Արմենիա Մարիոթ հյուրանոցում դեկտեմբերի 1-ին «Օրրան» բարեգործական հասարակական կազմակերպության շահառու փոքրիկների մասնակցությամբ ազդարարվեց ամանորյա տոների մեկնարկը:
Փոքրիկները հնարավորություն ունեցան հյուրանոցի Արմենիա Բրասերի ռեստորանում ինքնուրույն պատրաստել թխվածքներից և քաղցրավենիքներից ամանորյա տոնածառի խաղալիքներ, որոնցով զարդարեցին հյուրանոցի երկու տոնածառները:
Ինչպես լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց Արմենիա Մարիոթ հյուրանոցի վաճառքների և մարքեթինգի համակարգող Մարիամ Օհանյանը, արդեն 12 տարի է, ինչ Արմենիա Մարիոթ հյուրանոցն ամանորյա տոների սկիզբն ազդարարում է բարեգործական միջոցառումներով:
Ըստ նրա` համագործակցում են տարբեր բարեգործական հասարակական կազմակերպությունների և հատկապես «Օրրան»-ի հետ:
Մ. Օհանյանի խոսքերով` ամեն տարի դեկտեմբերի 1-ին հյուրանոց են հրավիրում բարեգործական կազմակերպությունների շահառու երեխաներին զարդարելու Արմենիա Մարիոթի նախասրահի տոնածառը:
«Այսպիսով հյուրանոցը ևս մեկ քայլ է կատարում համայնքներին ծառայելու և որևէ կերպ փոքրիկներին տոն պարգևելու համար»,- ասաց Մ. Օհանյանը` հավելելով, որ հյուրանոցի հյուրերին հատկապես ուրախացնում է երեխաների ձեռքերով զարդարված տոնածառը:
Արմենիա Մարիոթի ներկայացուցչի խոսքերով` «Օրրան»-ի հետ սա միակ նախաձեռնությունը չէ. «Հոկտեմբեր ամիսը հայտարարվում է` որպես «Օրրան»-ի ամիս, այդ ընթացքում «Օրրան»-ի երեխաները ներկայացնում են իրենց ձեռագործ աշխատանքները, նկարները, քանդակները, որոնք գնահատում են հյուրանոցի հյուրերը և գնում դրանք»:
«Օրրան» բարեգործական հասարակական կազմակերպության հիմնադիր Արմինե Հովհաննիսյանի փոխանցմամբ` այսօրվանից սկսված «Օրրանի» շահառու փոքրիկների համար սկսվում են ամանորյա տարբեր միջոցառումները և շարունակվելու են մինչև Նոր տարի:
Նրա տեղեկացմամբ` այս տարի «One Armenia» ընկերությունը «Օրրան»-ի փոքրիկների համար պատրաստել է ժամանակակից և օրիգինալ նվեր` պլանշետ:
Ա. Հովհաննիսյանի խոսքերով` «Օրրան»-ի յուրաքանչյուր երեխա ստանալով պլանշետ, հնարավորություն կունենա ստանալ նոր գիտելիքներ, պատրաստել դասերը կամ պարզապես զվարճանալ: