Ռուսական «Գազպրոմը» նոր շուկաներ է փնտրում իր գազի սպառման համար


Ռուսական «Գազպրոմը» նոր շուկաներ է փնտրում իր գազի սպառման համար

  • 20-10-2015 18:32:14   | Հայաստան  |  Տնտեսություն
 
Ռուսական «Գազպրոմը» հուսահատ նոր շուկաներ է փնտրում իր գազի սպառման համար: Ռուսական գազից ներկայում զանգվածաբար հրաժարվում են Եվրոպայում եւ համառորեն չեն ցանկանում գնել Չինաստանում: Եթե հնարավոր լիներ, ապա «Գազպրոմն» իր գազի ամբողջ ավելցուկը Հայաստանին կվաճառեր: Սակայն Հայաստանը փոքր երկիր է:

 

Վրաստանում սկանդալ է հասունացել այդ երկրի կառավարության եւ «Գազպրոմի» միջեւ` գազի գնման ծավալների շուրջ: Վրաստանում ասում են, որ չեն ցանկանում գործ ունենալ օկուպանտ երկրի ընկերության հետ: Սակայն վրացական պաշտոնյաներն արդարանում են, որ խոսքը ոչ թե Վրաստանի, այլ Հայաստանի պետական գնումների մասին է:

 

Պարզվում է, Հայաստանը պատրաստվում է ներկայիս ծավալի համեմատ 200-300 մլն. խ/մ գազ ավել գնել: Իսկ Վրաստանը, համապատասխանաբար, տարանցման համար կստանա այդ գազի 10 տոկոսը: Հենց այդ հարցն էլ քննարկվում է:

 

Հայաստանի եւ Վրաստանի ինչին է պետք այդ գազը: Պարզվում է Հրազդանի ՋԷԿ-ը պատրաստվում է գազ օգտագործելով ավելացնել էլեկտրաէներգիայի արտադրությունը: Թե ով է պատվիրել այդ էլեկտրաէներգիան, դժվար չէ կռահել` ՀԷՑ նոր սեփականատեր է դարձել ռուսաստանցի միլիարդատեր Սամվել Կարապետյանը: Պարզվում է, նրան ավելի «ձեռնտու» է գնել «Գազպրոմի» թանկ, քան Որոտանի ՀԷԿ-ի կամ Հայկական ատոմակայանի էժան էլեկտրաէներգիան: Իսկ տարանցիկի «ավելորդ» վճարները Վրաստանում առաջարկում են գնել առեւտրային ընկերություններին, որոնք հավանաբար կապեր ունեն Ռուսաստանի հետ:

 

Ընդհանուր առմամբ, Հայաստանը կարող է գնել 1,7, ծայրահեղ դեպքում 2 մլրդ խ/մ գազ: Բայց շուտով կգնենք 2.2 մլրդ խ/մ, արդեն ոչ միայն գազի, այլեւ էլեկտրաէներգիայի տեսքով:

 

Ի դեպ, հայ սպառողների համար ռուսական գազը չի էժանացել, չնայած գազի գներն աշխարհում նվազել են գրեթե կիսով չափ: Մինչդեռ, այս տարվա սկզբին «Գազպրոմը» պայմանագիր է ստորագրել «Ադրբեջանական մեթանոլային ընկերության» (AzMeCo) հետ տարեկան 2 մլրդ խ/մ գազ վաճառելու մասին։ Երեկ գործարանը դադարեցրել է գազի գնումները ռուսական «Գազպրոմից», քանի որ ընկերությունը չի ցանկանում իջեցնել գները:

 

Հայաստանում ոչ-ոք չի պահանջում իջեցնել գազի գինը: Անգամ ռուսական գազով աշխատող գործարար-պաշտոնյաներն ամեն կերպ արդարացնում են ռուսական «Գազպրոմի» շահերն ու գործողությունները Հայաստանում:

lragir.am

 

 

 

 

Նոյյան տապան  -   Տնտեսություն