Բիզնես ինովացիոն ֆորում 2015. հարթակ, որտեղ կհամադրվի միջազգային փորձն ու Հայաստանի ինովացիոն քաղաքականությունը


Բիզնես ինովացիոն ֆորում 2015. հարթակ, որտեղ կհամադրվի միջազգային փորձն ու Հայաստանի ինովացիոն քաղաքականությունը

  • 06-11-2015 16:05:15   | Հայաստան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ

 Բիզնես ինովացիոն 3-րդ ֆորումն այս տարի տեղի կունենա նոյեմբերի 13-14-ը՝ Դիլիջան քաղաքի «Դիլիջան» առողջարանային համալիրում և կանցկացվի «Հայաստան 20.18-2018թ.՝ Հայաստանը 20 ամենանորարար երկրների շարքում» խորագրի ներքո: Այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսին հայտարարեցին Բիզնես ինովացիոն ֆորումի կազմակերպիչ՝ Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը և ֆորումի գլխավոր հովանավոր՝ BetConstruct ընկերության գլխավոր տնօրեն Հարություն Համբարձումյանը:
 
Երկօրյա ինովացիոն ֆորումի ժամանակ կներկայացվի տեղական և համաշխարհային փորձը, կլինեն գործնական քննարկումներ շահագրգիռ կողմերի մասնակցությամբ և կտրվեն համապատասխան լուծումներ 2018թ. Հայաստանը 20 ամենանորարար երկրների շարքում դիրքավորելու համար:
 
ԻՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը նշեց. «Բիզնես ինովացիոն ֆորումի շրջանակներում մենք փորձում ենք մեկտեղել միջազգային փորձն ու Հայաստանի ինովացիոն քաղաքականությունը: Բացի այդ, նպատակ ունենք նաև համահունչ դարձնել բիզնեսի ու պետական մարմինների քայլերը հայաստանյան ինովացիոն ոլորտում»:
 
Բիզնես ինովացիոն ֆորումի գլխավոր հովանավոր՝ BetConstruct ընկերության գլխավոր տնօրեն Հարություն Համբարձումյանն ասաց. «Արդեն երկրորդ տարին է BetConstruct ընկերությունը հովանավորում է այս ֆորումը, և դա պատահական չէ։ Այս տարի մեր ընկերությունը խաղային ինդուստրիայի ոլորտի միջազգային ամենահեղինակավոր մրցանակաբաշխության ժամանակ ճանաչվել է «Տարվա Ինովատոր»։ Ինովացիան մեր հաջողության գրավականն է և, համոզված եմ, այն կենսական նշանակություն ունի Հայաստանի և հայկական ընկերությունների զարգացման համար»:
 
Երկօրյա ինովացիոն ֆորումի հիմնական խոսնակները կլինեն տեղական և միջազգային հեղինակավոր ընկերությունների ներկայացուցիչները, այդ թվում Իսրայելի առաջատար ձեռնարկատերերից մեկը՝ Ելենա Դոնեթսը: Ե. Դոնեթսը նաև Իսրայելի StartAU համալսարանի ձեռներեցության կենտրոնի գործադիր տնօրենն է:
 
Այս տարի ինովացիոն ֆորումի թեմատիկ ուղղություններն են՝
 
* ինովացիոն էկոհամակարգեր
 
* ինովացիա և կրթություն
 
* ինովացիա և ձեռներեցություն։
 
Կ. Վարդանյանը նաև հավելեց, որ միության միջոցառումները ուղղված են նրան, որպեսզի Հայաստանը ճանաչելի դառնա միջազգային շուկայում: ԻՏՁՄ իր առջև դրված նպատակներին հասնելու համար բացի ինովացիոն ֆորումից ձեռնարկում է մի շարք այլ միջոցառումներ, մասնավորապես ՀՀ դպրոցներում ինժեներական և ռոբոտաշինական խմբկաների ներդրումը, «Ինչու՞ Հայաստան» կոնցեպտի կիրառումը և այլն: Հայաստանը ինժեներական լուծումների հսկայական ներուժ ունի, որը համապատասխան կերպով չի ներկայացվում շուկայում: Միջազգային գործարար շփումների ժամանակ հաճախ հնչող այն հարցին, թե ինչու՞ պետք է համագործակցել հատկապես հայկական ընկերությունների հետ, ԻՏՁՄ-ն հստակ պատասխանում է, որովհետև Հայաստանը կարող է տրամադրել անակնկալ ինժեներական լուծումներ, որոնք աչքի են ընկնում որակով, կրեատիվությամբ և ճկունությանբ:
 
Ինովացիոն ֆորումն ավանդաբար անցկացվում է Հայաստանի տեխնոլոգիական, կրթական և ձեռներեցության ոլորտների առաջատարների մասնակցությամբ։ Ֆորումին կմասնակցեն հայաստանյան և արտերկրյա տեխնոլոգիական, կրթական և ինովացիոն այլ ոլորտների շուրջ 200 մասնակիցներ, ՀՀ կառավարության և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ:
 
3-րդ տարին անընդմեջ անցկացվող Բիզնես ինովացիոն ֆորումն ավանդաբար իրականացվում է ԻՏՁՄ-ի կողմից՝ ՀՀ վարչապետի բարձր հովանու ներքո և մասնակցությամբ: Ֆորումի գլխավոր հովանավորն է BetConstruct ընկերությունը:
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play