ՀՀ գյուղնախարարն ընդունել է «Սպայկա» ՍՊԸ տնօրեն Դավիթ Ղազարյանին


ՀՀ գյուղնախարարն ընդունել է «Սպայկա» ՍՊԸ տնօրեն Դավիթ Ղազարյանին

  • 27-11-2015 16:31:38   | Հայաստան  |  Տնտեսություն

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր ընդունել է  «Սպայկա» ՍՊԸ տնօրեն Դավիթ Ղազարյանին: Հանդիպման նպատակն էր քննարկել դեպի Ռուսաստան  տեղական գյուղմթերքի արտահանման ծավալների ավելացման հնարավորությունը:
 
«Ինչպես տեղյակ եք, թուրքական գյուղմթերքի ներմուծումը Ռուսաստանի Դաշնություն սահմանափակվել է: Դա լայն հնարավորություններ է ստեղծում հայ արտադրողների համար ավելացնելու դեպի ռուսաստանյան շուկա արտահանման ծավալները: Նախատոնական առևտրի հետ կապված  ևս ավելանում է արտադրանքի պահանջարկը և անհրաժեշտ է մշակել կարճաժամկետ և երկարաժամկետ  ծրագրեր արտադրության և արտահանման ծավալներն ավելացնելու համար», - նշել է իր խոսքում նախարար Սերգո Կարապետյանը:
 
Միաժամանակ նախարարը հավելել է, որ կա հնարավորություն կտրուկ ավելացնել արտահանման ծավալները, նշելով որ հայկական գյուղմթերքը թեև որակական բարձր հատկանիշներ ուներ, սակայն գնի առումով մրցունակ չէր թուրքականի համեմատ:
 
Գյուղմթերքի թվում, որոնց արտահանման ծավալները կարելի է ավելացնել, նախարարը, մասնավորապես, նշել է թարմ պտուղ-բանջարեղենը և մսամթերքը: Բացի այդ, նախարարը նաև կարևորել է դեպի ՌԴ արտահանվող գյուղմթերքի տեսականին:
 
Ընկերության տնօրեն Դավիթ Ղազարյանն իր հերթին նշել է, որ Թուրքիայից դեպի Ռուսաստան արտահանվում էին հիմնականում ջերմոցային ապրանքներ: Այս ենթատեսքստում նա նշել է, որ հայրենի արտադրողները նույնպես կարող են ավելացնել հատկապես ջերմոցային պայմաններում արտադրված գյուղմթերքի ծավալները:
 
Նախարար Կարապետյանը նշել է նաև, որ անհրաժեշտ է ավելացնել տրանսպորտային միջոցների քանակը` հաշվի առնելով արտահանման ծավալների ավելացումը:
 
ՀՀ գյուղնախարարությունից հայտնում են՝ հանդիպման ավարտին նախարարը հանձնարարել է տեղակալ Ռոբերտ Մակարյանին հարցի կարգավորումը պահել ամենօրյա ուշադրության կենտրոնում և խնդիրների առաջացման դեպքում անմիջապես զեկուցել իրեն, առաջիկա երկուշաբթի կամզակերպել հանդիպում նաև  հանրապետությունում գործող մյուս արտահանող ընկերությունների հետ:
 
 
 
 
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play