Իրականություն դարձած երազանք ՎիվաՍել-ՄՏՍ-ը և Հայաստանի «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնը»՝ Այգեպարում


Իրականություն դարձած երազանք ՎիվաՍել-ՄՏՍ-ը և Հայաստանի «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնը»՝ Այգեպարում

  • 29-10-2015 17:26:48   | Տավուշի մարզ  |  Բարեգործություն

ՎիվաՍել-ՄՏՍ-ի ֆինանսավորմամբ և «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնի» կողմից իրականացվող բնակարանաշինության ծրագրի շրջանակներում, Տավուշի մարզի սահմանամերձ Այգեպար, Ներքին Կարմիրաղբյուր, Մովսես, Վազաշեն գյուղերում 2014 և 2015թթ. ընթացքում կառուցվել և/կամ վերանորոգվել է 27 տուն:
 
Գրիգորյանների ընտանիքն ապրում է սահմանամերձ Այգեպարում՝ թիկունքում յուրաքանչյուր վայրկյան զգալով թշնամու շունչը, սակայն երբեք չկասկածելով, որ պետք է ապրել ու արարել սեփական հողում: Ընտանիքը փոքր է. ամուսիններն են և իրենց դուստրը: Տուն չունենալու փաստը երիտասարդ ընտանիքին ժամանակին թույլ չի տվել անգամ մտածել ևս մեկ երեխա ունենալու մասին:
 
«Վեց տարի ապրել ենք ամուսնուս ծնողների հետ, ապա՝ վարձով: Ամուսինս տարբեր շինարարական աշխատանքներ է անում, իսկ ես աշխատում եմ դպրոցում: Մեր եկամուտը երբեք չի եղել այնքան, որ հույս ունենայինք, թե մի օր տուն կունենանք: Իմ ուրախությունն անչափ է, երախտիքս՝ անսահման: Եվ այն, որ այսօր և՛ բնակարան ունենք, և՛ այն նորոգելու հնարավորություն՝ անգնահատելի է»,- ասել է ընտանիքի մայրը՝ Մարինեն:
 
ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը և Հայաստանի «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնի» նախագահ Աշոտ Եղիազարյանը Տավուշի մարզում շրջայցի ժամանակ եղել են Գրիգորյանների նոր տանը, որտեղ, չնայած  շինարարական աշխատանքները դեռ չեն ավարտվել, սակայն արդեն զգացվում է օջախի ջերմությունը:
 
«Կարևոր գործեր անելու լավագույն ձևը դրանք կրկնելն է: Մենք սահմանամերձ գյուղերում բնակարանաշինության ծրագիր ենք իրականացում այդ տրամաբանությամբ: Դա անհրաժեշտ է` ռազմավարական տեսանկյունից: Այստեղ կա ոչ միայն գյուղացու կողքին կանգնելու, նրան թև ու թիկունք լինելու, այլև հակառակորդին մեր կամքով զինաթափելու հրամայական: Մենք ամուր ենք միասին: Սահմանամերձ գյուղի բնակիչները պահպանում են մեր երկի սահմանները և մենք պարտավոր ենք մեր գործերով կանգնել նրանց կողքին: Այս ծրագիրը համարում ենք հաջողվածներից մեկը»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
 
«Այգեպարը բավական մոտ է սահմանին:  Այստեղ մշտապես լսվում են կրակոցներ: Բնակիչները, սակայն, հերոսաբար շարունակում են ապրել հայրենի գյուղում: Բնակարանաշինության ծրագրով ընթացիկ տարում  գյուղում ընտանիքներից մեկի համար տուն է գնվել, որը ևս կվերանորոգվի, իսկ երկրորդը կունենա կոմունալ բարվոք հարմարություններ: Մինչև տարեվերջ, անկախ կրակոցներից, երկու բնակարաններում էլ շինարարությունը կավարտվի: Այգեպարցի երկու ընտանիք Ամանորը կդիմավորի իր բարեկարգ բնակարանում»,- ասել է Հայաստանի «Ֆուլեր Տնաշինական Կենտրոն»-ի նախագահ Աշոտ Եղիազարյանը:
 
Ծրագրի իրականացման համար 2015թ.-ին ՎիվաՍել-ՄՏՍ-ը 100 մլն ՀՀ դրամի ներդրում է կատարել (2014թ.-ին` 55 մլն դրամ), իսկ Հայաստանի «Ֆուլեր Տնաշինական Կենտրոն»-ը իրականացնում է ծրագիրը: Համագործակցության արդյունքում՝ 2007թ.-ից  մինչև տարեվերջ բարեկարգված կամ կիսակառույց տան շինարարությունը ավարտին հասցրած ընտանիքների թիվը կհասնի 93-ի:
 
 
 
 
 
:
 
Նոյյան տապան  -   Բարեգործություն