Մեղրիի և Ագարակի գազի բաշխման ցանցի կառուցումը շուտով կմեկնարկի


Մեղրիի և Ագարակի գազի բաշխման ցանցի կառուցումը շուտով կմեկնարկի

  • 24-11-2015 14:55:53   | Հայաստան  |  Տնտեսություն

Իրանի հետ սահմանամերձ Մեղրի և Ագարակ համայնքների գազի բաշխման ցանցի կառուցման աշխատանքները շուտով կվերսկսվեն։
 
Այդ մասին անցած օրը ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանի մոտ կայացած ընդունելության ժամանակ հայտնել է ծրագրի գլխավոր կապալառու՝ իրանական «Սաներջի» ընկերության կառավարիչ տնօրեն Հ. Զամանին։ 
Հանդիպման ընթացքում քննարկվել են համայնքների գազիֆիկացման աշխատանքների հետ կապված մի շարք հարցեր։ «Սաներջի» ընկերության ղեկավարը նախարարին տեղեկացրել է, որ շարունակվում է անհրաժեշտ սարքավորումների և նյութերի տեղափոխումը Հայաստան։ Շինարարական աշխատանքները կմեկնարկեն դեկտեմբերի առաջին տասնօրյակում։   
Կարևորելով ծրագրի իրականացման սոցիալական նշանակությունը՝ Երվանդ Զախարյանը նշել է, որ անհրաժեշտ է հնարավորինս արագացնել գազիֆիկացման ծրագրի շինարարությունը, այն իրականացնել սահմանված ժամկետում և բարձր որակով։ 
Հիշեցնենք, որ Իրանի և Հայաստանի կառավարությունները դեռևս 2011թ. դեկտեմբերին ստորագրել էին Փոխըմբռնման հուշագիր՝ Հայաստանին օժանդակություն հատկացնելու վերաբերյալ։ Հուշագրի շրջանակներում Իրանի կառավարությունը համաձայնել էր տրամադրել 2 մլն ԱՄՆ դոլար, որպես դրամաշնորհ, Իրանի հետ սահմանամերձ բնակավայրերի (Մեղրի և Ագարակ համայնքների) գազի բաշխման ցանցի կառուցման ծրագրի իրականացման համար: Հայկական կողմն իր վրա է վերցրել տրամադրվող միջոցների հաշվին ապրանքների մատակարարման և ծառայությունների մատուցման գործարքներից գանձվող հարկերի, մաքսատուրքերի և այլ պարտադիր վճարների հետ կապված ծախսերը: ՀՀ ԷԲՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են՝ ծրագրի իրականացումն ընդհատվել էր՝ իրանական կողմից ֆինանսավորման դադարեցման պատճառով։ 
 
 
Նոյյան տապան  -   Տնտեսություն