Վրաստանում մանկական բժիշկներն անորոշ ժամանակով գործադուլ են հայտարարել
13-11-2015 12:15:59 | Վրաստան | Ի՞նչ է գրում մամուլը
Նոյեմբերի 12-ին կայացել է Վրաստանի նախագահին կից գործող Տնտեսական Խորհրդի նիստը: Ֆինանսների նախարարի հայտարարության համաձայն` «տվյալ պահի դրությամբ Համաներդրողների Ֆոնդը 2 000 000 000 լարի ընդհանուր ծավալով ներդրումներ է իրականացնում:
Նախագծերի մեծ մասը ծրագրվում է ավարտին հասցնել 2017թ.-ին»: Հրապարակված տվյալների համաձայն` պարզ է դառնում, որ երկրի Գյուղատնտեսության նախարարը 2013-2015թթ. իրականցրել է նախագծեր 800 000 000 լարի ընդհանուր արժեքով: «Էժան վարկ» ծրագրից օգտվել է շուրջ 16 000 մարդ: «Էժան վարկ» ծրագրում պետության մասնակցությունը կազմել է 68 000 000 լարի: Պետական աջակցության շնորհիվ` տարեկան մշակվում է շուրջ 210 000 հա հողատարածք: Ագրո-կրեդիտ ծրագրի շրջանակներում 2014-2015թթ. հատկացվել է շուրջ 27 000 պոլիս», -ասված է Վրաստանի վարչապետին կից Տնտեսական Խորհրդի մամլո-ծառայության տարածած հայտարարությունում:
Նոյեմբերի 12-ին Ճապոնիայում կատարած պաշտոնական այցելության շրջանակներում Վրաստանի Պաշտպանության նախարարը հանդիպում է անցկացրել իր գործընկերոջ հետ: Հանդիպման ավարտին Վրաստանի և Ճապոնիայի Պաշտպանության նախարարությունների միջև համագործակցության հուշագիր է ստորագրվել: Փաստաթղթի տեքստի համաձայն` «Վրաստանը և Ճապոնիան պայմանավորվել են համագործակցել պաշտպանության համակարգի զարգացման գործընթացում»: Ըստ հուշագրի պայմանների` կողմերը պայմանավորվում են կազմակերպել փորձագետների փոխանակման ծրագրեր, կազմակերպել համատեղ կրթական և հետազոտական ծրագրեր, աջակցել վերին մակարդակի այցելություններին:
Նոյեմբերի 12-ին Վրաստանի` Իաշվիլու անվան մանկական խոշորագույն հիվանդանոցի բժիշկները գործադուլ են հայտարարել: Բողոքող բժիշկները պահանջում են նախկին ամիսների աշխատավարձերի վճարում: Բժիշկների հայտարարությունների համաձայն իրենք աշխատավարձ չեն ստացել երեք ամսվա ընթացքում և չեն պատրաստվում դադարեցնել գործադուլը մինչ չնշվի աշխատավարձի վճարման հստակ ամսաթիվը: Գործադուլին մասնակցել են Թբիլիսիի մանկական հիվանդանոցի բոլոր բժիշկները, բացի շտապօգնության բժիշկներից:
Նոյեմբերի 12-ին Վրաստանի ողջ տարածքով մեկ անկայուն եղանակ էր նկատվում: Քամի, անձրև, մառախուղ, իսկ բարձրալեռ շրջաններում` փոթորիկ և մերկասառույց: Մոլեգնած տարերքի արդյունքում լուրջ վնաս է հասցվել Աջարիայի Ինքնավար Հանրապետությանը, Իմերեթի շրջանին, Գուրիային, Շիդա Քարթլիին և Կախեթիին: Ուժեղ քամու պատճառով վնասվել են էլեկտրոհաղորդման գծերը: Ավելի քան 50 000 բաժանորդ մնացել է առանց լույսի: Փոթորկի և ուժեղ մառախուղի արդյունքում կաթվածահար է եղել երկրի գլխավոր մայրուղիների երթևեկությունը: Սամցխե-Ջավախքում Թիկմանթաջի ճանապարհահատվածում (Փարվանա լճի մոտ) ձյունամրրիկի տակ է մնացել շուրջ 50 մարդ` զոհեր և տուժածներ չկան: Ողջ օրվա ընթացքում Վրաստանի Ներքին Գործերի նախարարությունն աշխատում էր արտակարգ ռեժիմով: Տեղական ինքնակառավարման մարմինների հայտարարության համաձայն` «տարերքը մեծ վնաս է հասցրել երկրի շրջանների մեծամասնությանը, վնասի գումարը դեռևս հաշվված չէ»:
«2016թ. Վրաստանում բարձրալեռ շրջանների բնակչությանն աջակցման պետական ծրագիրը կմեկնարկի: Թոշակային ավելացումների տեսքով Բյուջեից կհատկացվի լրացուցիչ 10 000 000 լարի: Ուսուցիչների աշխատավարձերի ավելացման համար` 6 000 000 լարի, ամսական օգնություն նորածիններին` 5 000 000 լարի, բժիշկների աշխատավարձերի հավելում` 1 000 000 լարի», -նոյեմբերի 12-ին հայտարարել է Վրաստանի Ֆինանսերի նախարարը:
Վիճակագրական տվյալների համաձայն` «2015թ. հունվար-փետրվար ամիսներին բջջային հեռախոսների ներմուծումը Վրաստանում կազմել է 105 000 000 դոլար, ինչը 19.2%-ով քիչ է 2014թ. նույն ժամանակահատվածի համեմատությամբ: Քաղաքացիների գնողունակության նվազումը կապված է Վրաստանի ազգային արժույթի հանդեպ դոլարի ամրապնդման հետ: Ընդհանուր առմամբ ներմուծումը Վրաստանում նշված ժամանակահատվածում կրճատվել է 9%-ով», -ասված է պաշտոնական վիճակագրությունում: Վիճակագրական գործակալության տվյալների համաձայն` 2014թ. Վրաստանին վաճառվել է 1 460 000 բջջային հեռախոս 148 000 000 դոլար ընդհանուր գումարով: