Զբոսաշրջիկների համար նախատեսված տիեզերանավը կփորձարկվի 2016-ին


Զբոսաշրջիկների համար նախատեսված տիեզերանավը կփորձարկվի 2016-ին

  • 08-12-2015 18:17:40   | ԱՄՆ  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ

Ամերիկյան XCOR ընկերությունը մտադիր է 2016 թվականին  փորձարկել նոր Lynx տիեզերանավը, որը հետագայում կօգտագործվի տիեզերք զբոսաշրջիկների տեղափոխության համար: 
Ինչպես տեղեկացնում է Interfax.ru-ն` վկայակոչելով Aviation Week-ին, կոնկրետ ժամկետներ դեռևս նշված չեն, սակայն Lynx-ի ամառային փորձարկումները նախատեսվում է սկսել գալիք տարվա երկրորդ կիսամյակում: 
 
Տիեզերանավի փորձարկումները կանցկացվեն Մոհավե անապատում պատրաստված հատուկ  թռիչքուղու վրա: Ամառային փորձարկումների կենթարկվի տիեզերանավի երեք տարբերակներից առաջինը` Lynx Mk.1-ը:
Փորձնական թռիչքների ընթացքում սարքն աստիճանաբար կբարձրանա մինչև  60,9 հազար մետր: Փորձարկումների ավարտից հետո Lynx Mk.1-ը կօգտագործվի օդաչուների պատրաստման համար: 
Ավելի ուշ, XCOR-ը կանցկացնի զբոսաշրջային տիեզերանավի երկրորդ տարբերակի` Lynx Mk.2-ի, փորձարկումները: Այն նախատեսվում է ստեղծել Քենեդիի Տիեզերական կենտրոնում Space Florida ընկերության հետ համատեղ:  Այդ սարքը կկարողանա բարձրանալ մինչև 100 հազար մետր: 
Lynx Mk.1 և  Mk.2-ը հագեցած կլինեն XR-5K18 հրթիռային շարժիչներով: Որպես վառելիք օգտագործվելու է  կերոսին և հեղուկ թթվածին: 
XCOR-ը նաև մտադիր է ստեղծել տիեզերանավի երրորդ տարբերակը` Lynx Mk.3-ը: 
Բացի զբոսաշրջիկների տեղափոխությունից, այն կկարողանա ուղեծիր դուրս բերել փոքրիկ արբանյակների, որոնք կամրացվեն տիեզերանավի քթային հատվածում:
Ենթադրվում է, որ տիեզերանավի բոլոր երեք տարբերակները թռիչքներ և վայրէջքներ կկատարեն Երկրի վրա տեղակայված օդանավակայանում:  
 
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ