Նոյեմբերի 6-ին Վրաստանում ԱՄՆ-ի դեսպանը մեկնաբանել է վրացական դատարանի որոշումը «Ռուսթավի 2» հեռուստաընկերության գլխավոր տնօրենի պաշտոնից հեռացման մասին: «ԱՄՆ-ի դեսպանատունը խիստ անհանգստացած է «Ռուսթավի 2» հեռուստաընկերության սեփականության և ղեկավարման հարցին միջամտության մասին վրացական դատարանի գիշերվա որոշմամբ: Հեռուստաընկերության ղեկավարության հերթափոխության մասին դատարանի որոշումը լուրջ քաղաքական համատեքստ ունի: Ժողովրդավարական հասարակությունում անհրաժեշտ է աջակցել ծայրահեղ կարծիքի գոյությանը, և ոչ թե ճնշում գործադրել նրա վրա: Մենք շարունակում ենք աջակցել Վրաստանին և նրա ձգտմանը դեպի եվրոատլանտյան ներգրավվում: Վրաստանի Կառավարությանը կոչ ենք անում պաշտպանել մամուլի ազատությանը և քաղաքական պլյուրալիզմի հիմնական սկզբունքները», -ասված է Վրաստանում ԱՄՆ-ի դեսպանի հայտարարությունում:
Վրաստանի Արդարադատության նախարարը դիմել է ԱՄՆ-ի դեսպանին «վրացական դատարանի գիշերային որոշումը» նախադասության նշանակությունը բացատրելու խնդրանքով: «Մեզ համար անհասկանալի է, թե ինչ է նշանակում «դատարանի գիշերային որոշում» արտահայտությունը: Խնդրում ենք ԱՄՆ-ի դեսպանին բացատրել տվյալ նախադասության նշանակությունն ու իմաստը: Դատարանը որոշում է ընդունել աշխատանքային օրվա ավարտին, իսկ այսօր առավոտյան տվյալ որոշումը հրապարակվել է: Թող դեսպանատունը ներկայացնի իր փաստարկները, ցույց տա փաստաթուղթ, որը հաստատում է, որ որոշումն ընդունվել է գիշերը…», -նոյեմբերի 6-ին հայտարարել է Վրաստանի Արդարադատության նախարարը:
«Կոչ եմ անում Սահմանադրական և Քաղաքային Դատարանին չխառնվել երկրում ընթացող քաղաքական գործընթացներին: Դատարանը չպետք է ձգտի դառնալ ազդեցության գործիք երկրի այս կամ այն Կառավարության ձեռքին: Այսօր, երբ իշխող կոալիցիայի հեղինակությունն այնպիսին չէ, ինչպիսին 2012թ. էր, դատարանի ներկայացուցիչները չպետք է իրենց որոշումներով երկրի Կառավարությանը վտանգի տակ դնել: Ինչպես երևում է, որոշ դատավորներ, որոնք նշանակվել են նախկին Կառավարության տարիներին և, բառիս բուն իմաստով, ծառայում էին երկրի նախկին իշխանություններին, այսօր ցանկանում են ծառայել ներկայիս իշխանություններին: Որոշ դատավորներ ցանկանում են, որպեսզի Կառավարությունը վերահսկի իրենց: Մեզ պետք չեն Կառավարության կողմից վերահսկվող դատավորներ», -հայտնել է Խորհրդարանական մեծամասնության ներկայացուցիչ Դավիթ Բերձենիշվիլին` մեկնաբանելով «Ռուսթավի 2» հեռուստաընկերության հարցի շուրջ դատարանի որոշումը:
Նոյեմբերի 6-ին Ադրբեջանի և Վրաստանի նախագահները այցելել են ադրբեջանաբնակ Մառնեուլի, որտեղ հանդիպում են անցկացրել տեղի ադրբեջանական համայնքի հետ: «Ձեր լիարժեք ներգրավման համար դուք պետք է տիրապետեք վրացերենին: Ես ուրախ եմ, որ Քվեմո Քարթլիի բնակչության մեծամասնությունն անում է հնարավորինս, որպեսզի լավ տիրապետի վրաց լեզվին: Իհա´րկե, դուք չպետքէ մոռանաք ադրբեջաներենը: Ես համոզված եմ, որ ՍՈԿԱՐը և այլ ադրբեջանական ընկերությունները ներդրումներ կիրականացնեն Վրաստանի ադրբեջանցիների և վրացիների հետագա զարգացման և ծաղկման համար», -դիմելով Մառնեուլիի ադրբեջանցիներին` հայտարարել է Ալիև կրտսերը:
Վրաստանի Կրթության նախարարի հայտարարության մամլո-ծառայության տարածած հայտարարության համաձայն` «նախարարությունն ազգային փոքրամասնությունների լեզվով է թարգմանել հատուկ ձեռնարկ` ուղղված պետական դպրոցների ուսուցիչների մասնագիտական հմտությունների զարգացմանը: Տվյալ ձեռնարկը հասանելի կլինի ազգային փոքրամասնություններով խիտ բնակեցված, շրջաններում տեղակայված պետական դպրոցներում աշխատող ուսուցիչների համար», -ասված է Վրաստանի Կրթության նախարարության հայտարարությունում:
Նոյեմբերի 6-ին հանդիպում է կայացել Վրաստանի վարչապետի և Ալիև կրտսերի միջև: «Կողմերը քննարկել են երկրների միջև ռազմավարական համագործակցության խորացման և զարգացման հեռանկարները: Խոսել են էներգետիկ և տնտեսական նախագծերի մասին, որոնք իրականացվում են երկու երկրների միջև համագործակցության շրջանակներում: Կողմերը հետագա համագործակցության զարգացման հույս են հայտնել, քննարկել են ներդրումների իրականացման հարցերը», -ասված է Վրաստանի վարչապետի վարչության տարածած հայտարարությունում:
«Ըստ մեր տվյալների` 2012-2015թթ. Ադրբեջանի կողմից Վրաստանում կատարված անմիջական ներդրումները աճել են 3.7 անգամ: Վրաստանի վարչապետը Ադրբեջանի նախագահի հետ քննարկել է Հարավկովկասյան խողովակաշարի ընդարձակման հարցը, Բաքու-Կարս երկաթգծի շինարարության հարցը, ՍՈԿԱՐ-ի գործունեությունը»:
«2016թ. բաց քննարկման ընթացքում պետք է լուծվի պարտադիր զինվորական ծառայության չեղյալ հայտարարելու հարցը», -ներկայացնելով Վրաստանի Պաշտպանության նախարարության գործունեությունը Անվտանգության Խորհրդում` նոյեմբերի 6-ին հայտարարել է Վրաստանի Պաշտպանության նախարարը: «Վրաստանի ղեկավարությունը պարտականություն է ստանձնել պարտադիր զինվորական ծառայության չեղյալ հայտարարելու մասին: Դա բացարձակ ճիշտ որոշում է: Օրինակ, Բալթիկայի երկրները ևս չեղյալ են համարել պարտադիր զինվորական ծառայությունը, մինչդեռ ստեղծված իրավիճակի և գոյություն ունեցող սպառնալիքների ազդեցության տակ տվյալ որոշումը չեղյալ է հայտարարվել մասամբ: Ես կողմնակից չեմ, որպեսզի պարտադիր զինվորական ծառայությունը չհայտարարվի չեղյալ: Մեր բանակային համակարգը միշտ էլ գարշելի է եղել… Մինչդեռ, եթե հանկարծ մեծամասնութունը կորոշի, որ տվյալ մոտեցումը չպետք է փոփոխվի, ապա անհրաժեշտ է այնպես անել, որպեսզի մեր քաղաքացիները, ովքեր զինվորական ծառայություն են անցնում, ստանան լիարժեք զինվորական կրթություն: Մեր նորակոչիկները պետք է դառնան զինվորներ: Նրանք չպետք է պահակներ դառնան տարբեր պետական գերատեսչություններում: Զինվորները պետք է իրականացնեն իրենց սահմանադրական պարտականությունը` պաշտպանեն երկիրը, ոչ թե հսկեն ինչ-որ շենքեր: Եթե մենք չեղյալ չհամարենք պարտադիր զինվորական ծառայությունը, ապա ես առաջարկում եմ կրճատել նրա ժամկետը 1 տարուց մինչ 6 ամիսը: Լիովին հնարավոր է ստեղծել ծրագիր, որը կես տարվա ընթացքում կպատրաստի երկրի կիրթ և ուսյալ պաշտպաններ», -նոյեմբերի 6-ին հայտարարել է Թինաթին Խիդաշելին: