Հայ գյուտարարի արևային մշակմամբ հայկական սուջուխի արտադրությունը հնարավոր է կազմակերպվի ԱՄՆ-ում (տեսանյութ)


Հայ գյուտարարի արևային մշակմամբ հայկական սուջուխի արտադրությունը հնարավոր է կազմակերպվի ԱՄՆ-ում (տեսանյութ)

  • 26-11-2015 16:50:37   | Հայաստան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ



Էներգախնայողության և արևային էներգիայի կիրառման խնդիրներին նվիրված կիևյան վերջին միջազգային սիմպոզիումի ընթացքում  Հայաստանի կողմից ներկայացված արևային էներգախտացուցիչներն արաժանացել են մեծ ուշադրության, իսկ դեկտեմբերին Ֆրանսիայում կայանալիք գիտաժողովի ընթացքում քննարկվելու է «Հելիոֆիկացիայի» գաղափարը: 
 
Ինչպես նոյեմբերի 26-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց Հելիոֆիկացիայի ծրագրի հեղինակ, տեխնիկական գծով գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վահան Համազասպյանը, ինքը որպես ծրագրի հեղինակ դեմ է, որպեսզի Հայաստանում մշակված արևային տեխնոլոգիաները դուրս գան դրա ահմաններից:
Ըստ նրա` Հելիոֆիկացիայի ծրագիրը ստեղծվել է առաջին հերթին Հայաստանի համար և հանուն Հայաստանի, սակայն այն Հայաստանում կյանքի չի կոչվում, ուստի իրենք ստիպված են դիմել այլ երկրների: 
«ՀՀ Էներգետիկայի նախարարությունն իր բոլոր ղեկավարներով ամեն կերպ խոչընդոտում է ծրագրի իրականացմանը»,- ասաց Վ. Համազասպյանը` պետական պաշտոնյանների նման անտարբերությունը որակելով որպես պետական դավաճանություն:
Նրա խոսքերով` ներկայիս աշխարհաքաղաքական գործընթացների պայմաններում Հայաստանի միակ հեռանկարն արևային տեխնոլոգիաների լայնամասշտաբ կիրառությունն է, որն ունի տնտեսական և քաղաքական մեծ նշանակություն: 
Վ. Համազասպյանի փոխանցմամբ` ներկայումս մեծ հնարավորություն կա արևային տեխնոլոգիաներով մշակված  արևային քաղցրավենիքների արտադրություն կազմակերպել ԱՄՆ-ում, քանի որ Միշել Օբան հանձնարարել է ուսումնասիրել  աշխարհում գոյություն ունեցող էկոլոգիապես մաքուր սննդի արտադրության տեխնոլոգիաները:   
Հելիոֆիկացիայի ծրագրի հեղինակի պնդմամբ` Հայաստանի տնտեսության զարգացումը կարող է ապահովվել արևային գերժամանակակից տեխնոլոգիաներով. «Երբ մենք մեր տեխնոլոգիաները տալիս ենք այլ երկրների, կորցնում ենք հեղինակային առավելությունները, ինչը վնաս է մեր արդյունաբերությանը, սակայն ՀՀ իշխանությունների դիրքորոշումը ստիպում է, որ դիմենք այլ երկրների»,- ասաց նա: 
Կիևյան  վերջին միջազգային սիմպոզիումին մասնակցած տեխնիկական գիտությունների թեկնածու Գրիգոր Մնացականյանի տեղեկացմամբ` դեկտեմբերին Ֆրանսիայում կայանալիք գիտական համաժողովի ընթացքում խնդիր է դրված Արևելյան գործընկերության ադամ երկրներում գոնե մեկ գյուղ ամբողջությամբ հելիոֆիկացնել գոյություն ունեցող արևային տեխնիկաներով և դրական արդյունքների դեպքում անցնել մասայական արտադրության: 
 
 
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան» 
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ