«Հեքըթոն մանկություն 2015» մրցույթը կմիավորի ստեղծարար երիտասարդների ամբողջ Հայաստանից


«Հեքըթոն մանկություն 2015» մրցույթը կմիավորի ստեղծարար երիտասարդների ամբողջ Հայաստանից

  • 13-11-2015 11:45:23   | Հայաստան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ

 
Երեւան 13.11.2015 Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն Հայաստանը` Մայքրոսոֆթ ԱրԷյ-ի, Հանրային լրագրության ակումբի, Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնի հետ համագործակցութամբ հայտարարում է «Հեքըթոն [ՅԱՆ] մանկություն 2015» նորարար գաղափարների և ծրագրավորման մրցույթ։ Ծրագրավորողներից և «չծրագրավորողներից» կազմված թիմերը դեկտեմբերի 12-13-ը կմշակեն իրենց վեբ և մոբայլ լուծումների դեմո տարբերակները, որոնք կներկայացվեն մասնագետների և մենթորների դատին։
 
«Հեքըթոն[ՅԱՆ] 2015»-ը չունի որևէ թեմատիկ ուղղվածություն, և մասնակից թիմերը կարող են առաջարկել լուծումներ՝ ցանկացած տեղական և միջազգային խնդրի համար ցանկացած հարթակում։
 
«Հեքըթոն[ՅԱՆ] մանկություն 2015»-ը անցկացվելու է Վանաձոր քաղաքում, որտեղ ՀՀ Կառավարության, Համաշխարհային բանկի և Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի աջակցությամբ տեղի են ունենում մեծածավալ աշխատանքներ Վանաձորը տեխնոլոգիական կենտրոն դարձնելու ուղղությամբ։
 
«2011թ․ի ի վեր յուրաքանչյուր տարի Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն Հայաստանը՝ Հանրային լրագրության ակումբի հետ համատեղ կազմակերպում է  այս մրցույթը՝ նպատակ ունենալով խթանել ստեղծագործ մտածողությունը և ձեռներեցությունը երիտասարդների շրջանում։ Հաշվի առնելով Վանաձորում ՏՏ զարգացմանն ուղղված ներկայումս ընթացող նախաձեռնությունները՝ մենք նույնպես որոշեցինք անմասն չմնալ և այս տարի մրցույթը անցկացնել Վանաձորում՝ ներգրավելով խմբերի ինչպես Վանաձորից, այնպես էլ Գյումրից, Երևանից և Հայաստանի այլ քաղաքներից։»,-նշում է Արտաշես Վարդանյանը՝ ՄԻԿ Հայաստանի տնօրենը։ Կազմակերպիչները կհոգան Գյումրիից և Երևանից մասնակիցների տեղափոխման հարցը։
 
Հեքըթոն[ՅԱՆ]-ները սովորաբար աչքի են ընկնում անցկացման յուրահատուկ եւ հետաքրքիր վայրերով: Այս տարվա մրցույթը՝  «Հեքըթոն[ՅԱՆ] մանկություն 2015»-ը բացառություն չէ. այն անցկացվելու է Վանաձորի Ստեփան Զորյանի անվան N22 հիմնական դպրոցում: Մրցույթի ընթացքում կանցկացվեն սեմինարներ տարբեր տեխնոլոգիաների վերաբերյալ, իսկ Հայաստանյան կայացած ստարտափերի հիմնադիրները կներկայացնեն իրենց հաջողության պատմությունները այս ոլորտում առաջին քայլեր անող թիմերի համար։ 
 
Լավագույն թիմերը կստանան բազմաթիվ արժեքավոր մրցանակներ: Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի կողմից ընտրված երկու թիմեր կընդգրկվեն Ստարտափերի Աքսելերացիայի ծրագրում։ Միջոցառմանը հատուկ աջակցություն է ցուցաբերում նաեւ ԱՄՆ-ում գործող հեղինակավոր Knight – Mozilla OpenNews հիմնադրամը:
 
«Հիմնադրամի անունից Հանրային լրագրության ակումբը խրախուսական դրամական մրցանակ կշնորհի հետաքննական լրագրությանը աջակցող ամենահետաքրքիր գործիքի գաղափարի ու դեմո տարբերակի համար: Հիմնադրամը նախկինում էլ ամեն տարի աջակցել է հեքըթոնյաններին եւ իր հարթակներով իրազեկել միջոցառման մասին միջազգային հանրությանը», - ասում է Հանրային լրագրության ակումբի նախագահ Սեդա Մուրադյանը:
 
Հեքըթոն [ՅԱՆ]-ին դիմելու համար անհրաժեշտ է լրացնել դիմում-հայտ հետևյալ հղումով՝ http://bit.ly/1HxPU2k ։ Հայտերի ներկայացման վերջնաժամկետն է 2015 թ-ի դեկտեմբերի 4-ը:
 
«Հեքըթոն[ՅԱՆ] մանկություն 2015» մրցույթը կազմակերպվում է Համաշխարհային բանկի, Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի, ՀՀ Էկոնոմիկայի նախարարության, Արմենտել ՓԲԸ-ի (Beeline ապրանքանիշով) և Knight-Mozilla OpenNews-ի աջակցությամբ։
 
Ի˚նչ է Հեքըթոնը
Սիլիկոնե հովտում սկիզբ առած այս միջոցառման ձևաչափը թույլ է տալիս նորագույն տեխնոլոգիաների կիրառման, թիմային աշխատանքի եւ ծրագրավորողների ու չ’ծրագրավորողների, այսինքն` այլ ոլորտների մասնագետների համագործակցության միջոցով առկա խնդիրների արդյունավետ լուծումներ առաջարկել:
 
Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը սկսել է իրականացնել այս մրցույթը դեռևս 2011թ․ից։ Առաջին Հեքըթոն[ՅԱՆ]-ին մասնակցել է 32 թիմ՝ ավելի քան 150 մասնակցով: Մրցույթի հանդեպ հետաքրքրությունը գնալով մեծանում է տարեց տարի։ 2012թ Նորարարություն խորագրով Հեքըթոն[ՅԱՆ]-ին   մասնակցում էր արդեն 35 թիմ: 2013թ Թռիչք անվանումով Հեքըթոն[ՅԱՆ]-ը տեղի ունեցավ Երևանի Զվարթնոց միջազգային օդանավակայում, որին աննախադեպ քանակի դիմում-հայտեր էին ստացվել։ 2014թ․ին Innoweek-ի շրջանակում կայացած Հեքըթոն[ՅԱՆ]ին մասնակցեցին 58 թիմ Երևանից, Գյումրիից, Վանաձորից և Իջևանից։
 
Հեքըթոն[ՅԱՆ]-ին հաղթած բոլոր նախագծերին տրվել  են դրամական մրցանակներ, առաջարկվել են համագործակցության և ֆինանսավորման հնարավորություններ։ 
 
Ի˚նչ ենք ակնկալում
Մրցույթի արդյունքում ակնկալվում է ունենալ տարբեր բնագավառներում մի շարք պատրաստի ծրագրերի նախատիպեր, հավելվածներ կամ լուծումներ, որոնք հայաստանյան և միջազգային շուկա դուրս գալու ներուժ ունեն:
 
 
 
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ