Օրրանին շարունակում են աջակցել Սփյուռքի հայ բարերարները


Օրրանին շարունակում են աջակցել Սփյուռքի հայ բարերարները

  • 12-11-2015 16:11:19   | ԱՄՆ  |  Բարեգործություն

Գլենդել, Կալիֆոռնիա: 2015թ.-ի նոյեմբերի 11-ին Ամերիկայի Միացյալ Նահանգներում տեղի ունեցավ Օրրանի ՙՀուսո Ճանապարհՙ բարեգործական ճաշկերույթը, որին հրավիրված էին 250 պատվավոր հյուրեր:
 
Ներկաների շարքերում էին Օրրանի հիմնադիրներ Արմինե և Րաֆֆի Հովհաննիսյանները, գլխավոր հովանավորներից Գրիգոր Գրիգորյանը՝ Մեծ Բրիտանիայից, ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը և աշխարհահռչակ երաժիշտ Սերժ Թանկյանն՝ իր ընտանիքի հետ: Հայ Առաքելական Եկեղեցու ԱՄՆ Արևմտյան թեմի 8-րդ թեմակալ Տ. Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանի օրհնության խոսքից և տեր Վազգեն Աթմաջյանի սեղանի օրհնանքից հետո երեկոյի հանդիսավար Դոկտոր Սթիվեն Քամաջյանը իր խոսքով հուզեց հյուրերի սրտերը՝ ներկայացնելով Օրրանի՝ կարիքավոր երեխաների և միայնակ տարեցների կյանքերը բարելավելու առաքելությունը: Այնուհետև՝ հանդիսավարը ներկայացրեց ականավոր փաստաբան Մարկ Գերագոսին, ով իր ելույթով կոչ արեց ներկաներին աջակցել Օրրանին և դրամական նվիրատվություն կատարեց իր երկու թոռնիկների անունից:
 
Օրրանի գլխավոր բարերարներից մեկն ու Տնօրենների խորհրդի ֆինանսական խորհրդատու Գրիգոր Գրիգորյանը հյուրերին ներկայացրեց Օրրանի ֆինանսական բազմակողմանի տարեկան հաշվետվությունը: Նա ընդգծեց, որ Օրրանի վարչական ծախսերը կազմում են 13%՝ ի տարբերություն մյուս նմանատիպ կազմակերպությունների, որոնց մոտ վարչական ծախսերը կազմում են միջինը՝ 30 % և ավելին:
 
Հերայր և Լոռի Գարբուշյանները Բեվերլի Հիլզի Գարբուշյան Պատկերասրահից աճուրդի համար տրամադրեցին աշխարհահռչակ Հակոբ Հակոբյանի, ինչպես նաև՝ արվեստագետներ Վերա Արությունյանի, Գալուստ Գուեդելի, Սեդա Սաարի և ֆոտոնկարիչ Արա Օշագանի արվեստի գործերը:
 
Երեկոյի ընթացքում Օրրանին պատվոգրեր շնորհվեցին Կալիֆոռնիայի խորհրդարանի անդամ Մայք Գատտոյի, ինչպես նաև՝ Լոս Անջելես շրջանի քաղաքապետ Միքայել Դ. Անտոնովիչի անունից, որը հանձնեց քաղծառայության հանձնաժողովի անդամ Գրեգ Քահվաջյանը:
 
Անկասկած, երեկոյի գլխավոր իրադարձությունը Սերժ Թանկյանի լեգենդար կիթառի աճուրդն էր: Այդ կիթառով Սերժը նվագել է §Wake Up the Souls¦ շրջագայության ժամանակ՝ նվիրված Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին, որի վրա ստորագրել էին ՙSystem of a Downՙ  խմբի բոլոր անդամները: Պարոն Թանկյանը, ներկայացնելով կիթառը, հիշեց , թե ինչպես երկու տարի առաջ իր և իր տիկնոջ՝ Անժելայի հովանավորությամբ Վանաձորում ծերերի համար ամենօրյա սննդի ծրագիր բացվեց: Աշխույժ կենդանի աճուրդի արդյունքում կիթառը գնեց պարոն Գարո Մարդիրոսյանը՝ վճարելով 27,000 ԱՄՆ դոլար:
 
Հիլդա Բոգոսյանը՝ Հյուսիսային Ամերիկայում Օրրանի զարգացման պատասխանատուն նշեց. ՙՄենք շնորհակալ ենք մեր առատաձեռն հայերնակիցներից, ովքեր մասնակցեցին «Հուսո Ճանապարհին»՝ հուսադրող լուր հղելով կարիքավոր երեխաներին և միայնակ տարեցներինՙ:
 
Օրրան բարեգործական հիմնադրամը հիմնադրվել է 2000թ.-ի ապրիլին, որի առաքելությունն է աջակցել կարիքավոր երեխաներին և ծերերին՝ տրամադրելով սննդի, կրթական, սոցիալական, հոգեբանական, բժշկական համալիր ծառայություններ: Մինչ օրս, ավելի քան 7000 մարդ է օգտվել Օրրանի ծառայությունից:
 
 
 
Նոյյան տապան  -   Բարեգործություն