Հայաստանի եւ Վրաստանի տարածաշրջանների միջեւ կապերի զարգացման լուրջ ներուժ կա


Հայաստանի եւ Վրաստանի տարածաշրջանների միջեւ կապերի զարգացման լուրջ ներուժ կա

  • 04-05-2011 18:24:23   | Հայաստան  |  Տնտեսություն
ՀՀ փոխվարչպետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը մայիսի 4-ին ընդունեց ՀՀ-ում Վրաստանի նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Թենգիզ Շարմանաշվիլուն: Հանդիպմանը քննարկվեցին Հայաստան-Վրաստան համագործակցության ընդլայնմանը վերաբերող, համատեղ հետաքրքրություն ներկայացնող հարցեր: Ա.Գեւորգյանը նշեց, որ երկու երկրները դեռեւս լիովին չեն օգտագործում փոխգործակցության առկա ներուժը եւ ակնկալեց դեսպանի աջակցությունը` տարածաշրջանային եւ տեղական ինքնակառավարման մակարդակում համագործակցությունն ակտիվացնելու ուղղությամբ: Փոխվարչապետը հայտարարեց, որ Հայաստանը հետաքրքրված է Վրաստանում տեղական եւ տարածքային կառավարման մակարդակում, ընտանեկան նպաստի համակարգում, քաղաքային տնտեսության, ջրամատակարարման համակարգերի կառավարման ոլորտներում փորձի փոխանակման եւ փոխգործակցության հնարավորություններով: Ա.Գեւորգյանը նշեց, որ Հայաստանն ակտիվորեն համագործակցում է Եվրոխորհրդի, Եվրոհանձնաժողովի եւ այլ միջազգային կազմակերպությունների հետ, անցած տարի անդամակցել է նաեւ Եվրոպական ռեգիոնների ասամբլեային: Այդ կազամակերպության անդամ են Վրաստանի հետ սահմանակից Լոռու եւ Տավուշի մարզերը, ակնկալվում է նաեւ Շիրակի մարզի անդամակցությունը: Փոխվարչապետը կարծիք հայտնեց, որ միջռեգիոնալ համագործակցությունն ավելի լայն հնարավորություններ կստեղծի եվրոպական կառույցների կողմից տարածաշրջանային ծրագրերի իրականացման առումով: Նա տեղեկացրեց, որ մարզպետներին առաջարկվել է այցելություններ կազմակերպել Վրաստան եւ տեղում ծանոթանալ համագործակցության հնարավորություններին: Վրաստանի դեսպանն իր հերթին պատրաստակամություն հայտնեց նպաստել երկու երկրների միջտարածաշրջանային գործակցության ակտիվացմանը: Նա համաձայնեց, որ երկու երկրների տարածաշրջանների միջեւ կապերի զարգացման լուրջ ներուժ կա` պատրաստակամություն հայտնելով աջակցել այդ ներուժի բացահայտմանը, ինչպես նաեւ մարզպետների փոխայցելությունների կազմակերպմանը: Ա.Գեւորգյանը նշեց, որ համակարգի բարեփոխումների փաթեթի մշակման աշխատանքներում հայկական կողմը կօգտվի նաեւ Վրաստանի փորձից:
Նոյյան տապան  -   Տնտեսություն