12-ամյա կրթությունը հետընթաց չունի. Ա. Աշոտյան


12-ամյա կրթությունը հետընթաց չունի. Ա. Աշոտյան

  • 12-11-2015 11:51:45   | Շիրակի մարզ  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ

 
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը հանդիպում է ունեցել մի խումբ գյումրեցի դպրոցականների հետ, ովքեր համագործակցում են Վորդ Վիժեն կազմակերպության հետ: Հանդիպման առաջարկությունը եղել է աշակերտներինը, որին էլ ընդառաջել է նախարարը: 
 
Աշակերտները  նախարարին դիմել են  իրենց մտահոգող մի շարք հարցերով,  որոնք վերաբերել են դպրոցական կրթական ծրագրերին, բուհական ընդունելության հարցաշարերը ներառող շտեմարաններին, Գյումրիում գործող բուհերի գործունեությանը և  մի շարք այլ խնդիրների: Աշակերտներից մեկը հարց է բարձրացրել, որ   Գնահատման և թեստավորման կենտրոնի հրապարակած շտեմարանների ու դասագրքերի միջև կան անհամապատասխանություններ: Նախարարն առաջարկել է՝  ասվածը հիմնավորել կոնկրետ օրինակներով և փաստարկված ներկայացնել ԿԳՆ. «Եթե Դուք ներկայացնեք կոնկրետ օրինակներ, ես խոստանում եմ հարցը քննարկել ԳԹԿ-ի հետ և տալ լուծում»,- նշել է  նախարար Ա. Աշոտյանը: Մեկ այլ աշակերտ էլ հարց է բարձրացրել, որ օրինակ՝ Ֆիզիկայի 10-րդ դասարանի դասագրքում կան բանաձևեր, որոնք սովերելու համար անհրաժեշտ է մաթեմատիկայից տիրապետել ածանցյալ թեմային, մինչդեռ ածանցյալը ընդգրկված է մաթեմատիկայի 11-րդ դասարանի 2-րդ կիսամյակի ծրագրում:  Նշելով, որ խնդիրն ընդունելի է, նախարարը ներկայացրել է դասագրքերի հրատարակման ընթացակարգը: Ա. Աշոտյանի պարզաբանմամբ՝ դասագրքերը հրատարկվում են մրցութային կարգով՝ հեղինակները ընտրվում են մասնագիտական հանձնաժողովի կողմից, բացի այդ մինչ հրատարկվելը  դրանք նաև մասնագիտական կարծիքի և դիտողությունների համար ուղարկվում են բոլոր դպրոցներին. «Ամեն դեպքում Ձեր բարձրացրած հարցը վերաբերում է միջառարկայական կապերի համադրելիությանը, որը մասնագիտական քննարկման խնդիր է: Բարձրացված խնդիրները նկատի ունենալով, մենք հիմա կանգնած ենք կրթական ծրագրերի վերանայման անհրաժեշտության առջև: Վստահ եղեք, որ եթե անգամ մենք Ձեր մատնանշած բոլոր խնդիրները հաշվի առնենք, միևնույն է, անպայման կլինեն  մարդիկ, ովքեր կդժգոհեն նոր դասագրքերից: Մասնագիտական հանրույթը  Հայաստանում միատարր չէ,  չկա որևէ հարց, որի վերաբերյալ  մասնագետները համակարծիք են: ԿԳՆ-ն  փորձում է լսել բոլոր կարծիքները և գտնել մասնագիտական կոմպրոմիսի, ոսկե միջինի տարբերակը»,- նշել է Ա. Աշոտյանը և հավելել, որ անկախ  ներկայացված խնդիրներից՝ չկա  այնպիսի  հանգամանք, որը կարող է իրական խոչընդոտ հանդիսանալ աշակերտի բարձր առաջադիմության համար: Անդրադառնալով  ավագ դպրոցների և 12-ամյա կրթության վերաբերյալ հարցին՝ նախարարն ընդգծել է, որ այդ  բարեփոխումը եվրոպական կրթական տարածք միասնական ստանդարտ է, որն ընդունվել է նաև Հայաստանում. «Եթե դուք ուզում եք մասնագետ դառնալ եվրոպական կրթական տարածքում, եթե ուզում եք, որ ձեր կրթական փաստաթղթերն ընդունվեն այդ տարածքում, ուրեմն պետք է հասկանանք, որ ավագ դպրոցի  բարեփոխումն առաջին հերթին ձեզ էր անհրաժեշտ:  Այդ ստանդարտը Հայաստանում չի ստեղծվել. մենք, լինելով եվրոպական կրթական տարածքի անդամ երկիր,  միացել ենք այդ ստանդարտին, որը ճիշտ որոշում է: Այլ հարց, որ ավագ դպրոցի բարեփոխման ծրագիրը դեռևս չի գոհացնում ոչ մեզ, ոչ էլ հասարակությանը: Ավագ դպրոցի ծրագրին անցում կատարելու որոշումը կայացվել է Հայաստանի տնտեսության  երկնիշ աճի պայմաններում: Ցավոք՝ ռեֆորմի իրականացման առաջին տարիները համընկան համաշխարհային տնտեսական ճգնաժամի  տարիներին և պետությունը չկարողացավ ավագ դպրոցներին հատկացնել  ցանկալի  միջոցներ: 2008 թվականին  փորձնական բացվեցին առաջին ավագ դպորցները, իսկ մեկ տարի անց ծրագիրն ամբողջությամբ ներդրվեց: Մենք ստացել էինք շենքային  վատ պայմաններով դպրոցներ՝ սակայն ֆինանսավորման պայմաններում:  Մենք անցել ենք դժվարին ու ծանր ճանապարհ և այսօր ասել, թե ավագ դպրոցները կայացած են՝ ճիշտ չի լինի: Բայց նաև փաստ է, որ մենք ունենք կայացած և  լավ արդյունքներ ունեցող ավագ դպրոցներ և դա արձանագրված է նաև միջազգային տարբեր գնահատականներում: Ավագ դպրոցի բարեփոխման ծրագրից մենք երբեք չենք հրաժարվելու, 12-ամյա կրթության ծրագիրը հետընթաց չունի՝ սա միանշանակ է»,- ասել է ՀՀ ԿԳ նախարարը և հավելել, որ օրերս Փարիզում տեղի է ունեցել աշխարհի կրթության նախարարների հանդիպումը, որտեղ քննարկվել են համաշխարհային կրթության զարգացման հեռանկարները. «Այդ հանդիպման ժամանակ որոշվել է, որ մինչև 2030 թվականը բոլոր երկրներում պետք  է անցում  կատարվի 12-ամյա կրթության, որից առնվազն  9-ամյա կրթությունը պետք է  լինի պարտադիր: Այսինքն՝ աշխարհն այսօր ուզում է անել մի քայլ, որը մենք արել ենք դեռևս 15 տարի առաջ, իսկ մենք արդեն Հայաստանում սահմանել ենք 12-ամյա պարտադիր կրթության շեմ: Նույն փարիզյան հանդիպման ժամանակ որոշվել է նաև անցում կատարել համընդհանուր ներառականության, մի բան, որը նույնպես Հայաստանում  արդեն արվել է:  Ես այս ամենի մասին ձեզ պատմում եմ, որպեսզի հասկանաք, որ մեր կրթական համակարգն  առաջ է գնում ճիշտ ճանապարհով»,- նշել է նախարարը: Աշակերտներն  Ա. Աշոտյանին հարցեր են ուղղել նաև Գյումրիում գործող բուհերի վերամիավորման, դպրոցների շենքային պայմանների ու վերակազմավորման, կրթության ընդհանուր որակի և  դասապրոցեսները նոր՝ ժամանակակից մեթոդներով կազմակերպելու վերաբերյալ:
Հանդիպման ավարտին նախարարը շնորհակալություն է հայտնել Վորդ Վիժեն կազմակերպությանը՝ հանդիպումը կազմակերպելու, ինչպես նաև աշակերտներին ակտիվություն և նախաձեռնողականություն ցուցաբերելու համար:
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ