարաձգումից, նորոգումից հետո, Պետրոսյանի խոսքով, Հայաստանը պետք է մտածի առաջիկա 10-15 տարվա ընթացքում նոր միջուկային էներգաբլոկի կառուցման մասին։
 
Ինչ վերաբերում է երկրորդ ատոմակայանի կառուցմանը, ապա Պետրոսյանի խոսքով՝ դա լիովին իրատեսական ծրագիր է, ու թեև որպես ժամկետ նշվում է  2027 թվականը, սակայն նա կարծում է, որ 2030 թվականին մենք արդեն իսկ կունենանք երկրորդ ատոմակայանը՝ պատրաստ շահագործման։
 
Սանասարյանը հակադարձում է՝ նույն տարածքում երկրորդ ատոմակայան կառուցելը տրամաբանության սահմաններից դուրս է։
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Տնտեսություն