Ժամանակակից չորս հայ գրողներ արժանացան «Հրանտ և Մանուշակ Սիմոնյաններ» գրական մրցանակի


Ժամանակակից չորս հայ գրողներ արժանացան «Հրանտ և Մանուշակ Սիմոնյաններ» գրական մրցանակի

  • 12-11-2015 18:49:00   | Հայաստան  |  Նոր գրքեր

Հրապարակախոսություն, արձակ և պոեզիա անվանակարգերում ժամանակակից չորս հայ գրողներ արժանացան  «Հրանտ և Մանուշակ Սիմոնյաններ» գրական մրցանակների:
Ինչպես նոյեմբերի 12-ին կայացած մրցանակաբաշխության  ժամանակ նշեց Հայաստանի «Գրողների միության» նախագահ Էդվարդ Միլիտոնյանը, արդեն տասը տարի է, ինչ ամերիկահայ բարերարներ Հրանտ և Մանուշակ Սիմոնյանները համանուն հիմնադրամի ֆոնդից իրենց ֆինանսական աջակցությունն են ցուցաբերում հայ գրողներին:
 
Հրապարակախոսություն անվանակարգում «Հրանտ և Մանուշակ Սիմոնյաններ» գրական մրցանակի արժանացած բանաստեղծուհի, հրապարակախոս Նանեն «Նոյյան Տապանի» թղթակցի հետ զրույցում նշեց, որ 2015 թվականին լույս տեսած «Ջրհոսի դարաշրջանի դավադրությունը» գիրքն ամփոփում է վերջին տարիներին մամուլում իր կողմից պարբերաբար հրապարակված էսսեների և հրապարակախոսությունների մի մասը: 
Նրա փոխանցմամբ` գրքում տեղ գտած նյութերը վեր են  հանում ազգի, մարդկության, երկրի և մոլորակի դեմ ծառացած հայտնի և անհայտ բազմաթիվ  խնդիրներ, որոնց մասին ժամանակն է բացահայտորեն խոսելու:
 
 
Արձակ անվանակարգում «Կապույտ հազ» գրքի համար գրական մրցանակի արժանացավ գրող Հակոբ Հարությունը: 
Վերջինս  արևելահայ գրականության մեջ առաջին անգամ անդրադարձել է հայ ժողովրդի ազգային-ազատագրական շարժման գործում կամավորական հայ լեգեոնականի կերպարին, որի կենսագրությունը դարձել է եղեռնազարկ գերդաստանի շարունակվող տարեգրություն: Գեղարվեստական պատումը լրացված է փաստավավերագրական նյութերով: 
«Ուրախ եմ, որ այսօր գնահատվեց անցյալ դարի մի ամբողջ ազգային-ազատագրական շարժման մահապարտների թափած արյունը, կյանքն ու եռանդը, որը, ցավոք սրտի, վերջին հարյուրամյակում մոռացության է մատնված»,- ասաց Հ. Հարությունը` հավելելով, որ ստացած մրցանակը խորհրդանշում է հայ գրողների խոնարհումն այդ հերոսների հիշատակի առջև: 
 
 
Պոեզիայի անվանակարգում մրցանկակիրները երկուսն էին` Նորայր Ենգիբարյանը` «Իրեր և իրավիճակներ» բանաստեղծությունների գրքի և Գագիկ Դավթյանը` «Վարք Բաբիկի`Որդվո սյունյաց իշխան Անդովկի» պոեմի համար: 
Ն. Ենգիաբարյանի փոխանցմամբ` իր գրքով նա շարունակել է պարզ, առօրյա երևույթների ու իրերի մեջ տեսնել բանաստեղծականն ու արտահայտել այն խոսակցական ձևով`  համեմված նուրբ հումորով: 
Գիրքը հրատարակվել է պետական աջակցությամբ` «Ծիծեռնակ» հրատարակչությունում: 
«Վարք Բաբիկի`Որդվո սյունյաց իշխան Անդովկի» պոեմի հեղինակի տեղեկացմամբ` մեկ  ամիս առաջ լույս տեսած իր գիրքը հայոց Փառանձեմ թագուհու եղբոր` Անդովկ իշխանի որդի Բաբիկի պոետական վարքագրությունն է: 
Ամփոփելով մրցանակաբաշխությունը` ՀԳՄ նախագահը ընդգծեց, որ վերոնշյալ ամենամյա մրցանակաբաշխությունը մեծ խթան է հանդիսանում գրական ասպարեզում լավագույն աշխատանքները նշմարելու և ընթերցողներին հասցնելու համար:
Է. Միլիտոնյանի տեղեկացմամբ` բարերար Հրանտ Սիմոնյանը հայ գրողներին մշտապես ցուցաբերած իր աջակցության համար արժանացել է ՀՀ մշակույթի նախարարության Գրիգոր Նարեկացի մեդալին, որն առաջիկայում կփոխանցվի տիրոջը:
 Մրցանակաբաշխության ներկանները ևս իրենց երախտիքի խոսքը հղեցին ԱՄՆ-ում բնակվող հայ բարերարին` նախապես շնորհավորելով նրան ծննդյան 90-ամյակի կապակցությամբ:
 
Լուսանկարներն այստեղ
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան» 
Տեսանյութերը և լուսանկարները` Մերի Հունանյանի, «Նոյյան Տապան» 
Նոյյան տապան  -   Նոր գրքեր