Լույս է տեսել գիրք՝ Սահմանադրության փոփոխությունների մասին
04-12-2015 16:56:36 | Հայաստան | Նոր գրքեր
Լույս է տեսել Կարեն Վարդանյանի «Սահմանադրության փոփոխություններ. Ռիսկեր և վտանգներ» աշխատությունը, որում հեղինակը փորձ է արել վերհանել առաջարկվող և 2015թ. դեկտեմբերի 6-ին կայանալիք հանրաքվեին դրված Սահմանադրության փոփոխությունների նախագծի ռիկերն ու վտանգները, թերությունները, նախագծի ընդունման և չընդունման դեպքում հնարավոր իրավական զարգացումները։
Գրքի՝ թեմատիկ սկզբունքով խմբավորված 11 գլուխներում կատարվել է նախագծի հնարավորինս խորքային վերլուծություն՝ նպատակ ունենալով անդրադառնալ նախագծի բովանդակությանը և վերլուծել այն օբյեկտիվ դիրքերից՝ զերծ մնալով տարատեսակ շահարկումներից։ Անդրադարձ է կատարվել մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության, սոցիալական իրավունքների իրացման մեխանիզմների, բնապահպանության և ընդերքի, ժողովրդի կողմից իշխանության իրականացման խնդիրներին։ Առանձին տեղ է հատկացված նախագծի առանցքը հանդիսացող պետական կառավարման և դատական իշխանության համակարգերում կատարված փոփողությունների վերլուծությանը։ Գիրքը նախատեսված է ինչպես հասարակական, քաղաքական գործիչների, վերլուծաբանների, լրագրողների, գիտնականների, այնպես էլ ընթերցողների լայն շրջանակի համար։