Շրջանառության մեջ են հայտնվել կեղծ արաաբրահամյաններ, որոնք վարկաբեկում են ռուսերենը և հայերենը. Մեկնաբան


Շրջանառության մեջ են հայտնվել կեղծ արաաբրահամյաններ, որոնք վարկաբեկում են ռուսերենը և հայերենը. Մեկնաբան

  • 22-10-2015 18:32:27   | Հայաստան  |  Վերլուծություն
 
Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնել են, որ ՌԴ նախագահ Պուտինը պարգեւատրել է Ադրբեջանի նախագահ Ալիեւի դստերը՝ Լեյլա Ալիեւային:

 

«Ռուսաստանի Դաշնության հետ համագործակցության եւ բարեկամության խորացման, տնտեսական կապերի զարգացման, արտասահմանում ռուսերենի եւ ռուսական մշակույթի պահպանման ու տարածման գործում ունեցած ավանդի համար»: Ալիեւան, որը Հեյդար Ալիեւի հիմնադրամի ղեկավարն է, պարգեւատրվել է Պուշկինի անվան մեդալով:

 

Պուտինի այդ քայլը բավական ուշագրավ ակնարկ է Հայաստանում օրերս քաղաքականություն մուտք գործելու մասին հայտարարած Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանին: Ինչպես հայտնի է, Աբրահամյանը քաղաքականություն մուտք է գործում հենց Պուտինի անունով: Բայց մեդալի փոխարեն ստանում է այդպիսի ակնարկ:

 

Իհարկե, միամտություն կլինի կարծել, որ Պուտինն Ալիեւային պարգեւատրում է Արա Աբրահամյանին ինչ որ բան հասկացնելու կամ ակնարկելու համար: Բայց, Պուտինի քայլի մեջ այդ բաղադրիչն ամենայն հավանականությամբ առկա է, նկատի ունենալով այն, որ Ռուսաստանի կովկասյան քաղաքականությունը բոլոր առումներով ներկայում կառուցված է հայ-ադրբեջանական խաղի, համադրությունների եւ հակադրությունների վրա, եւ Ռուսաստանի համար այդ խաղում չկա առանձին Հայաստան կամ Ադրբեջան, երկուսը դիտվում են համատեղ, միասին, եւ մեկի հանդեպ գործողությունների ու զարգացումների տրամաբանությունը ՌԴ-ի համար փոխկապակցվում է մյուսով:

 

Արա Աբրահամյանի հայտնի երեւանյան ասուլիսից մի քանի օր անց Ալիեւի դստերը պարգեւատրելով ռուսաց լեզուն արտասահմանում տարածելու համար՝ Պուտինն ըստ երեւույթին Ռուսաստանի հայերի միության նախագահին ակնարկում է, որ նա արտասահմանում պարզապես ապականում է ռուսաց լեզուն եւ ընդհանրապես ռուսական մտածողությունը:

 

Ինչպես հայտնի է, ՌՀՄ նախագահը Երեւանում հայտարարել էր, որ իր մենթալիտետով ինքը ռուս է եւ ռուսը դա ազգություն չէ, ինչպես օրինակ ամերիկացին:

 

Աբրահամյանն ըստ երեւույթին ինքն էլ չի հասկացել, թե ինչ է ասում, ինչպիսի «մահացու» վիրավորանք է հասցնում ռուսներին՝ նախ նրանց համեմատելով ամերիկացիների հետ ընդհանրապես, եւ հետո նրանց ամերիկացիների հետ համեմատելով էթնոմշակութային տեսանկյունից, այն դեպքում, երբ Պուտինն ու նրա քարոզչամեքենան ջանք ու եռանդ չեն խնայում ռուսներին համոզելու, որ իրենք յուրահատուկ են, առավել եւս նման չեն ամերիկացիներին եւ ունեն իրենց «հատուկ ճանապարհը»:

 

Ըստ երեւույթին, Արա Աբրահամյանը պետք է մտածի, թե այդ ինչու Երեւանում ասուլիս է տալիս ինքը, ինքն է հայտարարում ռուս լինելու, Պուտինի միշտ ճիշտ լինելու մասին, բայց ահա Պուշկինի մեդալ ստանում է Ալիեւի դուստրը:

 

Ըստ ամենայնի, Արա Աբրահամյանին հարկ է հանդես գալ նոր ասուլիսով եւ հայտարարել, որ նախորդ ասուլիսն իրենը չէր, եւ շրջանառության մեջ են հայտնվել կեղծ արաաբրահամյաններ, որոնք վարկաբեկում են ռուսերենը, հայերենը, ընդհանրապես հնարավոր եւ անհնար բոլոր լեզուներն ու խառնում են ռուսներին ում հետ ասես:

lragir.am

 

Նոյյան տապան  -   Վերլուծություն