Կոմիտասի երազանքն էր՝ հայ ժողովրդի մանուկներին տեսնել երգելիս. այսօր դա իրականություն է


Կոմիտասի երազանքն էր՝ հայ ժողովրդի մանուկներին տեսնել երգելիս. այսօր դա իրականություն է

  • 24-10-2015 17:44:03   | Հայաստան  |  Մշակույթ

 
Մանկավարժական համալսարանում կայացավ ՀՀ հանրակրթական դպրոցների երգչախմբերի հանրապետական 10-րդ հոբելյանական փառատոնը` նվիրված  Հայոց մեծ եղեռնի 100-ամյակին: Մասանկացում էին Երևանի, Արմավիրի, Արագածոտնի, Կոտայքի՝ տարբեր տարիներին փառատոնին ակտիվորեն  մասնակցած  հանրակրթական դպրոցների երգչախմբերը: 
 
Ձեռնարկին ներկա էին Մանկավարժական համալսարանի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը, Կրթության ազգային ինստիտուտի ներկայացուցիչներ, դասախոսներ, ծնողներ և ուսանողներ:
 
Ռուբեն Միրզախանյանը փառատոնի ակունքում կանգնած 15 լավագույն երգչախմբերի խմբավարներին  պարգևատրեց  հոբելյանական մեդալներով,  հանձնեց շնորհակալագրեր, ինչպես նաև Կրթության ազգային ինստիտուտի պատրաստած նվերը՝ սմարթֆոններ:
«Հայ խմբավար, մանկավարժ Թաթուլ Ալթունյանի նախաձեռնությամբ ուսանողական տարիներին շրջում էինք հանրապետությունում, ձևավորում նոր երգչախմբեր: Այդ հիշողությունն ու պատգամն էր պատճառը նորանկախ հանարապետությունում վերածնելու երգչախմբային արվեստը»,-նկատեց միջոցառման կազմակերպիչ ՀՊՄՀ մշակույթի կենտրոնի տնօրեն Արկադի Շեկունցն ու հավելեց, որ Կրթության ազգային ինստիտուտի հետ համագործակցության արդյունքում մեծ  ոգևորությամբ են իրականացրել այդ նպատակը, մեթոդական օգնություն ցուցաբերել, խմբավարներին նվիրել գրականություն և արդեն առաջին տարում հավաքել 8 կայացած երգչախումբ: «Կոմիտասի երազանքն էր՝ հայ ժողովրդի մանուկներին տեսնել երգելիս. այսօր դա արդեն իրականություն է»,- ասաց Արկադի Շեկունցը:
Պրոֆեսորը կարևորեց  որ փառատոնը օգնում է հետևել բուհի պատրաստած կադրերի ստեղծագործական գործունեությանը՝ ընդգծելով, որ մասնակից խմբավարներից շատերը Մանկավարժական համալսարանի տարբեր տարիների շրջանավարտներ են: 
 
Նոյյան տապան  -   Մշակույթ