Հանրաքվեյի գործընթացը պառակտել է իշխանական և ընդդիմադիր ուժերին. Ահարոն Ադիբեկյան (տեսանյութ)


Հանրաքվեյի գործընթացը պառակտել է իշխանական և ընդդիմադիր ուժերին. Ահարոն Ադիբեկյան (տեսանյութ)

  • 02-12-2015 18:34:14   | Հայաստան  |  Քաղաքական



Հանրաքվեի գործընթացը զուտ քաղաքական ընտրություն չէ. Այստեղ պայքարը ոչ թե ընդդիմության և իշխանության մեջ է, այլ յուրաքանչյուրը փորձում է հասկանալ, թե անձնապես ինչ օգուտ կունենա Սահմանադրության փոփոխությունից: Այս մասին դեկտեմբերի 2-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց «Սոցիոմետր» անկախ սոցիոլոգիական կենտրոնի տնօրեն, սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը` ընդգծելով, որ ընտրողներին ապակողմնորոշող հիմնական գործոնը գաղափարախոսության բացակայությունն է:
 
Ըստ նրա` հենց գաղափարախոսության բացակայության պատճառով է, որ պառակտված են ինչպես իշխանական, այնպես էլ ընդդիմադիր քաղաքական ուժերը:
«Ըստ հարցումների` Հանրապետության ակտիվ ընտրողների 30 տոկոսը գաղափար չունի սահմանադրական փոփոխությունների մասին, մարզերում այս թիվը մեծանում է` հասնելով 40 տոկոսի. Ստացվում է, որ ամեն 3-րդ անտեղյակը մասնակցելու է հանրաքվեին և քվեարկելու է «Այո» կամ «Ոչ»»,- ասաց Ա. Ադիբեկյանը` հավելելով, որ դա տգիտության արդյունք չէ, այլ պետք է հասկանալ դրդապատճառը:
Նրա համոզմամբ` անգամ Հանրապետական կուսակցության անդամների 25 տոկոսը դեմ է քվեարկելու, քանի որ խորհրդարանական կառավարման անցնելու դեպքում նրանք  վստահ չեն, որ կմնան իրենց պաշտոններին:
Ա. Ադիբեկյանի խոսքերով` հանրությունը հարցնում է, թե ուր ենք գնում, ինչ պետություն ենք ստեղծում, հայն ինչպիսին պետք է լինի վաղը, մինչդեռ քաղաքական ուժերը` իշխող, թե ընդդիմադիր, չունեն մշակված ստրատեգիական նպատակներ, որպեսզի պատասխանեն հանրությանը հուզող վերոնշյալ հարցերին:
Փիլիսոփայական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վիլլ Պողոսյանի խոսքերով` ԽՍՀՄ-ի փլուզումից հետո ոչ մի գաղափարախոսություն չկա ինչպես Ռուսաստանում, այնպես էլ Հայաստանում:
Նրա կարծիքով, եթե չկա գաղափարախոսություն, ապա իշխող են դառնում մարդկանց անհատական վատ նախապաշարմունքները: 
«Այս իշխանությունների համար հանրաքվեն ընդամենը միջոց է ցույց տալու, որ ժողովուրդն «Այո» ասելով հաստատում է իրենց լեգիտիմությունը և իրավասություն է տալիս շարունակելու կառավարումը»,- ընդգծեց Վ. Պողոսյանը:
Վերջինս ներկայիս իշխանությունների գործունեությունն առավել դիպուկ ներկայացնելու համար մեջբերեց գերամանացի ռասայագետ Ֆելիքս Ֆոն Լուշանի դեռ 1921 թվականին  հայերի մասին հնչեցրած տեսակետը` «Քաղաքական հարաբերություններում երբևէ չի եղել այնպիսի հիմար ազգ, ինչպիսին հայերն են, ովքեր  ընդունակ չլինելով կառավարել սեփական պետությունը, դա թույլ չեն տվել նաև անելու ուրիշներին»:
 
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան» 

 

Նոյյան տապան  -   Քաղաքական