«Սահմանն իմ հոգում». օգնության ձեռք սահմանամերձ գյուղերին


«Սահմանն իմ հոգում». օգնության ձեռք սահմանամերձ գյուղերին

  • 01-12-2015 15:52:25   | Հայաստան  |  Բարեգործություն
Այսօր Կարաս ազգային սննդի ցանցը հայտարարեց «Սահմանն իմ հոգում» Բարեգործական Մարաթոնի մեկնարկի մասին:
 
Այս Ամանորին Կարաս ցանցը չեղյալ է հայտարարել բոլոր ակցիաները, զեղչերը և բոնուսները՝ մեկնարկելով Բարեգործական Մարաթոն, որի արդյունքում ցանցի վաճառքների 5%-ն ուղղվելու է Տավուշի 11 սահմանամերձ գյուղերի 992 դպրոցականների և 336 ուսուցիչների աջակցությանը: Հավաքված ամբողջ միջոցներով ցանցը կգնի առաջին անհրաժեշտության սննդամթերք և գրենական պիտույքներ: 
 
«Մեր սահմանները պահող սահմանամերձ գյուղերի բնակիչները բազմաթիվ լուրջ խնդիրներ ունեն՝ ամեն օր լինելով վտանգի տակ: Միայն այն փաստը, որ նրանք դիմակայում են, չեն լքում իրենց հայրենիքն՝ արդեն հերոսություն է, որը մեզ բոլորիս ոգեշնչում է և հոգևոր ուժ փոխանցում: «Սահմանն իմ հոգում» Բարեգործական Մարաթոնը Կարասի շնորհակալությունն է թշնամու նշանակետի տակ գտնվող գյուղերի բնակիչներին: Նրանցից յուրաքանչյուրը ուշադրության կարիք ունի: Մենք պետք է նեցուկ լինենք, կանգնենք մեր հայրենակիցների կողքին և աջակցենք մեր միասնությամբ»,- իր խոսքում նշեց Կարաս ցանցի հիմնադիր Աշոտ Հարությունյանը: 
 
Նախագծի իրականացման համար Կարաս ցանցի հիմնադիրներ՝ Տիգրան Յուզբաշյանը և Աշոտ Հարությունյանը, այցելեցին Տավուշի սահմանամերձ գյուղերը և մասնավորապես դպրոցները` ծանոթանալով դպրոցականների, ուսուցիչների և նրանց կյանքի առօրյա խնդիրների հետ: 
Տեղեկանալով Կարասի մտադրությունների մասին, Բարեգործական Մարաթոնին միացան նաև Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանը և երգիչ-երգահան Դավիթ Ամալյանը, իսկ ինֆորմացիոն աջակցությունը ցուցաբերեց ռադիո «Վանը»: 
 
«Այսօր շատերը բարձրաձայնում են մեր երկրում առկա կյանքի դժվարությունների և օգնության անհրաժեշտության մասին: Մենք որոշեցինք ոչ միայն խոսել, այլ նաև գործել: «Սահմանն իմ հոգում» նախագծի նպատակն է ոչ միայն աջակցություն ցուցաբերել, այլ նաև ուշադրություն գրավել այս և նմանատիպ խնդիրների վրա: Կարասը երախտապարտ կլինի բոլոր նրանց, ովքեր պատրաստ կլինեն միանալ այս Բարեգործական Մարաթոնին՝ նյութական և բարոյական աջակցությամբ»,- նշեց Կարաս ցանցի հիմնադիր Տիգրան Յուզբաշյանը: 
 
 
Նոյյան տապան  -   Բարեգործություն