Ինչ արեց Րաֆֆի Հովհաննիսյանը, երբ ժողովուրդը եկավ. Մեկնաբան


Ինչ արեց Րաֆֆի Հովհաննիսյանը, երբ ժողովուրդը եկավ. Մեկնաբան

  • 27-11-2015 17:30:29   | Հայաստան  |  Վերլուծություն

«Դեկտեմբերի 1-ից 6-ը, եթե ժողովուրդը ցույց տա միասնականությունը՝ ունենալու ենք նոր իրավիճակ, որը տանելու է մեզ դեպի մեր ցանկալի նոր Հայաստան: Բայց ամեն ինչ կախված չէ մեր Ճակատի քաղաքական խորհրդից, մեզ պետք է միասնական պայքար, ժողովուրդը պետք է դուրս գա ու մասնակից դառնա, կամ էլ տանը նստի ու անիծի խավարը»:

 

Ո՞վ է արել այդ հայտարարությունը: Րաֆֆի Հովհաննիսյանը, Ժառանգություն կուսակցության առաջնորդը, որը Նոր Հայաստան միավորման մասնակից է եւ նոյեմբերի 27-ին հանդես է եկել մամուլի ասուլիսով:

 

2013 թվականի նախագահի ընտրությունից հետո ժողովուրդը տանը չէր նստել ու անիծում խավարը, եկել էր Ազատության հրապարակ, գալիս էր՝ մինչեւ ապրիլի 9-ի հայտնի իրադարձությունները:

 

Հետո մարդիկ հասկացան, որ հրապարակի փոխարեն, նույն բանը հաջողությամբ կարող են անել եկեղեցում, հետեւաբար դրա համար չկա հրապարակ գնալու կարիք: Ավելին, նույնիսկ չկա եկեղեցի գնալու կարիք, քանի որ աղոթել մարդը կարող է նաեւ հենց տանը նստած, քանի որ աղոթքը մարդու ներսում է, ոչ թե որեւէ կադաստրային միջավայրում:

 

Ընդ որում, որեւէ մեկն իհարկե Րաֆֆի Հովհաննիսյանի վրա «մուննաթ» չեկավ, թե ինչու հանրությանը ասենք չտարավ ոստիկանության հետ բախման, այլ ոստիկանապետի հետ տարավ Ծիծեռնակաբերդ աղոթքի: Հովհաննիսյանն իսկապես խելացի վարվեց, բայց լոկ բախման չտանելու մասով:

 

Բախումը քաղաքական գործունեության հետեւանք է, ոչ թե միջոց: Եթե բանը հասել է բախման, նշանակում է քաղաքական գործունեությունը մտել է փակուղի կամ գնացել է լիովին սխալ ընթացքով ու մատնվել անհաջողության: Եթե Հովհաննիսյանը մարդկանց չի տարել բախման՝ եւ շատ լավ է արել, փառք ու պատիվ նրան, դա դեռ չի նշանակում, որ դրանից բացի ուր ուզեր կարող էր տանել, եւ դրա համար հանրությունը պետք է շնորհակալություն հայտնի Հովհաննիսյանին:

 

Հիմա, երբ Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարում է, թե «հասարակության միասնական լինելու դեպքում ունենալու ենք նոր իրավիճակ, ու թե դա միայն իրենց ճակատի խորհրդից կախված չէ, այլապես թող մարդիկ նստեն տանն ու անիծեն խավարը», նա ինքն իրեն հաշիվ տալի՞ս է, որ վիրավորում է հասարակությանը, այն ավելի քան 500 հազար մարդկանց, որ պաշտոնապես նրան ձայն էին տվել 2013 թվականին, եւ որոնց մի զգալի մասը գալիս էր հրապարակ՝ այդ ձայնին տեր կանգնելու հարցում նրան օգնելու:

 

Իրավիճակը լիովին այլ կլիներ իհարկե, եթե Րաֆֆի Հովհաննիսյանն օրինակ հայտարարեր, որ հասկացել է, թե ինչն է սխալ արել, կամ կիսատ արել 2013-ին եւ այժմ գիտե ինչ անել, սխալն ուղղելու համար: Այդ դեպքում հասարակությունը կարող էր հարցնել, թե «ուրեմն ի՞նչն եք սխալ արել, ասացեք խնդրեմ, արդյոք եղել են ճիշտ հետեւություններ, որպեսզի իմանանք՝ այս անգամ գալու ենք «ճշտի»՞ հետեւից», թե ոչ»:

 

Այլապես, Րաֆֆի Հովհաննիսյանի հայտարարությունը ոչ այլ ինչ է, քան արդեն իսկ ծրագրվող ինքնարդարացում, ընդ որում Նոր Հայաստանի անունից ընդհանրապես, դեկտեմբերի 1-6-ից հետո պատասխանատվությունը հասարակության «ոչմիասնականության» վրա դնելու համար: Հովհաննիսյանն ասում է, որ նոր իրավիճակ ստեղծելը կախված չէ միայն Ճակատի խորհրդից: Իսկ Ճակատի խորհրդից կամ խորհրդի ճակատից ի՞նչ է կախված, մարդկանց միայն հրապարակի տեղ ցույց տալն ու ժամը ասե՞լը: Իսկ Ճակատն ինքը, միայնակ, ինչ որ բան անել կարո՞ղ է, առանց որեւէ բազմության: Ոչ ոք չի պահանջում, որ միայնակ գնան ու իշխանափոխություն անեն: Բայց, օրինակ, միայնակ ի՞նչ կարող են անել: Որովհետեւ, մեծ հաշվով, այն, ինչ անում են, դա կարող են անել շատերը: Ո՞վ չի կարող հայտարարել, որ իրենից ոչինչ կախված չէ, եւ նոր իրավիճակ կլինի, երբ ժողովուրդը ցուցաբերի միասնականություն:

 

Ներկայում Հայաստանի քաղաքական դաշտում խնդիրը հենց այն է, թե դրանում գործունեության հայտ ներկայացրած ով ինչ կարող է անել առանց ժողովրդի: Ասենք, կարո՞ղ են գնալ եւ ամբողջ ճակատով հայտարարել հացադուլ: Ի վերջո, անհատական պրակտիկա կա, եւ ասենք այդպիսով ճակատը կարող է նաեւ միասնական պրակտիկայի օրինակ ցույց տալ, ասելով՝ հասարակություն, մենք օրինակ կարող ենք միասնականորեն անել ահա այս առավելագույնը, օգնիր մեզ հասնել ավելիին:

 

Ըստ երեւույթին Րաֆֆի Հովհաննիսյանի հայտարարություններին պետք է արձագանքի նաեւ ճակատը, քանի որ այդ հայտարարությունն առաջացնում է բազմաթիվ հարցեր: Վերջին հաշվով, եթե անելիքը կախված է մարդկանց քանակից, ապա այդ մասին պետք է հայտարարել հստակ, պարզ: Օրինակ, ի՞նչն է համարվելու միասնականություն, իսկ ինչը՝ ոչ: Միասնականության ի՞նչ տեսք, ի՞նչ քանակ է պատկերացվում: Օրինակ, ինչքանի՞ց քիչ մարդ չպետք է գա, որ նոր իրավիճակ լինի:

 

Միասնականության «գաղափարն» ընդհանրապես մի ծուղակ է, որում հայկական ընդդիմադիր դաշտը հայտնվում է արդեն երկու տասնամյակ, ընդ որում վերջին տարիներին միանգամայն կամավոր եւ հաճույքով, քանի որ այդ ծուղակը նաեւ ինքնարդարացման հնարավորություն է, թե ահա այսինչը մեզ չմիացավ, թե չէ այլ էր լիելու ելքը, այնինչը չմիացավ, խոստացավ, բայց չեկավ, վերջին պահին դավաճանեց եւ այլն:

 

Միասնականությունն ապաքաղաքական, նույնիսկ հակաքաղաքական կատեգորիա է, որովհետեւ դրանով փոխարինվում է գաղափարն ու մեթոդը, դրա տակ քողարկվում է գաղափարի ու մեթոդի բացակայությունը, դատարկությունը: Երբ հանրությանը չկա առաջարկ, որն ունակ է մարդկանց մոտ առաջացնել ոչ միայն մասնակցության հետաքրքրություն, ներգրավման ցանկություն, այլ նույնիսկ էմոցիաներ, առաջ է քաշվում միասնականության «գաղափարը»:

 

Մինչդեռ քաղաքացուն հետաքրքրում է այն, թե ինչ են առաջարկում իրեն, ինչպես, ոչ թե քանի հոգով: Եթե առաջարկը, անելիքը, կամ առավել եւս արածը արդյունավետ է, կենսունակ, մարդը, հանրությունը կգնա այն առաջարկողի հետեւից, եւ այդ ժամանակ է, որ մեկը դառնում է տաս, տասը հազար, հազարը տասը հազար, տասը հազարը հարյուր հազար եւ միլիոն: Ու այդ ժամանակ է, որ բախումն արդեն դառնում է անիմաստ, իշխանությունը ինքն է սկսում զիջելու, հեռանալու պայմանավորվածության փորձը, նախաձեռնությունը:

lragir.am

 

 

 

 

Նոյյան տապան  -   Վերլուծություն