Ռուս ջազմենների համերգային երեկոն Երևանում (տեսանյութեր)


Ռուս ջազմենների համերգային երեկոն Երևանում (տեսանյութեր)

  • 10-11-2015 17:55:59   | Հայաստան  |  Մշակույթ



Երևանում կայացավ ռուս ճանաչված շեփորահար, ջազմեն Վադիմ Էյլենկրիգի և իր բենդի համերգը, որի նպատակն էր հայ հանդիսատեսին ծանոթացնել ռուսական ջազի երիտասարդ կատարողների ստեղծագործություններին: Բենդի կազմում հանդես եկան Դմիտրի Մոսպանը (սաքսոֆոն), Իվան Ֆարմակովսկին (դաշնամուր),  Արմեն Մկրտչյանը (բաս կիթառ) և Սաշա Մաշին (հարվածային գործիքներ):
 
Մոտ երեք ժամ տևած համերգի ընթացքում ռուս ջազմենները ներկայացրեցին ինչպես հայտնի, այնպես էլ իրենց հեղինակային ստեղծագործութունները, որոնցից մի քանիսն առաջին անգամ հնչեցին հայաստանյան բեմից:
Համերգի հատուկ հյուրեր Արմեն Հյուսնուցը և Վահագն Հայրապետյանը ևս միացան բենդին և հանդես եկան համատեղ երաժշտական կատարմամբ: 
Լրագրողների հետ զրույցում Վ. Էյլենկրիգը նշեց, որ թեև դահլիճն այդքան էլ լեցուն չէր, այնուամենայնիվ, համերգը կայացավ. «Ամենակարևորն այն է, որ ստացվեց մեր կոնտակտը հանդիսատեսի հետ. մենք դահլիճից փոխադարձ դրական էներգիա էինք ստանում»,- ասաց նա:
Առաջին անգամ Հայաստան այցելած Վ. Էյլենկրիգի խոսքերով` Երևանում իրեն հատկապես դուր է եկել տուֆից կառուցված տները, որոնք ըստ նրա` շատ գեղեցիկ են:  
Երաժիշտը տեղեկացրեց, որ «Արամ Խաչատրյան» համերգասրահում ունեցած համերգից հետո ևս մեկ համերգ են տալու «Մեցցո» ջազ ակումբում: Նա հույս հայտնեց, որ Հայստանից կլինեն համագործակցության նոր առաջարկներ, որոնց շրջանակներում հնարավորություն կունենա ավելի երկար ժամանակով այցելել Հայաստան և մոտիկից ծանոթանալ Հայաստանի տեսարժան վայրերին և մշակույթին:
Նշենք, որ համերգն անցկացվեց 2015 թվականին Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության մշակույթի նախարարությունների միջև հաստատված համագործակցության ծրագրի շրջանակներում: 
 
 
 
 
 
 
Համերգի լուսանկարներն այստեղ
 
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան»
Տեսանյութերը և լուսանկարները Մերի Հունանյանի, «Նոյյան Տապան» 
 
Նոյյան տապան  -   Մշակույթ