Հարավային Սուդանում կործանված ինքնաթիռի հայ օդաչուների զոհվելը նաև հետևանք է վարչախմբի ապազգային և հանցավոր կառավարման.«Նոր Հայաստան»


Հարավային Սուդանում կործանված ինքնաթիռի հայ օդաչուների զոհվելը նաև հետևանք է վարչախմբի ապազգային և հանցավոր կառավարման.«Նոր Հայաստան»

  • 06-11-2015 16:37:30   | Հայաստան  |  Հայտարարություններ

«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատը ցավակցում է ս.թ. նոյեմբերի 4-ին Հարավային Սուդանում կործանված ինքնաթիռի անձնակազմի զոհված հինգ հայ անդամների՝ հրամանատար Գևորգ Թովմասյանի, երկրորդ օդաչու Սամվել Համբարձումյանի, բորտինժեներ Սամվել Մկրտչյանի, ավիատեխնիկ Արմեն Անտոնյանի և ավիատեխնիկ Սուրեն Պետրոսյանի հարազատներին և մտերիմներին:
 
«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատը փաստում է, որ Հարավային Սուդանում, ինչպես նաև վերջին տարիներին օտարերկրյա այլ պետություններում կործանված ինքնաթիռների հայ օդաչուների զոհվելը, ի թիվս այլ հանգամանքների, նաև հետևանք է վարչախմբի ապազգային և հանցավոր կառավարման:
 
Իր կառավարումը երաշխավորելու համար վարչախումբը հետևողականորեն վարում է երկրի քանակական և որակական բաղադրիչները նվազեցնելու միջոցով իր կարողություններին համապատասխանեցնելու քաղաքականություն:
 
Հատկապես ծովային ելք չունեցող և շրջափակման վտանգի ենթակա Հայաստանի համար կարևոր որակական բաղադրիչներից է ազգային քաղավիացիան, ուստի մենք պետք է պարտադիր կերպով ունենանք առնվազն մեկ ազգային ավիափոխադրող, քանի որ չենք կարող մեր հույսը դնել չարտերային փոխադրումների վրա: Սակայն վարչախումբը այդ ռազմավարական միջոցը աչքի լույսի պետ պահպանելու և զարգացնելու փոխարեն միտումնավոր կերպով քայքայեց ու ոչնչացրեց այն անցնող տարիների ընթացքում:
 
Այդ պատճառով հայ բարձրակարգ օդաչուները մեր ժողովրդի մյուս զավակների նման ստիպված եղան մի կտոր հաց որոնել օտարության մեջ՝ հաճախ հարկադրաբար համաձայնելով աշխատել կյանքի համար վտանգավոր պայմաններում: Ընդամենը մի քանի օր է անցել մեկ ուրիշ ողբերգությունից, երբ Ռուսաստանում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով մեր հայրենակիցներից ութ հոգի զոհվեցին, իսկ տասնյակները մարմնական վնասվածքներ ստացան:
 
Որպես արդյունք՝ արդեն ունենք տասնհինգ զոհված օդաչու, մինչդեռ բացի անգնահատելի մարդկային կյանքերը կորցնելու հանգամանքից, տվյալ պարագայում մենք կորցնում ենք նաև եզակի մասնագետներ, առանց որոնց հնարավոր չէ ապահովել մեր երկրի մրցակցային որակն այդ բնագավառում:
 
«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատը համոզված է, որ Հայաստանում ժողովրդի իշխանության վերահաստատումից հետո արմատական փոփոխություններ են կատարվելու պետական կառավարման ոլորտում, ինչի շնորհիվ մեր երկիրը արդիական որակներ է զարգացնելու ինչպես քաղաքացիական ավիացիայի, այնպես էլ տնտեսության մյուս բնագավառներում:
 
«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի Քաղաքական խորհուրդ
06 նոյեմբերի 2015 թ. Երևան
 
 
 
Նոյյան տապան  -   Հայտարարություններ