Արտաշատի խճուղու վերակառուցումն ընթանում է սահմանված ժամանակացույցով


Արտաշատի խճուղու վերակառուցումն ընթանում է սահմանված ժամանակացույցով

  • 03-12-2015 17:58:48   | Արարատի մարզ  |  Տնտեսություն

Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի շրջանակում Երևանի քաղաքապետարանի և Ասիական զարգացման բանկի միջև առկա համագործակցությամբ այս տարի մեկնարկեցին Արտաշատի խճուղու վերակառուցման և Շիրակի փողոցի երկարացման աշխատանքները: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ շինարարության ամբողջ ընթացքը գտնվում է պատասխանատուների ամենօրյա խիստ հսկողության ներքո:
 
Շինարարության մեկնարկից մինչև օրս Արտաշատի խճուղում կատարված աշխատանքներին տեղում ծանոթացել է Երևանի քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը: Անցնելով ճանապարհի ամբողջ երկայնքով` քաղաքապետի տեղակալն իր դիտարկումներն ու դիտողություններն է ներկայացրել պատասխանատուներին՝ հանձնարարելով առաջնահերթ ուշադրության կենտրոնում պահել աշխատանքների որակի ապահովումը: 
«Այս ճանապարհի կառուցմամբ Երևանի քաղաքապետարանը նախաձեռնեց մայրաքաղաքը շրջանցող ընդհանուր այն մեծ ճանապարհային ծրագիրը, որը Երևանի գլխավոր հատակագծով նախատեսված է եղել դեռևս տասնամյակներ առաջ: Մայրաքաղաքի հարավային մուտքն ապահովող Արտաշատի խճուղին կլինի անընդհատ երթևեկությամբ, միջազգային չափանիշներով ավտոճանապարհ: Շինարարության ընթացքում հաշվի ենք առել նաև հարակից տների բնակիչների առաջարկները՝ զուգահեռ սպասարկող ճանապարհի և մայթերի ձևավորման հետ կապված»,- նկատել է Վահե Նիկոյանը՝ ընդգծելով նաև, որ աշխատանքների ընթացքում շինարարների կողմից արվել է հնարավորը՝ անհարմարությունները նվազեցնելու ուղղությամբ: 
Ծրագրի արդյունքում կկառուցվեն 2 թունելային ուղեանցեր՝ երկաթուղու և Նորագավիթ 1-ին փողոցի երթևեկությունն ապահովելու համար, ինչպես նաև 270 մ երկարությամբ և մոտ 9 մ բարձրությամբ էստակադա՝ Արտաշատի խճուղու երկաթուղային գծանցի վրայով։ Ճանապարհը հագեցած կլինի ժամանակակից լուսավորությամբ: Կկառուցվի նաև վերգետնյա անցում, որն ապահովված կլինի հենաշարժողական խնդիրներ ունեցող անձանց համար հարմարեցված վերելակներով, ինչն իր տեսակի մեջ առաջինն է լինելու մայրաքաղաքում: Ճանապարհի վերակառուցումն ընթանում է սահմանված ժամանակացույցով: Այստեղ աշխատանքները կշարունակվեն արդեն հաջորդ տարի, իսկ ավտոճանապարհը շահագործման կհանձնվի 2016 թվականի երկրորդ կեսին: 
«Մեր ծրագրերն այսքանով չեն սահմանափակվում: Առաջիկայում նախատեսում ենք մայրաքաղաքի կենտրոնը շրջանցող մեկ միասնական շրջանցիկ ճանապարհ ունենալ, որը Շիրակի փողոցի Կարմիր բլուրին հարող հատվածից Հրազդան գետի վրա կառուցվող նոր կամրջով, Արգավանդի խճուղով, Բաբաջանյան և Տիչինայի փողոցներով կհասնի մինչև Աշտարակի խճուղի և Դավթաշեն»,- ընդգծել է քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը: 
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Տնտեսություն