Գետաշեն համայնքի 300 աշակերտներ տոնել են հիմնանորոգված միջնակարգ դպրոցի նորամուտը


 

Գետաշեն համայնքի 300 աշակերտներ տոնել են հիմնանորոգված միջնակարգ դպրոցի նորամուտը

  • 25-11-2015 17:49:17   | Արմավիրի մարզ  |  Բարեգործություն
Այսօր Արմավիրի մարզի Գետաշեն համայնքի 300 աշակերտներ տոնեցին հիմնանորոգված միջնակարգ դպրոցի նորամուտը: 
 
Դպրոցի նորոգումն իրականացվել է Հիմնադրամի կողմից՝ բարերար, երջանկահիշատակ Հայկ Բոյաջյանի նվիրատվությամբ: Նոր կյանք ստացած դպրոցի նորոգման մեջ իր մեծ ներդրումն ունի նաև Արմավիրի մարզպետարանը: 
 
«Վերջին տարիների ընթացքում մենք կարողացել ենք 86-ից ավելի դպրոց նորոգել Արմավիրի մարզում: Դրան անմասն չի մնացել նաև Հայաստանի մանուկներ հիմնադրամը՝ մեծածավալ ներդրումներ կատարելով մարզում: Եվ պատահական չէ, որ COAF-ի խորհրդի ատենապետ Կարո Արմենը դարձել է Արմավիրի մարզի պատվավոր քաղաքացի»,- ողջույնի խոսքում նշեց Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը: 
 
Հարմարավետ, գունավոր և տաք կրթօջախը Գետաշեն համայնքին, դպրոցի անձնակազմին և աշակերտներին հանձնվեց Գոհաբանության տոնին ընդառաջ՝ ի երախտագիտություն Հիմնադրամի դոնորների նվիրաբերության, գործընկերների նվիրվածության և բոլոր սրտացավ մարդկանց մասնակցության: 
 
«Հիմնադրամի համար հատկապես կարևոր է երկրի սահմանից ընդամենն 800 մետր հեռավորությամբ գտնվող Գետաշեն գյուղի դպրոցականների համար կրթական և ուսումնական լավագույն միջավայր ապահովելը: Հայաստանի սահմանամերձ գոտիների զարգացումը ռազմավարական նշանակություն ունի մեր երկրի համար»,- շնորհավորական խոսքում նշեց Հայաստանի մանուկներ հիմնադրամի գործադիր տնօրեն Անուշ Եդիգարյանը: 
 
Դպրոցի շրջայցին հաջորդեց մշակութային մասը՝ երաժշտական համարներ աշակերտների կատարմամբ, Հիմնադրամի և դպրոցի «Իմ թատրոն» ինտերակտիվ թատրոնի նոր ներկայացման դրվագ և «Հայելի» թերթի եզակի համարը՝ նվիրված Ցեղասպանությունից մազապուրծ գետաշենցիներին, որ թողարկել են դպրոցի սաները Dreamdo School (Երազանքների իրականացման դպրոց) ծրագրի շրջանակներում: 
 
Գետաշենի միջնակարգ դպրոցը Հայաստանի մանուկներ հիմնադրամի կողմից վերանորոգման աջակցություն ստացած թվով 13-րդ կրթօջախն է: Դպրոցների բարեկարգման աշխատանքներին զուգահեռ՝ Հիմնադրամը մշտապես իրականացնում է համապարփակ ծրագրեր՝ միտված ակտիվ, բանիմաց և նպատակասլաց քաղաքացիների կայացմանը: 
 
 
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Բարեգործություն