Հարցազրույց Թբիլիսիի Քաղաքային Խորհրդի նախագահ Գիորգի Ալիբեգաշվիլու հետ


Հարցազրույց Թբիլիսիի Քաղաքային Խորհրդի նախագահ Գիորգի Ալիբեգաշվիլու հետ

  • 19-10-2015 14:54:06   | Վրաստան  |  Հարցազրույցներ

Անցյալ հանգստյան օրերին (17-18 հոկտեմբերի) Վրաստանի մայրաքաղաքը նշում էր իր տարեդարձը` «Թբիլիսոբան»: Տոն, որը հատկապես թանկ է արմատական թբիլիսեցիների, ինչպես նաև Վրաստանի բնակչության մեծամասնության համար: «Թբիլիսոբա» տոնի կապակցությամբ Թբիլիսիի Քաղաքային Խորհրդի նախագահ Գիորգի Ալիբեգաշվիլին շնորհավորել է քաղաքի բնակիչների և թբիլիսահայությանը:
 
«Մենք միմյանց հանդեպ մեծ պատասխանատվություն ենք կրում: Մեր պատմական պարտքն է աջակցել միմյանց: Սիրել Թբիլիսին չի նշանակում միայն ապրել այս քաղաքում: Սիրել Թբիլիսին նշանակում է հոգ տանել քաղաքի զարգացման մասին: Պետք է կառուցել մեր ապագան:
Թբիլիսին անընդհատ հոգատարության կարիք ունի: Մենք պետք է օգնենք միմյանց: Շնորհավորում եմ քաղաքի բոլոր բնակիչներին քաղաքի տոնի կապակցությամբ: Տվյալ դեպքում ուզում եմ շնորհավորել թիֆլիսահայությանը: Ուզում եմ ցանկանալ Ձեզ առողջություն, հարստություն, բարեկեցություն, բազմացում և միաբանության զգացում», -ասված է Գիորգի Ալիբեգաշվիլու շնորհավորանքում:
Քաղաքի տոնի նախօրեին «Միություն»-ը հանդիպել է Քաղաքային Խորհրդի (Սակրեբուլո) նախագահ Գիորգի Ալիբեգաշվիլու հետ: Չնայած նրան, որ տոնական օրերին ընդունված չէ խոսել խնդիրների մասին, Սակրեբուլոյի նախագահի հետ զրույցն ինքնին մոտեցավ օրակարգային հարցերին, որոնց լուծումը թույլ կտա մեր քաղաքին դառնալ ավելի միասնական, արդար և զարգացած:
Հարգելի ընթերցողի ուշադրությանն ենք ներկայացնում «Միության» հարցազրույցը Թբիլիսիի Քաղաքային Խորհրդի նախագահ Գիորգի Ալիբեգաշվիլու հետ:
Հայտնի է, որ Սակրեբուլոն քաղաքի Խորհրդարանն է և, համապատասխանաբար, աշխատում է քաղաքին վերաբերող բազմաթիվ հարցերի շուրջ: Ո՞րն է Սակրեբուլոյի աշխատանքի հիմնական մարտահրավերը, և որո՞նք են Թբիլիսիի օրենսդրական մարմնի աշխաըանքի առավելությունները:
- Շնորհակալություն, որ անտարբեր չեք քաղաքին անհանգստացնող խնդիրների վերաբերյալ: Տեղական Ինքնակառավարման մարմինների ընտրություններից հետո արդեն մեկ տարի է անցել, և կարելի է ասել, որ շատ խնդիրներ են կուտակվել: Որոշ հարցեր արդեն գտել են իրենց լուծումը: Բայց կան այնպիսի հարցեր, որոնց լուծումը դեռ առջևում է:
Առաջին հերթին ես կնշեի սոցիալական հարցերը: Ցավոք, մեր ռեսուրսները մեզ թույլ չեն տալիս սոցիալական աջակցություն և օգնություն ապահովել բոլոր կարիքավոր ընտանիքներին: Կարևորագույն խնդիրներից մեկն է աշխատատեղերի խնդիրը: Այդ կերպ կան երկու հիմնական, միմյանց հետ կապված խնդիրներ` աշխատանքի տեղավորման և կարիքավոր ընտանիքներին օգնություն տրամադրելու խնդիրները:
Այդ երկու խնդիրներն էլ լուծելի են: Խնդիրների լուծումը կապված է ներդրումների հետ, որոնք արվում են մեր քաղաքում: Ժամանակի ընթացքում ամեն ինչ իր տեղը կընկնի և կստեղծվեն անհրաժեշտ քանակության աշխատատեղեր:
Նաև ուզում եմ ասել, որ Թբիլիսին բազմազգ քաղաք է: Մի քանի ամիս առաջ, «Վրացական երազանք» կոալիցիայի, ավելի ճիշտ` Ռիմա Բերիձեի նախաձեռնությամբ, քաղաքի Սակրեբուլոյին կից ստեղծվել է ազգային փոքրամասնությունների հարցերով Խորհուրդ: Տվյալ Խորհուրդը ղեկավարում և ներկայացնում է Ռիտա Խիդիրբեգիշվիլին:
Թբիլիսի քաղաքի Սակրեբուլոյին կից ազգային փոքրամասնությունների հարցերով Խորհուրդն աշխատում է ոչ միայն կրթամշակութային հարցերի շուրջ: Խորհուրդն ունի ավելի լայնամսշտաբ առաջադրանքներ: Համատեղ ջանքերով մենք ծրագրում ենք վերհանել գոյություն ունեցող խնդիրների և հարցերի բաժինը: Քաղաքի Սակրեբուլոն առավելագույնս կաջակցի գոյություն ունեցող խնդիրների լուծմանը:
Ազգային փոքրամասնությունների ներքաշվածությունը շատ կարևոր է մեր քաղաքի համար: Ես ինքս մեծացել եմ վրացիների, հայերի, հրեաների, ռուսների շրջապատում: Մենք միասին ենք մեծացել և, բնականաբար, բազմազգության թեման ինձ շատ հարազատ է: Մենք ընկերություն ենք անում դեռևս մանկությունից… Ընկերություն ենք անում նաև այսօր:
Մեր քաղաքի համար դա բնական գործընթաց է: Ոչ միայն ես, այլև շատերը Թբիլիսին համարում են Անդրկովկասի և եվրոպական մայրցամաքի ամենաբազմազգ և հանդուրժող քաղաքներից մեկը:
Չնայած նրան, որ Թբիլիսին իսկապես բազմազգ քաղաք է, թբիլիսահայությունը, որը հանդիսանում է քաղաքը կազմող ազգային խումբ, այսօր Քաղաքային Խորհրդում չունի ոչ մի ներկայացուցիչ: Ի՞նչ եք կարծում, ո՞րն է խնդիրը: Ինչո՞ւ բազմազգ Թբիլիսիի Կառավարման մարմիններում ներկայացված են միայն վրացիները և ինչպե՞ս եք դուք տեսնում տվյալ հարցի լուծումը:
- Վրաստանը բազմազգ և հանդուժող երկիր է: Դա համընդհանուր ճանաչում գտած փաստ է: Մեր օրենսդրությունը ոչ ոքի չի արգելում մասնակցություն ունենալ քաղաքական գործընթացներին:
Այսօրվա դրությամբ ընտրությունները մեր երկրում անցկացվում են մեծամասնական և համամասնական համակարգով: Մենք ունենք բավականին ակտիվ հայ ներկայացուցիչներ: Նրանք կարող են մանակցել ինչպես կուսակցական, այնպես էլ մեծամասնական գծով:
Ինձ համար նման խնդիր գոյություն չունի: Չկա որևէ իրավիճակ, որի դեպքում մենք ինչ-որ մեկին արգելենք մասնակցել քաղաքական կյանքին: Ամեն ինչ պետք է տեղի ունենա ժողովրդավարության շրջանակներում: Երկրի բնակչությունն ինքը պետք է որոշի, թե ով կներկայացնի իր շահերը: Հայտնի է, մեր Խորհրդարանում միշտ ավանդաբար եղել են հայ պատգամավորներ: Համապատասխանաբար, ես կարծում եմ, որ նման մոտեցումը լիովին ընդունելի է Թբիլիսիի Քաղաքային Խորհրդի համար:
Այսօր, ամբողջ երկրի մասշտաբով, ակտիվորեն քննարկվում է քվոտաների ներմուծման հարցը այն կանանց համար, ովքեր ցանկանում են մասնակցել պետական և տեղական կառավարման մարմինների աշխատանքներին: Խոսքն այն մասին է, որպեսզի կանանց ներկայացուցչությունը պետական կառավարման մարմիններում, համամասնական լինի իրենք քանակին: Ընդհանուր առմամբ, ո՞րն է Ձեր դիրքորոշումն այս նախաձեռնության վերաբերյալ:
- Ես կասեմ կոնկրետ, ոչ թե ընդհանրապես: Ես կողմնակից եմ, որպեսզի գենդերային հավասարակշռությունը մեծացվի: Այսօրվա դրությամբ խոսքը վերաբերում է համամասնության 30% աճին: Տվյալ փոփոխությունը պետք է արտացոլվի Քաղաքային Խորհրդի հաջորդ կազմի վրա: Ես համոզված եմ, որ լավից բացի ուրիշ ոչինչ այդ փոփոխությունները չեն բերի:
Բնականաբար, ես նկատի ունեմ, որ բնակչությունը կընտրի ամենաարժանավորներին` անկախ ազգային պատկանելությունից: Վրաստանում կան շատ արժանավոր կանայք, որոնք պետք է ավելի ակտիվանան:
Իմ սկզբունքային դիրքորոշումն այն է, որ քաղաքային և պետական կառավարման մարմիններում կանանց ներկայացուցչությունը լինի զգալի և պարտադիր ավելացված:
Իսկ ի՞նչ եք Դուք մտածում ազգային փորքմասնությունների ներկայացուցիչների համար տեղական և պետական մարմիններում քվոտաների ներմուծման մասին:
- Եկե´ք հարցին նայենք հետևյալ տեսանկյունից՝ նորից անիվ չստեղծենք: Եկեք, ամեն ինչ անենք ըստ միջազգայնորեն ճանաչված չափանիշների: Ամեն ինչ անենք այնպես, ինչպես դա ընդունված է այլ երկրներում:
Բնականաբար, ենթադրվում է, որ ազգության խնդիրը միշտ էլ գոյություն կունենա: Բայց ամեն ինչ կախված է նրանից, թե մենք ինչպես կվերաբերվենք դրանց և ինչ ճանապարհով կփորձեն լուծել գոյություն ունեցող հարցերն ու խնդիրները:
Ես համոզված եմ, որ հաշվի առնելով վրացիների բնավորությունն ու պատմական փորձը` բոլոր այդ հարցերը լիովին լուծելի են: Մենք թշնամական վերաբերմունք չունենք ոչ մի ազգի նկատմամբ: Կարծում եմ, որ մեր դռները բաց են: Կրկնեմ, ես ողջունում եմ տեղական և պետական կառավարման մարմիններում կանանց համամասնական ներկայացուցչության ավելացումը:
Թբիլիսիում ապրում է մոտ 60 000 հայ: Դա բնակչության ընդհանուր քանակի 7%-ից ավելին է: Մինչդեռ, ամբողջ քաղաքում չկա ոչ մի պետական մանկապարտեզ, որտեղ դասավանդումը կտարվեր հայոց լեզվով: Ինչպե՞ս եք Դուք պատկերացնում տվյալ հարցի լուծումը:
- Մանկապարտեզների հարցը քաղաքին անհանգստացնող ամենասուր հարցերից մեկն է: Դա հատուկ որևէ մեկ ազգության խմբի հարցը չէ: Չնայած որ հայկական մանկապարտեզի հարցը հստակ խնդիր է, միաժամանակ այն գլոբալ է քաղաքի մասշտաբով:
Երկրի Կառավարությունը որոշում է ընդունել այն մասին, որ մանկապարտեզներն անվճար դառնան: Ցավոք, պարզվել է, որ մենք չենք կարող բոլոր երեխաներին ապահովել մանկապարտեզների ծառայություններով: Շատ շենքերում, որոնք պետք է մանկապարտեզներ լինեին, այսօր անօրինականորեն ապրում են փախստականներ: Այդ շենքերն իրենց նպատակին չեն ծառայում:
Մենք արդեն սկսել ենք աշխատել մանկապարտեզների խնդիրների լուծմամբ: Այսօրվա դրությամբ ավելի քան 10 000 երեխա մանկապարտեզ հաճախելու հնարավորություն չունի: Հայկական մանկապարտեզի հարցը պետք է քննարկվի հատկապես այս համատեքստում:
Գոյություն ունեն բազմաթիվ մասնավոր մանկապարտեզներ…
Հայկական Համայնքը զրկված չէ լիցենզիա ստանալու և մանկապարտեզ բացելու հնարավորությունից: Դա կարող է խնդրի ժամանակակից լուծում դառնալ: Այնքան, մինչև պետությունը չորոշի իրականացնել պատասխանատվության իր բաժինը:
Խնդրի լուծման այլ տարբերակ կա: Հնարավոր է, որ արդեն իսկ գործող մանկապարտեզներից մեկում բացվի հայկական բաժին: Կարելի է անել այնպես, ինչպես դա արվում է միջնակարգ հանրակրթական հաստատություններում, դպրոցներում:
Քաղաքի ճշգրիտ պատմության չիմացությունը Թբիլիսիի բնակչության երիտասարդ սերնդի լուրջ խնդիրներից մեկն է: Քաղաքացիները չգիտեն, թե ո՞վ, ե՞րբ և ի՞նչ պայմաններում է ստեղծել և զարգացրել քաղաքը: Այս ամենը հետագայում կվերածվի որոշակի օտարացման քաղաքում ապրող ազգային խմբերի միջև: Այս հարցը համարո՞ւմ է արդյոք խնդիր Թբիլիսիի Սակրեբուլոն և ի՞նչ քայլեր է ծրագրում ձեռնարկել:
- Լավ կլիներ, եթե պատմության դասավանդման շրջանակներում դասավանդվի նաև այն տարածաշրջանի, քաղաքի պատմությունը, որտեղ ապրում են այդ աշակերտները: Երիտասարդ սերունդներն իսկապես պետք է ավելին իմանան այն վայրի պատմական զարգացման գործընթացի մասին, որտեղ նրանք ապրում են: Մեր քաղաքը շատ փորձությունների միջով է անցել: Դա մեր հպարտությունն է: Այդ հպարտությունը կոչ է անում մեզ ներկայի և ապագայի նկատմամբ ավելի պատասխանատու լինել:
Իրականում պատմության դասավանդման գործընթացին նման հատված ավելացնելը լիովին հնարավոր է և նույնիսկ պարտադիր: Թբիլիսիում պետք է դասավանդվի Թբիլիսիի պատմությունը: Դա կօգնի դպրոցականներին գիտակցել, որ անտեսանելի «մարդկային» կապերի գոյությունից բացի, մեզ կապում է նաև համատեղ ապագայի հանդեպ ընդհանուր պարտավորվածությունը:
Մենք ամեն ինչ պետք է անենք, որպեսզի հարևանների միջև հաստատվեն ջերմ հարաբերություններ:
Թբիլիսին ընդամենը ինչ-որ տարածություն չէ… Թբիլիսին սիրտ ու հոգի է: Քաղաքի զարգացման և ամրապնդման գործում մասնակցություն են ունեցել տասնյակ սերունդներ: Մեր պարտականությունն է զարգացնել և ամրապնդել գոյություն ունեցող փոխհարաբերությունները:
 
 
http://armenian-community.ge/News/1416
Նոյյան տապան  -   Հարցազրույցներ