Արա Աբրահամյանի «քաղաքական» նպատակը Հայաստանում


Արա Աբրահամյանի «քաղաքական» նպատակը Հայաստանում

  • 18-11-2015 18:17:16   | Հայաստան  |  Վերլուծություն
 
Հայաստանի քաղաքական երկնակամարում ծագման հավակնություն ներկայացրած աստղ Արա Աբրահամյանը պատրաստվում է բացել ոչ միայն կուսակցություն, այլ նաեւ տեղեկատվական միասնական մի կենտրոն, որը Եվրասիական քարոզչություն կիրականացնի Հայաստանում: Մեծ հաշվով, հենց դա է Արա Աբրահամյանի «քաղաքական» նպատակը: Չնայած աշխարհքաղաքական էական անհամարժեքություններին, Ռուսաստանի իշխանությունն իհարկե դեռեւս այդ աստիճան չի կորցրել իրականության հետ կապը՝ Հայաստանում Արա Աբրահամյանի հետ ավելի ընդգրկուն քաղաքական ծրագրեր կամ հույսեր կապելու համար:

 

Արա Աբրահամյանը Հայաստանում կդառնա Եվրասիականության թիվ մեկ քարոզիչը, յուրօրինակ «Գրիգոր Լուսավորիչ», որը Հայաստանում կտարածի եվրասիակրոնությունը: Ի դեպ, այդ տեսանկյունից Աբրահամյանին թերեւս արժե խորհել Խոր Վիրապի փոսում հայտնվելու հեռանկարի շուրջ, որովհետեւ Եվրասիակրոնության քարոզը անկասկած հեշտ չի լինելու:

 

Ու ոչ այն պատճառով, որ Աբրահամյանը Հայաստանում ունենալու է լուրջ մրցակիցներ: Աբրահամյանը մրցակից չի ունենա, քանի որ Հայաստանում նրանից շատ փող ունեցող թերեւս չկա, իսկ ունեցողն էլ, ծայրահեղ դեպքում, անկասկած հանդիսանում է նրանից ավելի շատ եվրասիապաշտ:

 

Արա Աբրահամյանի համար «մրցակիցն» իրականությունն է, այն տխուր իրականությունը, որ առկա է Եվրասիական տարածությունում: Տնտեսական այդ միությունը ավելի շատ հիշեցնում է «մեռած տնտեսությունների ընկերակցություն», քան միավորում, որն ունի գործնական հեռանկարներ ու հնարավորություններ: Թե ինչն է դրա պատճառը, իհարկե այլ խոսակցության նյութ է: Ինչ խոսք, ԵՏՄ-ում ցուցանիշները կարող էին լինել այլ, եթե չլինեին պատժամիջոցները Ռուսաստանի դեմ, նավթի գների անկումը: Բայց, մյուս կողմից, իսկ ինչու՞ եղան պատժամիջոցները, կամ ինչպես կարող է հսկա միությունը կամ տերությունը կախված լինել «մի կում նավթից»:

 

Մյուս կողմից, ԵՏՄ խնդիրը միայն տնտեսական ցուցանիշները չեն, այլ ավելի շուտ կոռուպցիոն ինդեքսը, այն համակարգերը, որոնք կազմավորել են ԵՏՄ կոչվող կառույցը, կազմավորել են ինքնապահպանության բնազդով: ԵՏՄ դեմ գլխավոր «պատժամիջոցը» այդ կառույցը կազմած համակարգերի եւ լիդերների կոռումպացվածությունն է, որի հետեւանքներն ու մետաստազները տարածվում են թե կառավարման արդյունքի, թե տնտեսական ցուցանիշների, թե անգամ հասարակությունների կենցաղի վրա:

 

Այդ տեսանկյունից Արա Աբրահամյանն ունի իսկապես ահռելի մրցակից` մի իրականություն, որը հաղթահարելու համար պետք կլինի ոչ միայն փող, այլ նաեւ փոս: Փոս այն պատճառով, որ կգա մի պահ, երբ Արա Աբրահամյանը կարող է հանրության մոտ ընկալելի լինել լոկ միայն զոհի կերպարով: Հայաստանի հասարակությունը սիրում է «զոհերին», կարեկցում:

 

Այնտեղ, որտեղ կայացվել է Աբրահամյանի առաքելության մասին որոշումը, այդ առաքելությունից ըստ երեւույթին կարճ ժամանակ անց կայացվելու է խոր վիրապի մասին որոշում, գոնե այդպիսով Աբրահամյանին հասարակությանը լսելի դարձնելու համար: Կօգնի դա երկար հեռանկարում, թե ոչ, պարզ չէ, բայց որ միջնաժամկետ հեռանկարում դա անխուսափելի է` եթե չի փոխվում Աբրահամյանի առաքելությունը, թերեւս անկասկած է, որովհետեւ ԵՏՄ իրականության փոփոխությունը առաջիկա տարիներին գործնականում անհնար է, դա անգամ ռուսաստանցի տարբեր փորձագետներն ու պաշտոնյաներն են հաստատում, հասարակությանը պատրաստելով երկարատեւ մաքառման:

 

Ավելին, նաեւ հենց այդ հեռանկարն է թերեւս պատճառը, որ Հայաստանում եվրասիակրոնության տարածման առաքելությունը դրվել է Արա Աբրահամյանի վրա: Մինչ այդ, այդ առաքելությունը, դրա ֆինանսավորումը Գազպրոմի վրա էր, որն իրականացվում էր փորձագիտական եւ մեդիատարբեր մասնաճյուղերով: Բայց, այստեղ կա թե արդյունավետության հարցում տապալման խնդիր, թե նաեւ ֆինանսա-տնտեսական խնդիր: Պատժամիջոցները ծռում են ՌԴ տնտեսության մեջքը, հետեւաբար փողը ՌԴ իշխանության համար դառնում է դեֆիցիտ: Այդ պայմաններում Ռուսաստանը գնում է օպտիմալացման: Արա Աբրահամյանի հայաստանյան գործուղումը դրա դրսեւորումն է:

 

Օրինակ, Ռուսաստանը կարծես թե աստիճանաբար հանձնում է Հայաստանում իր ռազմավարական ակտիվները ռուսաստանահայ կապիտալին: Նույնն է թերեւս տեղի ունենում նաեւ քարոզչական ակտիվների նկատմամբ: Ռուսաստանում հարստացած, միլիարդների եւ միլիոնների տեր դարձած հայերի վրա է դրվում Հայաստանը «պահելու» եւ «քարոզելու» առաքելությունը, այսինքն Ռուսաստանն այլեւս չի ուզում դրա համար ծախսել իր գրպանից, այլ լայնորեն բացել է տալիս Ռուսաստանի հայ մեծահարուստների գրպանները:

lragir.am

 

 

 

Նոյյան տապան  -   Վերլուծություն